Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերի իրական արդյունքը կերեւա «վերջնախաղի ժամանակ», ինչպես շախմատում:

– Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը հայ-թուրքական հարաբերությունների հարցն է: Դրա վերաբերյալ տրված գնահատականները տարբեր են, ձեր տեսակետը ո՞րն է:

– Ձեր նշած գնահատականները կարելի է դասակարգել երեք խմբի: Գնահատականներ, որով անթերի են համարվում նախաստորագրված արձանագրությունները՝ իրենց օպոնենտներին համարելով պետական մտածողություն չունեցողներ: Դրանք հիմնականում իշխանության եւ մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչներն են: Ոմանք էլ վերոհիշյալ արձանագրությունների ճարտարապետներին մեղադրում են, իրենց արտահայտությամբ, ցեղասպանությունը ուրանալու, մեր պատմական հայրենիքի մի մասը աճուրդի հանելու եւ Ղարաբաղը ծախելու մեջ, առաջնորդվում հավերժ թշնամու պարզունակ կարծրատիպով՝ իրենց ընդդիմախոսներին պիտակավորելով որպես դավաճաններ: Այսպիսով պատմության ընթացքում այս էլ որերորդ անգամ հայության կյանքում լրջագույն հարցերը զգայական հարթությունից քաղաքական հարթությունում լրջագույն եւ բազմակողմանի քննարկումների ենթարկվելու փոխարեն, ցավոք, վերածվում են, այսպես կոչված, հայրենասերների ու դավաճանների մրցապայքարում անպտուղ եւ ոչ մի տեղ չտանող բանավեճի իմիտացիայի: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ երրորդ խմբին դասվող վերոհիշալ պարզունակ սխեմաներից դուրս հնչող այլ՝ հավասարակշռված, ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայով չպայմանավորված, պրագմատիկ, օբյեկտիվ, խորքային, ոչ զգացումնքային, իրոք քաղաքական մեկնաբանությունները, ցավոք, փոքրաթիվ են: Բնական եւ հասկանալի է նաեւ, որ ընդդիմադիր ուժերի կողմից քաղաքական տեխնոլոգիաների զինանոցում առկա մեթոդներով հայկական հասարակության մեջ առկա որոշակի տրամադրությունները ուղղորդվում եւ օգտագործվում են գործող իշխանություններին դատափետելու համար: Ի դեպ, եթե անգամ չլիներ նախաստորագրված փաստաթղթերի նկատմամբ ներկայումս դրսեւորվող ներքաղաքական որոշակի հակազդեցությունը, ապա Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունությունն ու մանեւրելու հնարավորությունները էապես մեծացնելու հրամայականից ելնելով՝ իշխանությունները պետք է որ ստեղծեին կամ խթանեին այդօրինակ հակազդեցությունը: Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ներկայումս ծավալված քննարկումների ու բանավեճերի որակն ու խորությունը ցույց են տալիս հայաստանյան քաղաքական մտքի եւ համակարգի անկատարությունը, ազգային, պետական հիմնախնդիրները լիարժեք ձեւակերպելու, ռացիոնալ հարթությունում քննարկելու եւ լուծելու անկարողությունը: Ակնհայտ է, որ ինչպես ցանկացած երկիր, Հայաստանը նույնպես բոլոր պետությունների հետ պետք է ունենա բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ: Ի դեպ, այդ դրույթն ամրագրված է մեր Սահմանադրության 9-րդ հոդվածում:

– Բայց ոչ ոք չի ասում հարեւանների հետ վատ հարաբերություններ պահպանել, ասվում է՝ այդ բանը պետք է անել առանց նախապայմանների:

– Ինքս եւս կողմնակից եմ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, որը բխում է հայ եւ թուրք ժողովուրդների եւ տարածաշրջանային անվտանգության, խաղաղության եւ կայունության շահերից: Իմ գնահատականով՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ զարգացման վերաբերյալ հայտնի արձանագրությունները, իրենց հարցականներ առաջացնող եւ խոցելի կողմերով հանդերձ, քայլ են այդ ուղղությամբ: Այդ խոցելի կողմերի ու հարցականների քննարկումն առանձին խոսակցության առարկա է:

– Ինչպե՞ս եք գնահատում նախկին եւ ներկա նախագահների գործելաոճը հայ-թուրքական հարցերում:

-Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նորանկախ Հայաստանի նախագահների գործելաոճը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանը թերեւս անկեղծ ցանկություն ուներ կարգավորելու այդ հարաբերությունները, սակայն չկարողացավ դա անել, կամ նրան այդ հնարավորությունը չտրվեց: Քոչարյանը երեւի թե անկեղծ ցանկություն չուներ, բայց իր կառավարման կոշտ մեթոդները նկատի ունենալով՝ միգուցե հնարավորություն ուներ կարգավորելու հայ-թուրքական կնճիռը, սակայն թերեւս ներքին լեգիտիմության դեֆիցիտի կամ այլ դրդապատճառներով չգնաց այդ քայլին եւ ստեղծեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիա: Նախագահ Սարգսյանը թերեւս ունի անկեղծ ցանկություն եւ իր հեղինակած նախաձեռնողական քաղաքականության տրամաբանությամբ վստահ է, որ ունի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորություն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի կատարած համարձակ, բայց վիճահարույց եւ վերջին հաշվով հայաստանակենտրոն քաղաքականության իրականացման տրամաբանությամբ եւ մտածողությամբ պայմանավորված քայլը իշխանության քննությունն է հայության եւ միջազգային հանրության առաջ: Միայն ժամանակը ցույց կտա՝ Սարգսյանի կատարած աննախադեպ քայլը պատմակա՞ն է, թե՞ ոչ: Քաղաքական գործիչների գործելաոճի մոտիվացիայի եւ կատարած քայլերի դրդապատճառները տվյալ պարագայում հարկ չեմ համարում համակողմանիորեն քննարկել, բայց իմ տպավորությամբ՝ գործող նախագահը, հաշվի առնելով իր դիրքորոշման նկատմամբ ներքաղաքական հնարավոր հակազդեցության եւ մեր տարածաշրջանում մեծ տերությունների շահերի հակասականության հանգամանքները, գուցե կարող էր իր կյանքը չբարդացնել, մանեւրել, ժամանակ շահել եւ պահպանել հայ-թուրքական հարաբերություններում առկա ստատուս քվոն՝ մինչեւ իր լիազորությունների ավարտը: Սակայն նա կարծես թե գնացել է վա-բանկ: Այդ հարցում նախագահ Սարգսյանի համար երեւի թե ելակետային է դարձել շախմատային գայթակղությունը, երբ ամեն ինչ չափվում է վերջնախաղում ձեռք բերված առավելագույն արդյունքով: Որքանով տեղյակ եմ, հնագույն խաղի անբացատրելի նրբերանգների նկատմամբ ընդգծված թուլություն ունի նաեւ հանրապետության առաջին նախագահը: Ասվածը չի բացառում, որ տարածաշրջանային հիմնահարցերի՝ այդ թվում՝ ղարաբաղյան թնջուկի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խորապատկերում Սերժ Սարգսյանի որդեգրած գործելաոճը ինչ-որ առումով պայմանավորված լինի նաեւ նրա վարչապետության շրջանում ստանձնած եւ նախագահական ընտրություններից հետո ձեռք բերած արտաքին քաղաքական որոշակի պայմանավորվածություններով կամ պարտավորություններով:

– Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ գերտերությունների դերակատարությունը այս հարցում բավականին մեծ է:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում վերջին հաշվով դոմինանտ է ուժային հայտնի կենտրոնների՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան գազային, նավթային եւ կոմունիկացիոն այլ ծրագրերով պայմանավորված՝ Հարավային Կովկասը միասնական, կայուն եւ անվտանգ ռեգիոն դիտարկելու թեզը, որը ենթադրում է այդ կենտրոնների ռազմավարական շահերի ներդաշնակեցման պարագայում այդ նույն կենտրոնների կողմից Հայաստանին եւ Թուրքիային վերապահել այդօրինակ ծրագրերում ունենալու սոսկ լոկալ նշանակության խաղացողների դերակատարություն: Այդպիսի սխեմայում հայտնվելը մասնավորապես Հայաստանի համար ոչ հեռավոր ապագայում կարող է նշանակել արտաքին քաղաքական վեկտորյալ որոշակի փոփոխություններ, իսկ տնտեսական առումով, օրինակ, որեւէ նավթային կամ «Նաբուկո» գազային բազմապրոֆիլ ծրագրում ինչ-որ ձեւով ընդգրկվելու շանս: Հարավային Կովկասում եւ նրան հարակից տարածաշրջանում կարծես թե նշմարվում են աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների նոր էլեմենտներ:

– Արդյոք արձանագրությունները կվավերացվե՞ն երկու երկրների խորհրդարանների կողմից:

– Հայաստանի եւ Թուրքիայի պառլամենտները փաստացի գտնվում են սիմետրիկ վիճակում, որովհետեւ Սերժ Սարգսյանը եւ Էրդողանը առանց որեւէ այլ քաղաքական ուժի աջակցության իրենց խորհրդարաններում ունեն որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ մեծամասնություն:

– Չե՞ք կարծում, որ արագացնելով հայ-թուրքական հարաբերությունների այս ընթացքը՝ փորձում ենք ժամանակից առաջ ընկնել:

– Ընդհանրապես պետությունների փոխհարաբերությունների բարդ, հակասական եւ ուսանելի պատմությունը բազմապիսի զուգահեռներ անցկացնելու եւ տարատեսակ հետեւություններ կատարելու լայն հնարավորություն է ընձեռում: 1967 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ փոքրիկ Իսրայելը, պարտության մատնելով արաբական մի շարք երկրներից՝ այդ թվում Եգիպտոսից բաղկացած կոալիցիային, ձեռք բերեց Սինայի թերակղզին եւ այլ տարածքներ: Բայց դա չխանգարեց, որ Իսրայելը տարածաշրջանային խաղաղության եւ հակառակորդների մեջ աջակիցներ գտնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պայմանագիր կնքեր Եգիպտոսի հետ, ինչի արդյունքում նրան վերադարձներ Սինայի թերակղզին եւ երկու երկրների միջեւ հաստատվեին դիվանագիտական հարաբերություններ: Հակամարտության խաղաղ կարգավորման ակտիվ նախաձեռնողը հենց Իսրայելի վարչապետ Բեգինն էր, ինչին հետեւեց Եգիպտոսի նախագահ Սադաթի աննախադեպ այցը Իսրայել: Ի դեպ, պատահական չէ, որ Բեգինը եւ Սադաթը մինչեւ իսրայելա-եգիպտական պայմանագրի ստորագրումը արժանացան խաղաղության Նոբելյան մրցանակի: Եվ եթե իսլամիստ ծայրահեղականները պայմանագրի ստորագրումից երկու տարի անց, մեղադրելով դավաճանության մեջ, սպանեցին Եգիպտոսի նախագահ Սադաթին, ապա տարածքներ կորցրած իսրայելցիները նույն տարում վարչապետ վերընտրեցին Բեգինին, այն դեպքում, երբ նրա վարած տնտեսական քաղաքականությունը հասարակության կողմից հավանության չէր արժանանում: Այդ խաղաղության պայմանագրից անցել է ուղիղ երեսուն տարի, եւ նախկին թշնամիների՝ Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ հաստատվել են ընդհանուր առմամբ նորմալ հարաբերություններ:

Եվ վերջինը՝ հայության թիվ մեկ խնդիրը քաղաքակիրթ աշխարհի հետ Հայաստանի բազմակողմանի ու լիարժեք ինտեգրվելու միջոցով հետեւողականորեն հզորանալն է, որովհետեւ միայն այդ դեպքում կարող ենք ակնկալել, որ երբեւիցե մեզ կհաջողվի ոչ միայն վերադարձնել այն, ինչը ժամանակին մեզ է պատկանել, այլեւ ձեռք բերել ավելին, եւ ոչ թե այսօրվա նման անընդհատ վախենալ եղածը կորցնելուց:

Աշխարհում հավանաբար չի գտնվի որեւէ հայ, որը չերազի պատմական Հայաստանը վերականգնված տեսնելու մասին: Ապրել երազով պետք է եւ նույնիսկ անհրաժեշտ, իսկ ապրել երազում՝ թերեւս պրոբլեմատիկ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել