Կրթության եւ գիտության նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ ԿԳՆ-ն՝ ՀՀ գրողների միության եւ Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ, կազմակերպում է ասմունքի ամենամյա հանրապետական փառատոն` նվիրված Դանիել Վարուժանի ծննդյան 125- ամյակին: Փառատոնն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (քաղաքային) եւ հանրապետական: Փառատոնի մարզային փուլին կարող են մասնակցել 9-11-րդ դասարանների այն աշակերտները, որոնց կերաշխավորեն դպրոցների հայոց լեզվի եւ գրականության մեթոդմիավորումները: Հանրապետական փուլին կմասնակցեն մարզային (քաղաքային) փուլում հաղթողները: Հանրապետական փուլի մասնակիցների տվյալները մարզային (Երեւանի քաղաքային) կրթության վարչության պետերը ՀՀ ԿԳՆ են ներկայացնում մինչեւ ս/թ հոկտեմբերի 1-ը: Հանրապետական փուլի մասնակիցներն իրենց ընտրությամբ ժյուրիին պետք է ներկայացնեն 1 բանաստեղծություն Դանիել Վարուժանի ստեղծագործություններից, 1-ը` Սիլվա Կապուտիկյանից եւ 1-ը՝ Եղիշե Չարենցից: Կտրվեն 1 առաջին կարգի, 2 երկրորդ կարգի եւ 3 երրորդ կարգի մրցանակներ, կլինեն նաեւ խրախուսական մրցանակներ: