Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հապաղելը կործանարար է

Սեպտեմբեր 26,2009 00:00

Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ, դատական ատյաններին, Վճռաբեկ դատարան, միջազգային իրավապահ կազմակերպություններին, պետությունների ղեկավարներին, ՄԱԿ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին:

Ներկայացրել եմ փաստեր, առկա են պաշտոնական փաստաթղթեր: Պետական որեւէ կառույց չի հերքել իմ ներկայացրածը: Այս կառույցների ներկայացուցիչները խոսում են միջազգային իրավունքից, դրա նորմերը կիրառելու անհրաժեշտությունից, բայց փախչում են իրենց իսկ գրած եւ մեզ՝ իրենց պետք եղած դեպքում, պարտադրվող իրավական նորմերն այդ պարագայում կիրառելուց։

Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանությունը ժողովրդինն է, այլ ոչ թե Լեւոնինը, Ռոբերտինը կամ Սերժինը եւ նրանց վարչակազմերինը: Ուստի՝ ժողովուրդն է որոշում իր սոցիալական, իրավական, մշակութային քաղաքականությունը, տնօրինում իր տարածքները, էներգահամակարգը, ընդերքը։ Այս իրավունքներն ամրագրված են նաեւ միջազգային օրենքներով, բանաձեւերով, եւ ոչ ոք իրավունք չունի դրանք խլելու ժողովրդից, ինչն անում են Լ.Ռ.Ս.–ն՝ Լեւոնը, Ռոբերտը, Սերժը եւ նրանց վարչակազմը։ Այդ հարստությունների տերը ժողովուրդն է եւ ոչ թե ֆրանսիացին, ռուսը, թուրքը։

Քանի որ ժողովրդի իրավունքն ինքնորոշման հարցում չի հանդիսանում պետության ներքին գործը, ապա եւ ուժի գործադրումը ժողովրդի դեմ, որը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի իրականացման համար, չի կարող համարվել ոստիկանական ակցիա՝ իրականացվող ազգային իրավասության շրջանակներում, ինչպես մարտի 1-ը։ Ուստի քաղաքական, ոստիկանական, ռազմական հակազդեցությունը ժողովրդին՝ իր անբաժանելի օրինական իրավունքի իրականացման գործում, կոչվում է ագրեսիա ժողովրդի դեմ։ Այն դեպքում, երբ պետությունը՝ ռեժիմը արհամարհում է իր միջազգային պարտավորությունները եւ կիրառում է պատժամիջոցներ իր ժողովրդի դեմ, որը պահանջում է ինքնորոշման իրականացում, ապա ժողովուրդը լիարժեք իրավունք ունի ոչ միայն դիմադրել, այլ նաեւ դիմել միջազգային հանրությանը։ Բոլոր այլ պետությունները ոչ միայն չպետք է ցուցաբերեն որեւիցե օգնություն անեքսիոնիստական քաղաքականություն իրականացնող պետության, նրա ռեժիմի դեմ, որը բռնազավթել է ՀՀ իշխանությունը, այլ հակառակը, պարտավոր են ցուցաբերել պայքարող ժողովրդին իր ինքնորոշման իրավունքի համար անհրաժեշտ նյութական եւ հոգեբանական օգնություն։ Այս բոլորը բխում է նրանից, որ ժողովուրդները, որոնք պայքարում են իրենց ինքնորոշման իրավունքի եւ ազգային ազատագրության համար, իրավունք ունեն խնդրել եւ ստանալ աջակցություն երրորդ պետություններից, իսկ վերջինները պարտավոր են ցուցաբերել այնպիսի աջակցություն ինքնորոշման հարցում բոլոր ժողովուրդներին՝ առանց բացառության, իրենց զարգացման, քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական զարգացման ընթացքում, որը ընտրել է ինքը՝ ժողովուրդը, այլ ոչ թե ռեժիմը՝ Լեւոնը, Ռոբերտը, Սերժը, իրենց վարչակազմերը կամ բրայզաները, ֆրանսիացիները, ռուսները, ամերիկացիները:

1921թ. Կարսի, Մոսկվայի անօրինական ու կեղծ պայմանագրերով ոչ մի իրավասություն չունեցող անձերն անեքսիայի ենթարկեցին մեր տարածքները, այսինքն՝ դրանք բռնազավթեցին, բռնակցեցին Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, Ռուսաստանին։ Քանի որ անեքսիան՝ բռնակցումը, բռնազավթումը միջազգային հանցագործություն է, ուստի՝ միջազգային հանցագործության պատասխանատվության խնդիրներն իրավասու են լուծելու միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հաագայի միջազգային դատարանը։

Մենք ազատագրվելու խնդիր պետք է լուծեինք, այլ ոչ թե ինքնորոշման։ Մենք պետք է ազատագրվեինք ոչ թե 29 800 քառ. կմ-ի, այլ, առնվազն, 161000+29 800 քառ. կմ տարածքում։ Այս դավաճանությունը հրահրվում է, շարունակվում է եւ պարտակվում Լ.Ռ.Ս.-ի, ՀՀ գլխավոր դատախազի, ԱԱԾ-ի եւ միջազգային կազմակերպությունների կողմից։ Սրանք ազգի եւ պետության դեմ կատարված հանցագործություններ են՝ ըստ ՀՀ Քրօրի հոդ. 299-304-ի, 308-ի, 309-ի, 314-ի, 332-ի, 334-ի, 335-ի, 349–ի, 352-ի, 375-ի, 384-ի, 385-ի, 391-395-ի։ Միաժամանակ, դրանք նաեւ միջազգային հանցագործություններ են։ Ցեղասպանության միջազգային կոնվենցիան սահմանում է, որ ցեղասպանություն իրականացնող, մասնակից, դրդող, հանցակից, պարտակող ղեկավարները, անկախ իրենց Սահմանադրությամբ անձեռնմխելի կարգավիճակից, պատասխանատու են տվյալ երկրի թե քրեական օրենսդրությամբ, նաեւ միջազգային նորմերով։

Առանց նախապայմանների սահման են բացում, բայց ո՞ւմ սահմանը, երբ դրանք հայկական տարածքներ են, ճանապարհային քարտեզ գծում, որտեղ ներառված է նաեւ Մեղրու տարբերակը, համաձայնեցնում, բանակցություններ տանում ազգի թիկունքում՝ չներկայացնելով բանակցային փաթեթը, փաստաթղթերը, ինչն անթույլատրելի է, քանի որ իշխանությունը ժողովրդինն է եւ ժողովուրդն է որոշողը, այլ ոչ թե վարչակազմը։ Իսկ առանց նախապայմանի բանակցելը նշանակում է ցեղասպանության մերժում, հիմնավորում, որ Կարսի, Մոսկվայի պայմանագրերով մեր պատմական հայրենիքը, բնիկ հայկական տարածքները՝ Կարսը, Վանը, Բայազետը, Նախիջեւանը եւ այլն, թուրքական տարածքներ են, եւ հայերը պահանջատիրոջ կարգավիճակ չունեն եւ չեն կարող ունենալ։ Այսինքն՝ Թուրքիան ագրեսոր չէ, նրա ոճրագործ ղեկավարները հանցագործ չեն։ Առօրս ՀՀ նախկին-ներկա նախագահները պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ 21 պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, ընկել են թյուրիմացության մեջ։ Այդ 21 երկրների հայանպաստ որոշումները դրվում են կասկածի տակ՝ մերժելով պատմական փաստերը, արհամարհելով, պղծելով իրական պատմությունը, քարոզելով եւ պարտադրելով մեզ, որ հրաժարվենք պահանջատիրոջ մեր իրավունքից, մերժենք եղեռնի փաստը, ձեռք քաշենք մեր պատմությունից, պատմական հողերից, նաեւ՝ ազատագրված Արցախից: Ծախված են Վրաստանին նաեւ Լոռի եւ Շիրակի մարզերի տարածքները՝ շուրջ 6100 քառ. կմ։

Մենք աններելիորեն ուշացնում ենք Հայաստանին տիրացած գործակալներին պատասխանատվության կանչելու եւ մեր իրավունքին՝ երկրին, լեզվին, մշակույթին տեր կանգնելու գործը: Ժամանակը մեր դեմ է աշխատում: Մեր փրկությունը միավորվելն է, համախմբվելն ազգային նկարագրով ուժի շուրջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել