Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՏ ՀԱՅԿՈՅԻ «ՔՈՒԱՆՇԸ»

Սեպտեմբեր 26,2009 00:00

Թողարկվել է ՀՏ Հայկոյի նոր՝ 20 երգից կազմված «Քուանշ» կոչվող ձայնասկավառակը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ Կամերային թատրոնում: Սա նրա երկրորդ անհատական ձայնասկավառակն է: Քուանշը բլոտ խաղի տերմին է, նշանակում է՝ չեմ հավատում: «Սկավառակը երեք մասից է կազմված, ամեն հատորի մեջ օգտագործվել է որոշակի թեմա՝ քաղաքականությունից մինչեւ մարդկանց մտածելակերպը: Շատ բաների չեմ հավատում, արտահայտում եմ անհավատությունս, հավատում եմ ինձ, իմ ներքին ձայնին ու Աստծուն: Ասելիքը շատ է, երգում եմ իմ անձնականի ու այսօրվա երիտասարդության պրոբլեմներից»,- «Առավոտին» ասաց երգիչը: Նա նշեց նաեւ, որ համեմատած նախորդ ալբոմի հետ, նորը ավելի «բողոքական» բնույթ է կրում, ավելի սկանդալային է: Ձայնասկավառակը թողարկվել է 2 տարբերակով՝ «մաքուր» եւ «կեղտոտ», երկուսն էլ կա վաճառքում, բայց մեր զրուցակիցը նշեց, որ շուկայում կլինի հիմնականում «մաքուր» տարբերակը: «16 տարեկանից բարձր տարիք ունեցողները կարող են ձեռք բերել նաեւ «կեղտոտ» տարբերակը, սակայն ոչ մեկը չի ստիպում դա լսել: Կան շատ գռեհիկ արտահայտություններ, հայհոյանքներ, բայց ոչ մի բան անտեղի չէ: Հեռուստատեսությամբ այդ տարբերակը չի լինի, ես չեմ նկարահանում տեսահոլովակ, որտեղ կա հայհոյանք, եթե լինում է՝ փակվում է»,- վստահեցրեց նա: Հարցրինք՝ ինչո՞ւ է հայհոյանքով արտահայտում իր ասելիքը: Հայկոն այսպես պատասխանեց. «Հայհոյանքը ռեպի անբաժանելի մասնիկն է, իմ ոճը լրիվ խոսակցական է, իսկ մեր խոսակցական լեզվի մեջ կա նաեւ հայհոյանք, եթե ես երգում եմ կոնկրետ թեմայի մասին ու ջղայնացած, ներվայնացած եմ, չեմ կարող առանց հայհոյանքի արտահայտվել»: ՀՏ Հայկոյի տեսահոլովակներում նկարահանված 21-ամյա Վարդիկն էլ ավելացրեց. «Ե՛վ մարդկային առումով, ե՛ւ որպես երգիչ շատ սիրում եմ Հայկոյին: Եթե երգը ասելիք ունի եւ մակարդակով է, ուրեմն ամեն ինչ նորմալ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել