Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՄԻՏԵՆ ԿԴԱՌՆԱ՞ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը չի բացառում, որ այդ օրը մի օր կգա

Այն, որ Հայաստանում գիտությունն անտեսված է եւ գրեթե զարգացում չի ունենում, ոլորտի պատասխանատուները պայմանավորում են ընդամենը փոքր բյուջեով: Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությանյանի ներկայացմամբ, եթե անկախության առաջին տարիներին գիտությունն իսկապես անտեսված էր, ապա դրա պատճառն այն էր, որ օրվա հացի խնդրով են զբաղվել՝ «մի քանի վագոն ցորենից ենք կախված եղել»: Ինչ վերաբերում է գիտության ներկայիս վիճակին, պարոն Հարությունյանն այսպես մեկնաբանեց. «Այսօր էլ շատ են դժգոհությունները, որ գիտությունն անտեսված է. գիտությունն անտեսված է այնքանով, որքանով, որ մենք փոքր բյուջե ունենք: Հայաստանի բյուջեն 3 միլիարդի էլ չի հասնում: Այդ պարագայում ահռելի գումարներ ակնկալել, որ պետությունը գիտության վրա կծախսի, հնարավոր չի»: Մեր դիտարկմանը, որ ցանկության դեպքում կառավարությունը կարող է գումար հայթայթել գիտության համար, պարոն Հարությունյանն ասաց. «Միարժեքորեն ցանկություն ունի: Քանի որ, այն, ինչ արվում է 2000 թվականից հետո՝ լուրջ մտածված քայլեր են: Օրինակ, 2003-04-ին բազային ֆինանսավորման տարբերակը մտավ, դա կարեւոր էր, ինստիտուտները տնտեսական ծախսերը հոգալուց ազատվեցին, խելոք քայլ էր: Հետո որոշեցին՝ քանի որ տնտեսությունը աճ է արձանագրում (իսկ երբ պետությունը առաջ է շարժվում, գիտնականի կարիքն ավելի շատ է զգացվում), նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել, գիտության արդյունքները ինչ-որ տեղ ներդնելու խնդիր էր առաջացել եւ այլն»: Պարոն Հարությունյանին հիշեցրինք, որ մոտ 2 ամիս առաջ ինքն ասել էր, որ գիտության զարգացման համար անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում, իսկ այսօր ԿԳՆ-ն զբաղվում է հիմնականում դպրոցական խնդիրներով («Առավոտ», 04.07.

2009), ինչին կոմիտեի նախագահն այսպես արձագանքեց. «Ասել, որ նախարարությունն ընդհանրապես չի զբաղվել այդ ոլորտով, այդպես չէ: Ուղղակի առաջնահերթությունների խնդիր կար՝ դպրոցական խնդիրները շատ ավելի սկզբունքային էին ու կարեւոր: Նույնը՝ բուհական հարցերը. Բոլոնիայի համակարգին ենք անցում կատարում եւ այլն, այսինքն՝ կրթական ոլորտներում խնդիրներն այնքան շատ էին, որ գիտականում արմատական լուրջ բարեփոխումներ իրականացնելը դժվար էր: 2002-ից հետո գիտությանն ավելի լուրջ աչքերով սկսեցին նայել: Քայլեր արվել են, հիմա արդեն պետությունը հասկանում է, որ գիտությունը արտադրողական ուժ է, հարկավոր է գիտության վրա լուրջ, սկզբունքային ուշադրություն դարձնել»:

«Առավոտի» (04.07.2009) «Թեկուզ ինձանից նեղանան» հրապարակման մեջ պարոն Հարությունյանն ասել էր. «…Գիտությունն էլ տնտեսության ոլորտ է, ուրեմն պետք է ունենա գիտության նախարարություն կամ կոմիտե»: Ս. Հարությունյանից հետաքրքրվեցինք, որպեսզի ոլորտը լուրջ առաջընթաց արձանագրի, արդյոք անհրաժեշտ չէ՞, որ գիտությունն անջատվի կրթությունից եւ դառնա նախարարություն, կոմիտեի նախագահն ասաց. «Դա իմ խնդիրը չէ: Ես կարծում եմ, չի բացառվում, որ կգա ժամանակ, երբ մեր աշխատանքների ծավալն այնքան մեծանա, որ կարգավիճակը մեծացնելու անհրաժեշտություն առաջանա: Այսօր, իմ գնահատմամբ, մեր աշխատանքների ծավալը դեռ այն աստիճանի չէ, որ ստեղծենք նախարարություն, այ, երբ այս ռազմավարական խնդիրներից բխող խաղի կանոնները, կանոնակարգերը հստակեցվեն, մասնավոր բիզնես-գիտություն կապը կամ բուհ-գիտություն կապը ուժեղացնենք, սկսի այդ մեխանիզմն աշխատել, մեր աշխատանքի ծավալն ավելանա, բնականաբար, այս կարգավիճակը վերանայելու անհրաժեշտություն կառաջանա»: Մեր դիտարկմանը, որ հենց Ս. Հարությունյանն էր կողմնակից, որ գիտությունը կրթությունից առանձնանա, կոմիտեի նախագահն ասաց. «Դա իմ խնդիրը չէ»:

Նշենք, որ երբ մայիսին ԿԳ նոր նախարարի «փնտրտուքի շրջանն էր», Սամվել Հարությունյանը նախարարի հավանական թեկնածու մեկն էր եւ, մեր տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրել է Ա. Աշոտյանին, համեստություն ցուցաբերելու համար: Այս առնչությամբ պարոն Հարությունյանն ասաց. «Դա բամբասանք է, ինձ պաշտոնապես ոչ ոք ոչինչ չէր առաջարկել: Ժողովրդի մեջ տարբեր խոսակցություններ են լինում: Բայց իրականությունն ուրիշ է, ես չեմ համարում, որ թեկնածու եմ եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել