Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Սեպտեմբեր 26,2009 00:00

Նուբարաշենի քաղաքային այգու տաղավարներում աշխուժություն էր տիրում: Շուրջ քսան հոգի՝ միջինից բարձր ու տարեց մարդիկ, այստեղ նարդի, շախմատ ու խաղաքարտ էին խաղում: Լուրջ խնդիր էր. ինչպե՞ս սկսել զրույցը, մանավանդ որ՝ մարդիկ ժամանցի համար են եկել այստեղ: Ու նրանք կուզե՞ն զրուցել, պատասխանել իմ հարցերին ընկերների ներկայությամբ: Նստեցի: Ոչ մի ուշադրություն իմ կողմը:

– Ներողություն եմ խնդրում, -ասացի,- ես ռեպորտաժների շարք եմ գրում Նուբարաշենի մասին: Արդեն հանդիպել եմ տասնյակ ընտանիքներում: Մտածեցի՝ ձեզ հետ էլ զրուցեմ: Հավանաբար, բան կունենաք ասելու, պատմելու:

– Ի՞նչ պատմենք, -ասաց մետաղյա սյանը հենված տարեց մի մարդ, -ժողովուրդը հիպնոսացված է: Ջահելները Նուբարաշենից գնացել են: Հասակ առած մարդիկ ենք, իսկ գերեզմանն էլ փող արժե: Պարգեւի բրիգադ կար, գալիս քանդում էր մեր շինածը: Իսկ հիմա ինչո՞ւ են քանդում:

– Կխնդրեի գաք մոտ նստեք, -դիմեցի ես:

Դժկամությամբ տեղ գրավեց կողքիս:

– Բնիկ որտեղի՞ց եք:

– Եղեգնաձորի Ռինդ գյուղից:

– Հրաշալի գյուղ է Ռինդը: Բնակիչները մեծ հողակտորներ են մաքրել քարերից, յուրացրել, այգիների վերածել, բերք ու բարիքով լցրել գյուղը:

– Է՜, ասում ես, մահապուրծ մի կերպ փախանք գյուղից…

– Ասում եք՝ լավ չենք ապրում,- ասացի ես, փորձելով կատակի միջոցով զրույցի ներքաշել,- ահա նայում եմ՝ նարդի են խաղում, խաղաքարերով իրար դեմ փակում են, իրար խանգարում, նեղում: Ու այս ձեւի խաղն ենք սիրում: Կյանքում էլ ենք նույն կերպ իրար նեղություն պատճառում:

– Իշխանություններն են նեղություն պատճառում մարդկանց:

– Իշխանության մարդիկ էլ են մերը, մեր զավակները…, մենք պատասխանատու ենք նրանց վարքագծի համար, քանի որ մե՛ր իշխանություններն են:

Մի նիհար տարեց մարդ անընդհատ ինձ համոզում էր, որ Լեւոնի նախագահության ժամանակներից սկսած անում են ոչ այն՝ ինչ հարկավոր է: Ու նրան թվում է, թե ոչինչ չեմ ընկալում, անընդհատ կրկնում էր նույնը:

Երկուսուկես հեկտարանոց այգու կեսը չի ոռոգվում, ուստի եւ չորանում է: Այստեղ էր ողջ թաղամասի միակ սրճարանը, որի հիմնական դերը ընտրություններից առաջ որպես նախընտրական շտաբ ծառայելն էր: Երիտասարդությունը հանդիպելու, նստելու տեղ չունի: Ու հինգհարկանի բնակելի շինությունների մուտքերի մոտ հաճախակի կարելի է հանդիպել պպզած զրուցող տղաների:

Այգու դիմաց մի եռահարկ նորակառույց շենք էր հպարտորեն տեղ գրավել հրապարակում: Կարդացի մուտքի երկու կողմերի ցուցանակների «Նուբարաշենի թաղային համայնքի մարզամշակութային կենտրոն» եւ «Շենքը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով» գրությունները: Դռները փակ էին: Անցա շենքի հակառակ կողմը, գտա պահակին՝ Միսակ Տոնյանին, որն էլ սիրով բացեց դռները, ցույց տվեց մարզասրահն ու արդեն կահավորված 120 տեղով հանդիսությունների դահլիճը:

– Դեռ լրիվ կահավորված չի, սակայն արդեն գործում է կարատեի խումբը,- ասաց Միսակը,- սեպտեմբերից շենքը ամբողջությամբ կգործի: Մեր երեխաները որեւէ խմբակում պարապելու համար ստիպված են լինում քաղաք գնալ, շատերն էլ, հեռու լինելու պատճառով, չեն գնում: Հիմա մենք մեր սեփական մարզամշակութային կենտրոնն ունենք:

– Դուք ինչպե՞ս եք ապրում:

– Ընդհանրապես, դժվար է: Նուբարաշենի բնակիչների 90%-ը քաղաքում է որեւէ բան հայթայթում:

– Քանի՞ հոգի եք ընտանիքում:

– Չորս հոգի: Տղաս Մատաղիսում է ծառայել ու վերադարձել: Գործ չեմ ճարում: Սպորտսմեն էր: Հազար մետր էր վազում: Լավ էլ արդյունքի էր հասել: Սակայն բաց թողեց ու ետ ընկավ:

Մարզամշակութային կենտրոնի մոտ կրկին հանդիպեցի նիհարավուն տարեց մարդուն:

– Ի՞նչ թերթեր են ձեռքիդ, -դիմեցի ես:

– «02» եւ «Հայք»: Կարող եմ սոված մնալ, բայց թերթի համար չեմ խնայի: Ամսական 20 հազար դրամ թոշակ եմ ստանում եւ ուրիշ ոչինչ: Հողամաս էլ չունեմ: Հիսուն տարի աշխատել եմ:

– Հիսուն տարվա եթե ստաժ ձեւակերպես, երեւի երեսունհինգի կհասցնես թոշակդ:

– Գիտես հե՞շտ է տարիները հավաքելը: Մինչեւ մի տեղեկանք ես պոկում…

– Բնիկ որտեղի՞ց ես:

– Կներես, չծանոթացանք: Աշոտ Պողոսյան: Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղից: Խնդրեմ, գնանք տուն, մի բաժակ օղի հյուրասիրեմ:

– Շնորհակալություն, Աշոտ, ես ընդհանրապես չեմ խմում:

– Ուրեմն ես քեզ ավելի եմ հարգում:

Հրապարակին կից մթերային խանութ մտա: Այն չես համեմատի Սարգիս Զանիկյանի խանութի հետ: Դարակները լիքն էին: Դուրս եկա խանութից: Կողքի շենքի պատին հնուց մնացել էր մեծատառ «Արդյունաբերական ապրանքներ» ցուցանակը, որի մի տառը բացակայում էր: Քիչ ցած, պատուհանին գրված էր՝ «Դեղատուն»:

Վաղուց գիտեի, որ Նուբարաշենի N18 հատուկ գիշերօթիկ ու N11 հատուկ (օժանդակ) երկու դպրոցներն իրար հարեւանությամբ են գտնվում: Արբանյակից արված լուսանկարներում նույնատիպ շինություններ են: N18 դպրոցի տանիքը կարմիր գույնի է, իսկ N11-ինը՝ երկնագույն: Ըստ երեւույթին, այն նոր են նորոգել:

Առաջինում դժվար երեխաների դաստիարակության դպրոցն է: Պահակը՝ Ասլիբեկ Գեւորգյանն ասաց, որ դպրոցի տնօրենը տեղում չի, ու խստիվ արգելել է առանց իր թույլտվության կողմնակի մարդկանց մուտքը դպրոցի տարածք: Ես հեշտությամբ համակերպվեցի, բայց ինձ հետաքրքրեց դպրոցի պահակը:

– Թումանյանի շրջանի Մարց գյուղից եմ: Ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտի քիմիակենսաբանական ֆակուլտետը, ապա եւ Ֆիզկուլտինստիտուտը: Երկար տարիներ մեր գյուղի դպրոցի տնօրենն եմ եղել, այնուհետեւ՝ Դսեղ գյուղի դպրոցի ուսմասվարը: Երեւանում կերերի գործարանի լաբորատորիայի վարիչ եմ աշխատել:

– Բայց ինչպես է, որ այս դպրոցում դասավանդելու հնարավորություն չունես:

– Դե, ես ի՞նչ ասեմ, -խեղճացած ասաց Ասլիբեկը, -իմիջիայլոց, Հրանտ Մաթեւոսյանի մոտ ընկերն եմ եղել:

Պայմանավորվեցինք, որ հաջորդ անգամ առավոտյան կրկին դպրոց կայցելեմ:

Հարեւան N 11 հատուկ (օժանդակ) դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը տեղում էր: Սակայն երեխաների համար հանգստյան ժամ էր, ու հանդիպել նրանց հետ չէի կարող: Տնօրենը նախ ցույց տվեց կարի արհեստանոցը, որտեղ աղջիկները կարել են սովորում: Ապա եւ ցույց տվեց նրանց ասեղնագործական, գորգագործական աշխատանքները: Սրտաձեւ բարձերի երեսներին հիմնականում զույգ թռչունների մոտիվն է պատկերված, որին մենք հանդիպում ենք միջնադարյան մանրանկարչությունում: Հետաքրքիր է գույների ներդաշնակ համադրությունը: Մերուժան Ենգիբարյանը պատմեց միձեռքանի Գայանեի մասին: Ցույց տվեց նրա ասեղնագործ աշխատանքները, որոնք իրենց որակով ու ճաշակով, վարպետությամբ անգերազանցելի են մնում: Տղաները սովորում են կոշկակարություն, փայտամշակում: Դպրոցի նպատակն է մտավոր հետամնաց երեխաներին հնարավորին չափ պատրաստել ինտեգրվելու հասարակության մեջ, որպեսզի նրանք իրենց մեկուսացված չզգան հասարակությունից:

Դպրոցի 100 սաները, որոնք բաժանված են թույլ մտավոր հետամնաց եւ խորը հետամնաց խմբերի, 9-ամյա կրթության ընթացքում անցնում են հայոց լեզու, մաթեմատիկա, պատմություն եւ աշխարհագրություն: Քանի որ նրանց համար հատուկ գրականություն չկա, ապա որպես դասագիրք են օգտագործում 5-6-րդ դասարանների դասագրքերի թեթեւացված տարբերակը: Տնօրենը ցույց տվեց դահլիճը, որը վերանորոգվել էր 2005թ. Շվեդիայի հայկական համայնքի «Արարատ» միության միջոցներով: Այստեղ երեխաների համար ներկայացումներ են կազմակերպում, անցկացնում երաժշտության դասեր: Դպրոցին հաճախ է զանազան հարցերում օգնության ձեռք մեկնում ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայությունների ընկերությունը»:

Երբեմն որոշ մարդիկ ցանկություն են հայտնում որեւէ առիթով մատաղը բաժանել երեխաներին: Դպրոցի տնօրինությունը, պահպանելով ժողովրդական այդ հին սովորությունը, չի առարկում, ու մատաղ անողները դպրոցի սաների հետ սեղան են նստում:

Լուրջ դժվարություններ կան այգու ոռոգման խնդրում: Ծառերը չորանում են: Տնտեսական գծով տնօրենի տեղակալ Մարատ Մովսիսյանը ցույց տվեց բանջարանոցի առատ բերքը, հավաստելով, որ ջուր լինելու դեպքում կվերականգնվի այգին:

Ես տնօրենի հետ դիտավորյալ չխոսեցի դպրոցի մասին վերջին հրապարակումների, դատավարության մասին: Դա դպրոցի կոլեկտիվի ու նաեւ նրա սաների համար խիստ ցավոտ հարց է, ու կրկին ձեռք տալ վերքին, չցանկացա:

Ես կրկին Նուբարաշենի վարչակազմ մտա՝ ղեկավարին հանդիպելու հույսով: Որոշել էի հանդիպել ու զրուցել իմ ճամփորդության ընթացքում հանդիպած թաղերի վարչակազմերի ղեկավարների հետ: Բայց կարծես թե աշխատողները ինձնից խնամքով թաքցնում են իրենց ղեկավարին: Վարսենիկից տեղեկացա, որ Նուբարաշենն ունի 10 200 բնակիչ: «Փարոսի» օգնությունից օգտվում է 350 ընտանիք: Շատ ընտանիքներ չեն կարողանում հասնել «Փարոսին», քանի որ հաճախ անհնար է լինում ստանալ համապատասխան տեղեկանքները: Բացի այդ, սոցիալական նպաստների խնդրում մի ահավոր բյուրոկրատական համակարգ է ստեղծվել, որը յուրացնում է հատկացումների մեծ մասը, այդ պատճառով էլ զանազան պատճառաբանությամբ աղքատ ընտանիքներին արհեստականորեն զրկում են նպաստից: Օրինակ, տվյալ գերդաստանում մի քանի ընտանիք է ապրում, քանի որ ընտանիք կազմած տղաները բնակվելու այլ հնարավորություն չունեն: Իսկ «Փարոսում» աղքատության հաշվարկի համար որպես ելակետ են վերցնում ծախսած հոսանքի քանակությունը: Մի ծածկի տակ ապրող երեք ընտանիքների հոսանքի ծախսը գերազանցում է սահմանված չափը: Ուրեմն եւ աղքատության մեջ հայտնված ընտանիքները զրկվում են սահմանված օգնությունից: Շատ դեպքերում աղքատության մեջ հայտնված կանայք «միայնակ մայր» են գրվում, որպեսզի նպաստառու դառնան: Սակայն դա էլ իր խնդիրներն է բերում: Նուբարաշենի բնակիչների միայն 10%-ն է աշխատում քաղաքում: Աշխատունակ մարդկանց մնացած մասը գործազուրկ է, առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանում է երկրից:

Առանձին խնդիր է մնում հանրային տրանսպորտը: Իհարկե, քաղաք աշխատանքի շտապող մարդկանց հաջողվում է մի կերպ տեղ հասնել, բայց միկրոավտոբուսի մեջ կիսախեղդ վիճակում կայարան հասնելով, նա այս նվաստացումից հետո չի էլ ուզում հաջորդ տրանսպորտը խցկվել: Իսկ ետ գնա՞լը: Այն ավելի բարդ խնդիր է: Տրանսպորտի նման աշխատանքը գուցե եւ ձեռնտու է գծի տիրոջը, բազմապիսի հսկողներին, որոնք վառելիքի քիչ ծախսով, մեքենաների նվազագույն թվով առավելագույն շահույթ են ստանում, անշուշտ, մարդկանց նվաստացնելու, նեղություն ու անհարմարություններ պատճառելու գնով: Գուցե եւ քաղաքապետարանում կամ Նուբարաշենի վարչակազմում առարկեն, թե ողջ քաղաքն է այդ վիճակում, ինչո՞ւ պետք է մի տարածք առանձնացվի: Չգիտեմ, երկրի կառավարությունը ի վիճակի՞ է կարգավորելու այս հարցը, քանի որ գծերի տերերը պետական կարեւոր այրեր են, պատգամավորներ, ազդեցիկ հեղինակություններ…, իսկ նրանց անձնական շահը վեր է հասարակականից, պետականից, ազգայինից:

Մնում է հուսալ, որ երկրի ու քաղաքային իշխանությունները աշխատանքի պայմաններ կստեղծեն քաղաքի մաս կազմող այս մոռացված թե արհամարհված կղզիացած բնակավայրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել