Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՑՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅՏԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Ոստիկանների գործողությունների դեմ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ի հատվածում, Գյումրի-Երեւան ավտոմայրուղու Աշտարակ քաղաքի մոտակայքի Ոստիկանական պահակակետի մոտ ոստիկանները «Կանալ» անվամբ ինչ-որ համապետական հետախուզական միջոցառման ժամանակ կանգնեցրել են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի անձնական ավտոմեքենան, որով նա մրցութային հայտի փաթեթ էր տանում հանձնելու Եվրահանձնաժողովի ներկայացուցչություն: Ոստիկանները սկսել են զննել մեքենայի բեռնախցիկը: Բեռնախցիկում գտել են խոհանոցային կացին: Լ. Բարսեղյանը բացատրել է, որ այդպիսի կացիններ ազատորեն վաճառվում են կենցաղային պիտույքների ու շինարարական խանութներում, եւ որ ինքը այն օգտագործում է ճանապարհորդությունների ժամանակ, դրա առկայությունն իր բեռնախցիկում չի հակասում ՀՀ գործող օրենսդրությանը: Ոստիկաններին բացատրել է նաեւ, որ մրցութային փաթեթ է տանում Երեւան, խնդրելով` չխոչընդոտել իր ընթացքը: Ոստիկանները սկսել են գրանցել ավտոմեքենան եւ վարորդի տվյալները, վերցրել են կացինը: Լ. Բարսեղյանին թողել են ճանապարհը շարունակել միայն այն բանից հետո, երբ գրանցումները կատարվել են: Լ. Բարսեղյանը Եվրահանձնաժողովի գրասենյակ է հասել ժամը 16.06-ին, հայտերի ընդունման ժամանակի սպառվելուց 6 րոպե անց, բանակցություններն ու բացատրությունները պահակների հետ արդյունք չեն տվել, հայտը չի ընդունվել:

Վերադառնալով ոստիկանական պահակակետ, Լ. Բարսեղյանը ներկայացրել է նաեւ մեքենայի բեռնախցիկում գտնվող ճանապարհորդական դանակը, որը ոստիկանները չէին նկատել: Ոստիկանական ստուգող խմբի ղեկավարի` Ա. Հարությունյան ներկայացած ոստիկանի առաջարկով ժամը 17-ին Լ. Բարսեղյանը նրա հետ գնացել է Ոստիկանության Արագածոտնի վարչություն: Այնտեղ 2 ժամ տեւած վեճից, դանակի ու կացնի չափումներից եւ պարզաբանումներից հետո, ոստիկանները վերադարձրել են կացինն ու դանակը, բանավոր բացատրելով, որ արդեն պարզել են, որ դրանց մեքենայում գտնվելը չի հակասում ՀՀ գործող օրենսդրությանը: Լ. Բարսեղյանին հրաժարվել են որեւէ փաստաթուղթ տալ կատարած գործողությունների մասին:

«Ասպարեզը» հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ գտնում է, որ չհիմնավորված ստուգման, կացինը ապօրինաբար վերցնելու, մեքենան ու վարորդին գրանցելու պատճառով ակումբը չի կարողացել իր մրցութային հայտը հասցնել համապատասխան հասցեով եւ մնացել է մրցակցությունից դուրս: Ոստիկաններն անգամ ներողություն չեն հայցել իրենց իրավասությունների վերազանցման, ցինիկ վերաբերմունքի եւ անփութության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել