Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երեխային ոսկեզօծ պատեր պետք չեն»

Սեպտեմբեր 26,2009 00:00

Աշոտ Բլեյանի խոսքով՝ մանկապարտեզն ու հանրակրթական դպրոցը պիտի լինեն մինչեւ վերջ ժողովրդավարական:

Թե ինչպես է սմբուկը դառնում պինգվին, երշիկն ու պանիրն էլ՝ բջջային հեռախոս. սեպտեմբերի 15-25-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» հանրապետական պետական ծրագրի շրջանակներում Երեւանի եւ ՀՀ մարզերի նախադպրոցական հաստատությունների 44 դաստիարակներ սովորեցին մանկավարժական նոր՝ այլընտրանքային հմտություններ:

Երեկ կրթահամալիրի «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ գործընթացի ամփոփումն ու վկայագրերի հանձնումը: Վերապատրաստված մասնագետները ներկայացրին իրենց նախագծերը: Արմավիրի մարզից Անահիտ Վարդանյանը, անդրադառնալով նախադպրոցական հաստատություններում երեխաների առողջ ապրելակերպի կազմակերպմանը, նկատեց. «Առավոտյան մարմնամարզությունը չպետք է լինի չորուցամաք, այլ այն պիտի վերածվի բեմականացման: Օրինակ՝ երեխաների ուշադրությունը գրավելու համար մարմնամարզական վարժությունները կարելի է նմանեցնել ցատկող նապաստակի կամ վերընձյուղվող ծառի»: Խոսելով երեխայի անվտանգ սննդի մասին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նկատեց. «Սնունդը եւս պետք է դիտարկել որպես կրթության բաղկացուցիչ: Ավանդական մանկապարտեզում խոհանոցը մի առանձին կառույց է, որտեղ երեխայի համար մուտքն արգելված է: Այնինչ, խոհանոցը պիտի բաց լինի, պիտի ամեն ինչ պատրաստվի նրա աչքի առաջ, որ գործողության մեջ նա էլ սովորի եւ ավելի հաճույքով ուտի»:

«Առավոտի» հետ զրույցում էլ պարոն Բլեյանը նկատեց, որ հանրապետությունով մեկ տեսնում է սովորելու ցանկություն ունեցող դաստիարակներ եւ հավելեց. «Իհարկե, այլանդակություն է, որ նախադպրոցական հաստատությունների մեծ մասը չջեռուցվող է, հիգիենիկ պայմանները լավ վիճակում չեն, բայց սրանում մեղավոր չէ դաստիարակը»: Դրական տեղաշարժերին զուգահեռ, նկատեցինք, որ դեռ կան շատ գյուղեր, որտեղ անգամ մեկ մանկապարտեզ չի գործում: Այս առիթով պարոն Բլեյանն ասաց. «Դրա լուծումը կա, եթե կա ցանկություն, մանավանդ 2010-2014 թվականների վարկային ծրագրով նախատեսված է նաեւ նախադպրոցականի բաղկացուցիչ: Կարող են անել դա հիմնական դպրոցի կազմում, քանի որ ավագ դպրոցն այդ հնարավորությունը տալիս է: Բայց առանց ծնողների եւ գյուղապետերի՝ դա հնարավոր չէ: Մենք ցույց ենք տալիս, որ լավ նախակրթարանը պարտադիր չէ, որ թանկ լինի: Ամառային լողափեր կարող են ունենալ բոլոր մանկապարտեզները: Մյուս կողմից էլ իր գործունեությամբ տարված երեխայի համար գլխավորը ոսկեզօծ պատերը չեն»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են, այսպես ասած, էլիտայի ներկայացուցիչները դեռ շարունակում իրենց երեխաներին տանել էլիտար մանկապարտեզներ, Ա. Բլեյանն այսպես պատասխանեց. «Դա չտեսություն եւ ինքնահաստատում է: Այդ մանկապարտեզներում իբր էլիտար հոգեբանությամբ առանձնացված երեխաներ կարող են աճել, այնինչ, լավ կլինի՝ մանկապարտեզն ու հանրակրթական դպրոցը լինեն մինչեւ վերջ ժողովրդավարական»: Զրուցեցինք նաեւ Էջմիածնի Արտիմետ գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհի Կարինե Մուրադյանի հետ: Նա նշեց. «Կարծում եմ, առաջնայինը երեխայի ազատությունն ու անկաշկանդ լինելն է, բայց դա սերմանելու համար դաստիարակը ինքն էլ պիտի լինի ազատ եւ ստեղծագործող, ունենա վերեւից անկախություն: Հետո ծնողն ինքն էլ պիտի մասնակցի երեխայի դաստիարակությանը, օրինակ՝ միասին թթու դնեն եւ այլն: Բայց մենք դեռ ծնողներին միայն հանդեսներին ենք հրավիրում, այսինքն՝ նրանք ամեն ինչ պատրասի են տեսնում: Իհարկե, խնդիրներ էլ ունենք, օրինակ՝ սանհանգույցներ չունենք, շենքային պայմաններն այնքան էլ բարեկարգ չեն, չունենք հոսող ջուր, բայց փորձում ենք խնդիրները հաղթահարել»: Արմավիրի մարզի Խորունք գյուղի մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Բաբայանն էլ նկատեց. «Վերապատրաստումը պետք է սկսել վերեւից՝ նախարարից, գյուղապետերից, մարզպետներից: Մեր մանկապարտեզն էլ ունի բազում խնդիրներ, օրինակ՝ մանկական խաղերն ու կահույքը դեռ խորհրդային տարիներից մնացածն է: Խնդիրները փորձում ենք հաղթահարել ծնողների եւ գյուղապետի ջանքերով»: Վերապատրաստումներն իրականացվեցին արդեն 3-րդ անգամ եւ դրանք կլինեն շարունակական, ու հնարավոր է՝ այս տարի վերապատրաստվողները մյուս տարի հայտնվեն վերապատրաստողի դերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել