Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԳԴԱՆ, ԵԼԵՆԱՆ ԵՎ «ԱԼՄԱՍՏԸ»

Սեպտեմբեր 26,2009 00:00

Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը ավելի արժեւորված է «դրսում»

Մարդկային անտարբերություն ասենք, թե անշրջահայացություն, որ մեծանուն Պավարոտիի, Մերիջոյի, Վիշնեւսկայայի մոտ կատարելագործված՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա Մկրտչյանը վերջին տարիներին Հայաստանում մատնված է ստեղծագործական պարապուրդի: Փոխարենը բուռն ստեղծագործական երկունք է ապրում՝ բեմ բարձրանալով Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում եւ այլուր: Մ. Մկրտչյանի հետ հանդիպման առիթը օրերս «Կուլտուրա» հեռուստաալիքով սփռված մեծանուն երգչուհի Ելենա Օբրազցովայի հոբելյանին նվիրված ճոխ համերգն էր, որտեղ օպերային արվեստի աշխարհահռչակ մեծերի՝ Թերեզա Բերգանսայի, Անդրեա Կորոնելլայի, Բրունո Պրատիկոյի եւ ալյոց կողքին հանդիպեցինք նաեւ մեր օպերային թատրոնի մեներգչուհուն: Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան համերգասրահում կայացած երեկոյին վոկալիստները հանդես էին գալիս սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, որը ղեկավարում էր Ջուզեպե Սաբատինին: «Առավոտի» հետ զրույցի ընթացքում Մագդա Մկրտչյանը նշեց, որ երեկոյի հրավեր մասնակիցները ստացել էին անձամբ Օբրազցովայից եւ ԱՊՀ-ից այդ պատվին արժանացել էին միայն ինքը եւ ադրբեջանցի երգչուհի Դինարա Ալիեւան:

Օբրազցովայի մեծարման երեկոյից հետո «Կոմերսանտը», (01.09.2009թ.) առանձնացնելով հայ երգչուհու եւ Էնդրյու Գուդվինի ելույթները, գրել է. «Նրանց երգեցողության կերպը եվրոպական օպերային թատրոններում նորմ է դարձել, ինչը չես կարող ասել Ռուսաստանի մասին, որտեղ շարունակում են սիրել լավ «դրված» ձայները՝ խորը վիբրատոյով»:

Մագդան պատմեց, որ ժամանակին իր հանդիպումը «օպերային դիվայի» հետ կայացել է Երեւանի Սուրբ Կաթողիկե եկեղեցում: «Հենց սրբավայրում էլ տիկին Օբրազցովայի համար կատարեցի Նարեկացու «Հավուն-հավունը», իսկ երբ մեր օպերային թատրոնում նա ունկնդրում անցկացրեց, որտեղ ներկայացրի Տոսկայի արիան, ինձ համար անսպասելի նա ասաց՝ վերջ, հրավիրում եմ քեզ իմ հոբելյանական երեկոյին…»:

Հավելենք, որ Մ. Մկրտչյանը Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի է շուրջ 10 տարի, հանդես է եկել Լեոնորայի դերերգով՝ Վերդիի «Տրուբադուրում», Նորմայով՝ Բելինիի համանուն օպերայում եւ Մոցարտի «Դոն Ժուանում», որտեղ մարմնավորել է Դոնա Աննայի կերպարը:

Զրույցից պարզեցինք, որ վերջին երեք տարիների ընթացքում երգչուհին մեր օպերային թատրոնի բեմ է բարձրացել երկու անգամ՝ 2007թ. «Նորմա» օպերայում եւ այս տարվա ամռանը՝ «Դոն Ժուանում»: Դիտարկմանը, թե վերջերս բեմադրված Ալ. Սպենդիարյանի «Ալմաստում» գլխավոր հերոսուհու դերերգը հենց իր ձայնի՝ դրամատիկ սոպրանոյի համար էր, ինչո՞ւ իրեն էլ չեն հանձնարարել այս պարտիան, Մ. Մկրտչյանը հայտնեց հետեւյալը. «Խնդրեցի «Ալմաստի» բեմադրիչ դիրիժոր Յուրի Դավթյանին՝ ինձ լսել, մանավանդ որ, այո, Ալմաստը հենց դրամատիկ սոպրանո է պահանջում: Եվ ստացա տարօրինակ պատասխան՝ Սպենդիարյանը ղալաթ ա արել, որ դրամատիկի համար ա գրել…»: Մեր հետաքրքրությանն ի պատասխան, «օպերային արվեստի հանրագիտարան» համարվող Յու. Դավթյանն ասաց. «Մագդայի վոկալ տվյալների ու հնարավորությունների մասին միայն հիացմունքով կարող եմ խոսել…,- եւ առանց մանրամասնելու հավելեց,- Ալմաստը, բացի վոկալից, այլ բաներ էլ է պահանջում»:

Մ. Մկրտչյանն արդեն ունեցել է եւ առաջիկայում պատրաստվում է կրկին հանդես գալ մենահամերգով՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին: Նա իր գործընկերուհիներ Մարինա Դեինյանի, Նունե Բադալյանի հետ առաջիկայում կիրականացնի նաեւ «Երեւան-Կիեւ տրանզիտ» համերգային ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել