Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լրագրողներին՝ ԶԼՄ-ների ղեկավարներն են փչացնում»

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Հայտարարում է «Հետք» էլեկտրոնային եւ տպագիր պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը

Էլեկտրոնային ամենօրյա պարբերականից բացի, այսուհետեւ «Հետքը» կունենա նաեւ տպագիր տարբերակ՝ շաբաթաթերթի ձեւաչափով: Այս մասին «Հայելի» ակումբում երեկ լրագրողներին տեղեկացրեց «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նրա հավաստմամբ, տպագիրն ու էլեկտրոնայինը տարբեր են լինելու. «Նյութեր կան, որ էլեկտրոնային տարբերակում տեղադրվելու են, իսկ տպագիրում՝ ոչ: Այս հարցերը դեռ վերջնականապես չենք կարգավորել, բայց նախատեսում ենք տպագիրի նյութերը տեղադրել էլեկտրոնային տարբերակում՝ տպագրումից առնվազն մեկ շաբաթ անց»: Պարոն Բաղդասարյանը խոստովանեց՝ թեեւ տպագիր մամուլ ունենալը եւ ղեկավարելը դժվար է, բայց շաբաթաթերթը ստեղծելիս հաշվի են առել ինտերնետի՝ ոչ բոլորին հասանելի լինելու փաստը. «Մեզ մարզերում շատ են կարդում ու հեռավոր ընթերցողների համար ենք շաբաթաթերթ հրատարակելու, այն ընթերցողների, ովքեր ինտերնետ չունեն: Պետք է նշեմ, որ նրանց թիվը մի քանի անգամ ավելի է ինտերնետ ունեցողներից»: Պարոն Բաղդասարյանն ասաց նաեւ, որ «Հետքի» նպատակներն ու աշխատաոճի գերխնդիրը փոփոխություն չի կրելու. «Գրել ամեն ինչի մասին, գրել լավ ու ստուգված հոդվածներ, չհայհոյել ու լինել պատասխանատու, նաեւ կարեւոր է հրապարակումներից արձագանքներ ստանալ՝ հատկապես ընթերցողներից: Մեր նպատակն է՝ ստիպել պետական մարմիններին մեր բարձրացրած հարցերին արձագանքեն ու լուծումներ տան»: Է. Բաղդասարյանը դժգոհեց լրագրության դաշտում տեղեկատվություն ձեռք բերելու գործընթացից. «Որ ասում են այս կառույցը մյուսից ավելի «բաց» է ինֆորմացիա տրամադրելու գործում, դրանք հեքիաթներ են: Մեր հարցերի պատասխանները միշտ վախենում են տրամադրել, որովհետեւ գիտեն դրա հետեւանքները: Իրականում բոլոր կառույցները «փակ» են…»:

Լրագրության դաշտում «Հետքը» մնացած բոլոր լրատվամիջոցներին մրցակից է համարում՝ փաստելով, որ մրցակցությունից չի վախենում. «Ինտերնետում մեզ պես լրատվություն տվող կա, բայց ինչպես ես եմ նկատում՝ մեր նման հոդվածներ գրող չկա: Դժբախտաբար, հասարակությունը քաղաքականացված է, ու ամենաշատ ընթերցվող նյութերը քաղաքական եւ սկանդալային նյութերն են, մենք այդ նյութերին մեծ տեղ չենք տալիս, ինձ համար որեւէ պատգամավորի կարծիք ավելի կարեւոր չէ Ճամբարակում բնակվող մարդու կարծիքից»:

Պարոն Բաղդասարյանը, անդրադառնալով ժուռնալիստիկայի ներկայիս ոլորտին, ասաց, որ, ի տարբերություն արտասահմանի՝ հայկական մամուլի լրագրողներն ավելի ճկուն միտք ունեն ու պրոֆեսիոնալ լրագրողներ են. «Մեր լրագրողներին լրատվամիջոցների ղեկավարներն են փչացնում՝ իրենց ոչ ճիշտ, ոչ պրոֆեսիոնալ հանձնարարություններով: Նրանք լրագրողներին լավ հոդվածներ գրելու հնարավորություն չեն տալիս»: Պարոն Բաղդասարյանի խոսքով, նույն համեմատությունը չի կարելի անել արտասահմանյան ու հայկական հեռուստալրագրության առումով: Նրա համոզմամբ, Հայաստանում նման որակի հեռուստատեսություն ունենալը իսկական ողբերգություն է. «Որ երկիրն այս վիճակում է, իրենք են մեղավոր, իրենք ամեն ինչ փչացրին: Խոսքը վերաբերում է հատկապես Հանրային հեռուստաընկերությանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել