Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ն ԱՆԸՆԴՀԱՏ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"«Մելտեքս» ընկերության ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը փորձում են հասնել այս հեռուստաընկերության իրավունքների վերականգնմանը ՍԴ-ի եւ ՄԻԵԴ-ի միջոցով:

Սեպտեմբերի 15-16-ին Մարդու իրավունքների հատուկ հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը եւ մասնավորապես անդրադարձել «Ա1+»-ի գործին: Ընդունված որոշումը ԵԽ պաշտոնական կայքէջում հրապարակվել է սեպտեմբերի 22-ին: Ըստ այդմ՝ «Ա1+»-ի գործով վճռից հետո կիրառված ընդհանուր միջոցների առնչությամբ ԵԽ նախարարների կոմիտեն ի գիտություն է ընդունել Հայաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությունը, որ 2009-ի ապրիլի 28-ին փոփոխություններ են արվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 31.3 հոդվածում, ըստ որի՝ ՀՌԱՀ-ը պետք է այսուհետ հանգամանալից հիմնավորի արտոնագիր տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ իր որոշումները եւ ապահովի որոշումների ընդունման թափանցիկությունն ու մատչելիությունը: Ինչ վերաբերում է «Ա1+»-ի գործով կիրառված կոնկրետ՝ անհատական միջոցներին, որոնցով իշխանությունները պետք է հնարավորինս վերացնեին իրավունքի խախտման հետեւանքները՝ ԵԽ նախարարների կոմիտեն ի գիտություն է ընդունել տեղեկատվությունը, թե նոր մրցույթը, որին «Ա1+»-ը հնարավորություն ունի մասնակցել՝ նախատեսվում է անցկացնել 2010-ի հուլիսին. «Եվ առաջարկել է պատասխանող պետությանը կոմիտեին տեղեկացնել այն բոլոր զարգացումների մասին, որոնք լինելու են մրցույթի նախապատրաստման ընթացքում»: Նաեւ առաջարկել են տեղեկատվություն ներկայացնել հնարավոր այլ միջանկյալ միջոցներ կիրառելու հնարավորության մասին: ԵԽ նախարարների կոմիտեն որոշել է այս ամենի մասին տեղեկատվություն ստանալուց հետո հարցին վերստին անդրադառնալ դեկտեմբերի 1-4-ը կայանալիք հանդիպման ընթացքում:

Դեկտեմբերի 15-ին նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանը կքննի «Ա1+»-ին առնչվող մի հայց, որը օգոստոսի 19-ին ներկայացրել էին «Մելտեքս» ընկերության ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը (նրանց դիմումը մանրամասն ներկայացրել ենք «Առավոտի» օգոստոսի 26-ի համարում): Բացի այդ՝ ինչպես մեզ հայտնեց Արա Ղազարյանը, պատրաստվում են «Ա1+»-ի մի նոր դիմում ներկայացնել ՄԻԵԴ. «Նախնական նամակն արդեն ուղարկել ենք ու ստացել ենք պատասխան, որ դիմումը գրանցվել է: Մինչեւ հոկտեմբերի 28-ը ժամկետ է տրվել, որպեսզի մենք ներկայացնենք դիմումը: Այն ցանկանում ենք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34 եւ 46 հոդվածների հիմքով»: Նշենք, որ ըստ 34 հոդվածի՝ ՄԻԵԴ-ը կարող է անհատական գանգատներ ընդունել ցանկացած անձից, որը պնդում է, թե դարձել է իրավունքների խախտման զոհ: Իսկ կոնվենցիայի 46 հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվում են կատարել ՄԻԵԴ վճիռները ցանկացած գործի վերաբերյալ:

Ըստ Արա Ղազարյանի՝ պետությունը «Ա1+»-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը կատարելու 2 ուղիներն էլ փակել է. «Մի ուղին նոր մրցույթն էր, որն ԱԺ-ն փակեց 2008-ի սեպտեմբերին ընդունած օրենքով: Իսկ երկրորդ ուղին 2004-ին դատարանների կայացրած վճիռների վերանայումն էր՝ դրանից բխող հետեւանքներով, ու դա էլ Վճռաբեկ դատարանը փակեց: «Մելտեքսը» սպառել է բոլոր միջոցները, որ ինչ-որ կերպ օգտվի Եվրոպական դատարանի որոշումից: Ըստ այդմ՝ մնում է միայն նորից դիմել ՄԻԵԴ-ին՝ խնդրելով հարուցել նոր վարույթ այն կապակցությամբ, որ իրենց վճիռը չի կատարվում»:

Հայաստանը ԵԽ անդամ միակ պետությունը չէ, որ մեղմ ասած՝ կիսատ-պռատ է կատարում ՄԻԵԴ վճիռները: ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է Կիպրոսի պատվիրակ Խրիստոս Պուրգուրիդեսի զեկույցը, ըստ որի՝ ԵԽ անդամ 47 երկրներից 36-ն ամբողջությամբ եւ ողջամիտ ժամկետներում չեն կատարում ՄԻԵԴ վճիռները: Մինչդեռ ըստ զեկուցողի՝ ընդամենը մի քանի տարի առաջ նման երկրների քանակը դյուժինից չէր անցնում: «Այդ խնդիրն առաջացել է հիմնականում այնժամ, երբ ԱՊՀ երկրները զանգվածաբար մտան Եվրոպայի խորհուրդ,- ասաց Արա Ղազարյանը:- Սակայն փորձը ցույց է տալիս, որ թեեւ պետությունները դիմադրում են, ձգձգում ու խուսանավում, բայց ի վերջո՝ կատարում են ՄԻԵԴ վճիռները: Իսկ «Ա1+»-ի վերաբերյալ ասկետական ժլատությամբ ընդունված վճիռը հանգեցրեց նրան, որ այն առավել ծառայում է ոչ թե խնդրի լուծմանը, այլ տալիս է խուսանավելու հնարավորություն: Բայց Եվրոպայի խորհուրդը հասկանում է, որ եթե իր վճիռները չկատարելու այս վիճակը շարունակվի՝ հեղինակազրկվում է Եվրոպական դատարանը»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե «Ա1+»-ի խնդրի վրա ի՞նչ ուղղակի ազդեցության ակնկալիքներ ունեն ՍԴ-ում քննարկումից, եթե հաշվի առնենք, որ իրենց հայցը վերաբերում է ընդհանրական խնդրի՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 204-28 հոդվածի 1-ին ենթակետի սահմանադրականությունը որոշելուն, եւ ՍԴ-ն այս կապակցությամբ սեպտեմբերի 1-ին պատասխանող է ճանաչել Ազգային ժողովին: Ըստ այդմ՝ անգամ հայցապահանջը բավարարելու դեպքում լուծումը լինելու են միայն օրենսդրական փոփոխությունները: «Եթե այդ հոդվածը մնա, ապա քաղաքացիների՝ միջազգային ատյան դիմելու իրավունքը դառնում է պատրանքային՝ ոչ արդյունավետ, քանի որ քաղաքացին կարող է շահել գործը եւ գալ այստեղ՝ փորձել իր իրավունքները վերականգնել Վճռաբեկ դատարանի միջոցով, որպեսզի այն տեսնի նոր հանգամանք եւ հրահանգի վերանայել նախկին որոշումը: Բայց Վճռաբեկ դատարանը կարող է մերժել՝ նոր հանգամանք չտեսնելով»,- ասաց Արա Ղազարյանը:

Ի դեպ, ՍԴ-ն «Ա1+»-ի ներկայացուցիչների դիմումը քննելու է Սերինե Ֆլջյանի դիմումի հետ համատեղ, որը նույնպես վիճարկում է ՔԴՕ այդ հոդվածի սահմանադրականությունը, բայց արդեն ոչ թե ՄԻԵԴ, այլ հենց ՍԴ որոշումները չկատարելու առնչությամբ:

Արտակ Զեյնալյանը վստահություն հայտնեց, որ իրենց հայցը կունենա դրական ազդեցություն «Ա1+»-ի խնդրի լուծման վրա. «ՍԴ-ն եթե հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց մեր կողմից վիճարկվող նորմը՝ այն հիմք պիտի հանդիսանա վերանայելու Վճռաբեկ դատարանի 2009-ի փետրվարի 19-ի որոշումը «Ա1+»-ի գործով: Եվ այլեւս այդ դատարանը չի կարողանա ուժի մեջ թողնել 2003-ի իր որոշումը»:

Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ իրենց պայքարն իրավունքի համար է. «Նոր մրցույթ հայտարարելով՝ «Ա1+»-ի իրավունքները չեն վերականգնվում: Նոր մրցույթ հայտարարելու դեպքում՝ հնարավոր է, որ «Ա1+»-ի իրավունքները չխախտվեն: Բայց դեռ չեն վերականգնվել 2002-2003 թթ. մրցույթների ժամանակ այս հեռուստաընկերության խախտված իրավունքները: Եվ եթե ՍԴ որոշումը դրական լինի եւ հակասահմանադրական ճանաչվի այդ դրույթը՝ իրավունքի խախտման վերականգնման հարցը կարող է լուծվել 3 ամսվա ընթացքում. Վճռաբեկ դատարան նոր հանգամանքի հիմքով ներկայացված դիմումը կարող է լուծում տալ այդ խնդրին: Նաեւ որոշակի լիցքաթափման խնդիր էլ կա. Վճռաբեկ դատարանն իր փետրվարի 19-ի որոշումների մեջ անգամ չի արտագրել ՄԻԵԴ վճռից այն դրույթը, որով ճանաչվել է «Ա1+»-ի իրավունքների խախտումը: Արտագրելու դեպքում, կարծում եմ, անհամեմատ անհամոզիչ կլիներ Վճռաբեկ դատարանի որոշումը՝ հայցը մերժելու վերաբերյալ: Պետությունն ի վերջո պիտի հաշտվի «Ա1+»-ի հետ, իսկ այսպես ստացվում է, թե անընդհատ պայքարի մեջ է «Ա1+»-ի դեմ»:

Հ. Գ. Արտակ Զեյնալյանը նաեւ հայտնեց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել 16 գործերով, բայց դրանցից եւ ոչ մեկը հետո չի վերանայվել մեր դատական համակարգում. «Ու չի վերականգնվել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել