Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է ԳԻՆԸ

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Ինչո՞ւ հենց հիմա եւ այսպես արագ որոշվեց բացել հայ-թուրքական սահմանը

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այս հարցադրումն առաջարկում է ընդունել իբրեւ ելակետ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներում՝ մի կողմ թողնելով բոլոր «պացիֆիստական, ալտրուիստական մոտեցումները եւ PR դաշտը»: Իսկ հարցը, ըստ մեր զրուցակցի, հինգ տեսանկյուն է իր մեջ ներառում՝ տնտեսական, ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական եւ հումանիտար: Մեր զրուցակցի համոզմամբ, խնդրի հիմնական էությունը քաղաքական եւ աշխարհաքաղաքական է:

Քաղաքական եւ աշխարհաքաղաքական. հիմնվելով այս ոլորտներում տեղի ունեցող զարգացումների եւ դրանց վերլուծությունների վրա՝ ՆԺԿ ղեկավարն էլ կարծում է, որ, օգտագործելով ԱՄՆ-ի ռեսուրսները, Թուրքիան սկսել է «իր խաղը խաղալ»՝ ի դեմս վարչապետ Էրդողանի: Նկատի ունենալով նաեւ իսլամիստների նկրտումները, Թուրքիայի մուտքը ԵՄ եւ այդ առիթով ԵՄ վերջին որոշումը, որտեղ հստակ դրված է հայերի ցեղասպանության ճանաչման եւ սահմանի բացման հարցը, քրդական հարցը եւ այլն, մեր զրուցակիցը գտնում է, որ Էրդողանը հնարավորինս փորձում է պահպանել եւ ավելացնել սեփական իշխանությունը: Անդրադառնալով հայկական քաղաքական դաշտին՝ ՆԺԿ ղեկավարը, բոլոր թերություններով հանդերձ, դրական է գնահատում Քոչարյանի քաղաքականությունը՝ կապված ցեղասպանության ճանաչման հետ: «Սերժ Սարգսյանը, հավանաբար Լեւոն Տեր-Պետրոսյանի այն ճնշումների տակ, որ երկիրը մեկուսացված վիճակի մեջ եք գցել, նաեւ հաշվի առնելով, որ իր կողքին կանգնած մարդիկ շատ լավ գիտեն հայ-թուրքական հարաբերությունները՝ իր փեսայի գիտական աշխատանքն այդ թեմային է վերաբերվել, հրապուրվել է Նոբելյան մրցանակ ստանալու հեռանկարով՝ սիրաշահելով գեոքաղաքական կենտրոններին իր լեգիտիմության հարցը իշխանափոխության չհասցնելու: Թող չթվա, թե սահմանի բացմանը դեմ գործիչները չեն հասկանում մեկուսացման եւ մնացյալ հարցերը, բայց պարոն Սերժ Սարգսյանը պիտի հասկանա, որ Ռուսաստանի քաղաքական էլիտայի մի ստվար հատված ամեն ինչին նայում է «Գազպրոմի» տեսանկյունից, եւ եթե ինչ-որ մեկը Թուրքիայի հետ ընտանեկան բիզնեսներ է սկսել, դա չի նշանակում, որ դրա դիմաց հայ ազգը պիտի վճարի: Մենք՝ հայերս, չէինք ցանկանա գին վճարել նաեւ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ինչ-որ խնդիրների համար: Սա թող ընկալի նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը»,- ասում է Ա. Կարապետյանը:

Ելնելով ներքաղաքական այս վերլուծություններից՝ Արամ Կարապետյանը հայտարարում է, որ աշխարհաքաղաքական առումով այս բոլոր հարցերը կապված են Իրանի խնդրի հետ. «Ինչքան ես եմ տեղեկացված, Իրանի վերջին ընտրություններից հետո որոշում է կայացվել Իրանը մասնատելու մասին: Այստեղ կարեւոր դեր ունի Իսրայելը: Արդեն իսկ գոյություն ունի Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան բավականին լուրջ եռամիասնություն, որը փորձում է ամեն գնով մեկուսացնել Իրանը եւ նախեւառաջ ձախողել իրանական երկաթգծի կառուցումը, ինչպես նաեւ ՌԴ-Իրան հարաբերությունների սառեցումը: Դրա համար պետք է բարձրացվի մեկ այլ իսլամական աշխարհի ներկայացուցչի՝ Թուրքիայի դերը տարածաշրջանում, որը ԱՄՆ-ը եւ Իսրայելը հրաշալի իրագործում են՝ օգտվելով հայկական իշխանության հնարավորություններից: Բառացիորեն օրերս ԱՄՆ գլխավոր ռազմական շտաբը հայտարարել է, որ չորս երկրներում 12 «Պատրիոտ» տիպի հակահրթիռային սարքավորումներ է տեղադրել: Պարզ է, որ Իրանին է շրջապատում: Հրեաները եւ ամերիկացիներն ուզում են, որ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Թուրքիայի դերը բարձրանա, կարողանա դառնալ ԵՄ անդամ, եւ իսլամիզացիայի գործոնը չեզոքանա: Այդ ամենի համար մեկը պիտի գին տա: Ադրբեջանը եռամիասնության անդամ է, այնտեղ էլ, Վրաստանում էլ 2014-ին ռազմական բազաներ են տեղակայվելու՝ ցամաքային, ծովային, ռադիոլոկացիոն-ռադարային կայաններ: Այսինքն՝ Իրանի դեմ խաղում Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ համաձայնել են պլացդարմ հանդիսանալ. ես չեմ ուզում հավատալ, որ Սերժ Սարգսյանն էլ է նման բան խոստացել, բայց այդ նույն ծրագրով, որը դեռ չի բարձրաձայնվում, Հայաստանում էլ է ԱՄՆ-ի երկու ռազմաբազա տեղակայվելու՝ Գյումրիում եւ ԼՂՀ-ում, իսկ ազատագրված տարածքներում տեղակայվելու են տարբեր զորամիավորումներ, որոնք ակտիվացնելու են Հյուսիսային Իրանը կամ որ նույնն է՝ Հարավային Ադրբեջանը. ահա թե ինչու են Ադրբեջանի հետ սիլի-բիլին շարունակում: Իրանի դժբախտությունը երեւի իր մեծ քանակությամբ գազն է, առանց որի «Նաբուկո»-ն չի աշխատի, իսկ առանց իր ծրագրերի բավարարման՝ Իրանը այն չի տա. վկան՝ Ահմադինեջադի վերջին ելույթը»,- ասում է Արամ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ըստ Կարապետյանի՝ այնտեղ սկսել են հասկանալ, որ Թուրքիայի մուտքը տարածաշրջան փաստացի ՆԱՏՕ-ի մուտքն է, եւ եթե վերջինիս հետ իրենք դեռ չեն բախվել, Թուրքիայի հետ առիթներ ունեցել են: Նա չի կարծում, որ Իրանի տրոհումը հեշտ գործ է, բայց զգուշացնում է, որ մտնելով այս խաղի մեջ՝ Հայաստանը հիմքեր է տալիս, որպեսզի Իրանը հետագայում մեզ պահանջներ ներկայացնի: Մինչդեռ Հայաստանի մասով նա չի տեսնում այս ամենից ակնկալվող շահը, այն պարագայում, երբ Ադրբեջանը ազատագրված տարածքներն է ետ պահանջում, Թուրքիան ուզում է ազատվել ցեղասպանության խնդրից, Իրանն ամեն ինչ անում է, որպեսզի իրեն չմասնատեն, ՌԴ-ն, ԱՄՆ-ը իրենցն են փորձում ստանալ, իսկ մե՞նք: «Ասում ես՝ էսպես է իրավիճակը, ասում են՝ ի՞նչ անենք, գնանք կախվե՞նք: Կախվելը քաղաքական կատեգորիա չի: Ի՞նչ «Նոր Կովկաս», բաժանարար գծերի վերացում, ԱՄՆ-ը նոր գծեր է դնում. ո՞ւր ենք մնալու մենք, Թուրքիայի գրկո՞ւմ՝ ընդունելով Կարսի պայմանագիրը, սա՞ է վերջը»,- կարծում է մեր զրուցակիցը:

Հ. Գ. Արամ Կարապետյանի կարծիքը խնդրի տնտեսական-հումանիտար եւ ռազմական ասպեկտների մասին՝ հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել