Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրությունները բարդացնելու են հայ-թուրքական հարաբերությունները

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Վստահ է Դավիթ Շահնազարյանը

Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակում Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, մեկ անգամ եւս մեղադրեց «հանցագործ» իշխանություններին Հայաստանին վտանգավոր մարտահրավերների առջեւ կանգնեցնելու համար: Նա նախեւառաջ հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացելու, քանի դեռ ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվել: «Սա ամենից լավ գիտեն ներկայիս իշխանությունները, իմիջիայլոց, Թուրքիայի ղեկավարությունը, ի տարբերություն մեր իշխանությունների, շատ ազնիվ են այդ իմաստով եւ երբեք չեն թաքցնում իրենց այդ ծրագիրը, իրենց այդ նկատառումը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ մեկը մյուսից ծիծաղելի համարելով հայաստանյան իշխանությունների ներկայացրած այն երկու փաստարկները, որոնցով նրանք պաշտպանում են Հայաստան-Թուրքիա արձանագրութունները: «Առաջին, պրոպագանդում են, որ արձանագրություններում Ղարաբաղը հիշատակված չէ, եւ երկրորդ, որ սա առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում է. երկուսն էլ իրականության հետ որեւէ կապ չունեն, բացարձակապես, նախապայմանները ինքը՝ Սերժ Սարգսյանն է ազդարարել անցյալ տարվա հունիս ամսին, երբ Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստեղծել պատմական հանձնաժողով Թուրքիայի հետ միասին, եթե Թուրքիան համաձայնվի բացել սահմանը: Եթե սրանք նախապայմաններ չեն, ապա որո՞նք են նախապայմանները: Սա գործընթացի սկիզբն էր, որից հետո Գյուլին հրավիրեց իրար հետ նայելու, թե ինչպես է Հայաստանի ֆուտբոլային հավաքականը հերթական պարտությունը կրում Թուրքիայից»,- ասաց պարոն Շահնազարյանը: Ըստ նրա, թեեւ կարգավորման համար դեռ ոչ մի լուրջ քայլ արված չէ, բայց Թուրքիան արդեն իսկ մեծ քանակությամբ օգուտներ է ստացել, մասնավորապես, ցեղասպանության հարցը վիճելի է դարձել: Բանախոսի կարծիքով, այս գործընթացը կարելի է կասեցնել միմիայն իշխանություններին հեռացնելով, այլապես տեղի կունենան պատմականորեն անշրջելի գործընթացներ: «Մեզ համար անընդունելի են այս արձանագրությունները, որովհետեւ դրանք ոչ միայն չեն հանդիսանալու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ստեղծման հիմք, այլեւ ավելի են բարդացնելու այդ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Նախ՝ ստորագրումից հետո Թուրքիան ծավալելու է ամբողջ աշխարհում, հատկապես Եվրոպայում, շատ մեծ քարոզչական աշխատանք: Թուրքիան պաշտոնապես կդիմի բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, կասի՝ էս ի՞նչ եք անում, մենք Հայաստանի հետ պայմանավորվել ենք, որ հլը դեռ պետք է որոշենք՝ ցեղասպանությո՞ւն է, ցեղասպանությո՞ւն չի, մի հատ էդ օրենքները վերացրեք: Մի քանի երկրներ, չեմ ուզում դրանց անունները տալ, առնվազն կսառեցնեն էդ օրենքները, որովհետեւ հակառակ դեպքում իրենք վտանգում են ունենալ մի համբավ, որ իրենք խանգարում են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»,- կարծում է Դավիթ Շահնազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել