Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աջարիայում հայերին չեն նեղում

Սեպտեմբեր 26,2009 00:00

Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին Աջարիայի միակ հայապահպան օջախն է

\"\"Վրաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Աջարիայում ապրում են շուրջ 12 հազար հայեր, որոնցից ավելի քան 9500-ը՝ մայրաքաղաք Բաթումում, մնացածը՝ Քոբուլեթիում եւ շրջակա գյուղերում: Աջարիայի հայերը Ցեղասպանությունից հետո Մուշից, Արդահանից, Տրապիզոնից գաղթածների հետնորդներն են: Մոտ 20 տարի առաջ տեղի հայկական համայնքն ավելի մեծ էր, հայերի թիվն այն ժամանակ հասնում էր 20 հազարի: Աջարիայում ապրող մեր հայրենակիցների թվի նվազման պատճառը սոցիալական խնդիրներն են: Բազմաթիվ հայեր հեռանում են ՌԴ, եվրոպական երկրներ: Մայրաքաղաքում հայերը հիմնականում զբաղվում են արհեստներով եւ առեւտրով: Քաղաքում գործում է Աջարիայի միակ հայկական եկեղեցին՝ 19-րդ դարի վերջերին կառուցված Սուրբ Փրկիչը: Խորհրդային տարիներին որպես պահեստ, այնուհետ՝ աստղադիտարան ծառայած Բաթումի հայկական եկեղեցին վերաբացվել է 1999 թվականին: Տեղի հայկական համայնքի եւ եկեղեցու կապը բավականին սերտ է:

\"\"«Մեր նպատակը Աջարիայի ողջ հայությանը եկեղեցու շուրջ համախմբելն է, քանի որ հայապահպանության միակ օջախն այստեղ հայկական եկեղեցին է: Հաջողություն կհամարենք, եթե բոլորն այցելեն եկեղեցի եւ անտարբերությամբ չանցնեն նրա կողքով»,- ասում է Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու եւ Աջարիայի հայության հոգեւոր հովիվ տեր Արարատ քահանա Գումբալյանը: Նրա խոսքով, եկեղեցին խնդիրներ ունի՝ կապված Վրաստանում իրականացվող կրոնական քաղաքականության հետ: «Բացի վրացական ուղղափառ եկեղեցուց, որեւէ այլ եկեղեցի կամ կրոնական ուղղություն Վրաստանում պաշտոնապես գրանցված չէ: Դրանով պայմանավորված՝ որոշակի խնդիրներ են առաջանում: Սակայն մեր եկեղեցու նկատմամբ ճնշումներ չկան, մեզ չեն ասում դուրս եկեք այստեղից: Ի տարբերություն Թբիլիսիի՝ այստեղ վիճակն ավելի բարվոք է: Աջարիայում ազգամիջյան խնդիրներ չկան, այստեղ հայերին լավ են վերաբերվում»,- հավաստում է տեր Արարատ քահանան: Հայ համայնքը խնդիրներ չունի նաեւ տեղական իշխանությունների հետ: «Ղեկավարությունը բարյացակամ է տրամադրված մեր նկատմամբ, արձագանքում է մեր բոլոր խնդիրներին: Եթե նույնիսկ դրական լուծումներ չեն տրվում, անտարբերության եւս չեն մատնվում»,- հայտարարեց տեր Արարատը:

Բաթումում գործում է նաեւ հայկական դպրոց՝ վրացական թիվ 6 դպրոցի հայկական մասնաճյուղը: Դպրոցը հոգում է աշակերտների տրանսպորտային ծախսերը՝ ապահովելով նրանց տեղափոխությունը տնից դպրոց եւ դպրոցից տուն: Հայկական դպրոցում, սակայն, սովորում է ընդամենը 38 աշակերտ: Հետագայում բուհ ընդունվելիս առաջացող լեզվական խոչընդոտներից խուսափելու նպատակով հայերը նախընտրում են իրենց երեխաներին վրացական կամ ռուսական դպրոցներում կրթության տալ: Հայկական կրթություն ստացող երեխաների թիվը աստիճանաբար նվազում է ու երեխաների հայեցի դաստիարակության եւ ազգային արժեքների պահպանման խնդիրը փորձում է լուծել Բաթումի հայկական եկեղեցում գործող կիրակնօրյա դպրոցը, որը 40 աշակերտ ունի: Տեղի հայ համայնքը Աջարիայի հայերի միության եւ երիտասարդաց երկու միությունների՝ «Մեր ապագան» երիտասարդական ասոցիացիայի եւ Աջարիայի հայերի միության երիտասարդական թեւի միջոցով մասնակցում է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել