Հայ մասնագետները ատոմակայանի վտանգավորության եւ նոր էներգաբլոկի կառուցման հարցում միակարծիք չեն
Վերջերս վրացի ֆիզիկոսներն ահազանգում են, որ Հայաստանի ատոմակայանը լուրջ սպառնալիք է նաեւ Վրաստանի համար: Մասնավորապես՝ ֆիզիկոս Միխայիլ Կավիլաձեն հայտարարեց, որ ատոմակայանը հնացել է, ինչի պատճառով վթարի հավանականությունը մեծ է, իսկ վթարի դեպքում ռադիացիայի արտահոսքը կսփռվի ամբողջ տարածաշրջանում: Վրացի մասնագետը մտահոգություն է հայտնել նաեւ ատոմակայանի նոր կառուցվող բլոկի մասին, նշելով, որ այն համալրված է լինելու թույլ անվտանգության համակարգով:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի են հայ մասնագետները այս հայտարարության վերաբերյալ. ատոմակայանն իսկապես վտանգավո՞ր է, թե՞ սա մեր հարեւանների կողմից դրսեւորվող «խանդ» է, նկատի ունենալով այն, որ շահագործվում է ռուսների հետ համատեղ:
Մեզ հետ զրույցում «Հայաստանի կանաչների միություն» հ/կ նախագահ Հակոբ Սանասարյանը վստահեցրեց, որ վրացիները 1995-ին էլ էին մտահոգված այդ խնդրով: Նրա կարծիքով, վրացիներն ու ադրբեջանցիները աղմուկ են բարձրացնում ոչ թե թշնամական հողի վրա, այլ մտահոգված են ազգի ապագայով. «Իհարկե, նրանք կարող է չցանկանան, որ մեր երկիրը լինի էներգետիկ երկիր, բայց նրանք անհանգստացած են, որ Չեռնոբիլը չկրկնվի, քանի որ այդ վթարից հետո արտանետումները հասան մինչեւ Թայվան կղզի»: Ըստ պարոն Սանասարյանի, ինքը տիրապետում է փաստաթղթերի, որտեղ հստակ նշված է, որ ՀԱԷԿ-ը սխալ վայրում է կառուցված. «Ատոմակայան չի կարելի կառուցել գյուղատնտեսական նշանակության վայրում, օդանավակայանների, գլխավոր մագիստրալների մոտ, որտեղ կան արտեզյան ջրամբարներ, կամ՝ մայրաքաղաքին մոտ: Ժամանակին ակադեմիկոս Աշոտ Ասլանյանն ասել էր. ատոմակայանը կառուցված է կոտրած ափսեի վրա: Այսինքն՝ այդտեղ կան երկրաբանական սեյսմիկ 5 խզվածքներ, որոնցից մեկը ռեակտորից ընդամենը 500 մետր հեռավորության վրա է»: Ըստ հ/կ-ի նախագահի, ատոմակայանը կառուցվել է, հետո նոր կազմվել նախագծման, կառուցման եւ շահագործման նորմատիվները: Մեր հարցին, ստացվում է՝ ռումբի վրա՞ ենք ապրում, պարոն Սանասարյանն ասաց. «Դմբոներին բնորոշ ապրելակերպ ենք ունեցել»:
Ինչ վերաբերում է կառուցվող նոր բլոկին, Հ. Սանասարյանը դա համարեց կրկնակի հանցագործություն. «Քանի որ հզորությունը նախատեսվում է մոտ 1000 ՄգՎ, ապա վտանգի հետեւանքներն ավելի մեծ են: Իսկ նույն տեղում կառուցելն է՛լ ավելի է վտանգավոր: Չնայած այն մեկ այլ տեղում կառուցելու համար պետք է մոտ $1.2 միլիարդի ծախս կատարել, ենթակառուցվածքներ ստեղծել, ինչն էլ իրենց համար տնտեսապես շահավետ չէ: Առ այսօր բացարձակ անվտանգ եւ վթարման ոչ ենթակա ատոմակայան աշխարհում գոյություն չունի: Մինչեւ այժմ լուծված չէ ռադիոակտիվ թափոնները շրջակա միջավայրից անվտանգ մեկուսացնելու խնդիրը»:
Ի պատասխան մեր այն հարցին, եթե ատոմակայանն այդքան վտանգավոր է, ինչո՞ւ ՄԱԳԱՏԵ-ն չի կանխում նոր բլոկի կառուցումը, պարոն Սանասարյանն ասաց. «Դա աշխարհի ամենահզոր մաֆիոզ կազմակերպությունն է: Չեռնոբիլի վթարից հետո, ՄԱԳԱՏԵ-ի այն ժամանակվա նախագահը հայտարարեց, թե միջուկային որեւէ օբյեկտից դեռեւս մարդուն վտանգ չի հասցվել»: Հ. Սանասարյանն ատոմակայանի վտանգավորության մասին գրավոր տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել. «Այստեղ պարզապես որոշ մարդկանց միլիոնների հասնող շահերի մասին է խոսքը: Բլոկը կառուցելու են, հետո էլ կհայտնվի մի սեփականատեր ու հսկայական եկամուտներ կունենա, իսկ մեջտեղը կտուժի ժողովուրդը»:
Վրացի մասնագետների եւ Հ. Սանասարյանի մտահոգություններն անտեղի է համարում ատոմակայանի հայկական հետազոտական ինստիտուտի մի աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ: Վերջինիս խոսքերով. «Ատոմակայանը շատ ճիշտ տեղում է կառուցված: Վերաթողարկման ժամանակ ես եղել եմ պետական ընդունող հանձնաժողովի անդամ: Այդ տեղանքը սեյսմիկ տեսանկյունից տարբեր երկրների մի շարք մասնագետներ զննել են եւ ասել են՝ հայերը կամ շատ խելոք են, կամ էլ Աստված է կամեցել, որ ատոմակայանի տեղը ճիշտ ընտրվի»: Իսկ այն, որ նոր բլոկի կառուցումը խիստ անհանգստացնում է վրացիներին, պարոն Պետրոսյանը համարեց անտեղի. «Վրացին կամ թուրքը շատ բան կարող է ասել, ինչո՞ւ եք բանի տեղ դնում: Իրենց մոտ մասնագետ ընդհանրապես չկա»: Մասնագետների այն մտավախությանը, թե Չեռնոբիլի դեպքը կարող է կրկնվել, Վ. Պետրոսյանը բացառեց. «Այդ օրը չենք ընկնի, սրանք տարբեր տեխնոլոգիաներ են: Նման բլոկներ կան Ուկրաինայում, Չեխիայում, Բուլղարիայում, ո՞նց եղավ դրանք դարձան վտանգավոր: Գիտե՞ք ինչ կա, աթոռի վրա էլ, որ նստես՝ վտանգավոր է, կարող է ոտքը կոտրվի՝՝ ընկնես: Նայած թե ատոմակայանն ինչպես կշահագործվի»: