Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԿԵԼ Է ՊԱՀԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ»

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"ՀՀ Սփյուռքի նախարարությունը մեկ տարեկան է

Հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը կդառնա մեկ տարեկան: Այս առթիվ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեցինք ներկայացնել անցած մեկ տարվա ամենամեծ հաջողությունն ու ամենամեծ բացը: «Ամենամեծ ձեռքբերումը, որ պետական մարմինը ամբողջապես կայացավ եւ իրավական, եւ ֆինանսական առումով, եւ գաղափարական-ծրագրային ուղղություններով»,- նկատեց տիկին Հակոբյանը, հավելելով, որ Սփյուռքում նկատվում է նախարարության նկատմամբ վստահության աճ՝ «այդ են վկայում նամակները, շնորհակալագրերը, հեռագրերը, ներսում եւ դրսում մեր հանդիպումները»: Իսկ ահա ամենամեծ բացը, ըստ ՀՀ Սփյուռքի նախարարի, Սփյուռքին ոչ լրիվ տիրապետելն է՝ «մենք սփյուռքագետներ չունենք, նախարարության աշխատողները սփյուռքագետներ չեն եւ աշխատանքի ընթացքում պետք է սովորեն եւ դա թերություն է: Երկրորդ դժվարությունը: Սփյուռքը անհատների ամբողջություն է, ոչ թե մեկ կառույց եւ նրա հետ աշխատելիս չես կարող ոչ հանձնարարել, ոչ պահանջել, կարող ես միայն առաջարկել, երկխոսել, խնդրել եւ սպասել, թե ինչպիսին կլինի արձագանքը»:

Հրանուշ Հակոբյանը համոզված է՝ Սփյուռքում հասկանում են, որ հայրենիքին այսօր անհրաժեշտ են միտք, կարողություն, ինտելեկտ, փորձ, գիտելիք եւ ոչ միայն ֆինանսներ՝ «մեկ գաղափարը կարող է շատ ավելի մեծ առաջընթաց ապահովել, քան հարյուր հազարավոր գումարները»:

Անցած մեկ տարում իրականացված ծրագրերը հաջող են եղել, կարծում է նախարարը, բայց դեռ անելիք կա: Օրինակ, Իսրայելում մեր «Արի տուն» ծրագրի նման ծրագիր կա, որով տարեկան 70 000 երիտասարդ է լինում հայրենիքում: Մեր «Արի տան» առաջին տարում Հայաստան կգա մոտ 500 երեխա: Ի հավելումն՝ մոտ 200 հայ ուսանող իր պրակտիկան կանցկացնի Հայաստանում: Երիտասարդների առավել մեծ քանակ Հայաստան բերելու համար նախարարությունը կհամագործակցի ՀՄԸՄ-ի, Համազգայինի, «Դեպի Հայք» կազմակերպությունների հետ:

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը ուղղված նախաստորագրված Արձանագրություններին եւ այդ առթիվ Սփյուռքից հնչող քննադատությանը, Հրանուշ Հակոբյանը առաջարկեց առանձնացնել հայ-թուրքական եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: «Սփյուռքը պետք է իր իրավունքներին, իր պահանջատիրությանը տեր կանգնի, որեւէ մեկը չի կարող ասել՝ ինչու եք ընդվզում, որովհետեւ նրանք արդյունքն են ցեղասպանության, իրավունք ունեն նաեւ միջազգայնորեն պահանջներ դնել: Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետությունների հարաբերություններ են: Վստահ եմ, որ ՀՀ նախագահը անդրդվելի է երկու հարցում. Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ցեղասպանությանը հարցը չի կարող լինել սակարկության առարկա: Եկել է պահը համախմբվելու, այն պահն է, որ մեր մեջ որեւէ մեկը սեպ չպիտի խրի, եկել է պահը, երբ Սփյուռքը պետք է հայրենիքի մեջքին կանգնի: Իշխանություններին թուլացնելով՝ մենք օգնում ենք մյուս կողմին»,- բանաձեւեց Հրանուշ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել