Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանվեցերորդ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆԱՑԸ
Եվ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհի էրեսին ըտենց մարդ չկա, որ նեղ մոմենտներ ունեցած չըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Պուտինը որ Պուտին ա, էլի նեղ մոմենտներ ունեցած կըլնի», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «բայց իրա ընկերն ամենանեղ մոմենտին օգնության հասավ», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ օգնության հասավ», եւ Սաքոն պատասխանեց ու ասաց՝ «Ելցինը», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչ հանաքի եք տալի», եւ Գեւորն ասաց՝ «Սաքոն ճիշտ ա ասում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Գեւորն ասաց՝ «փաստորեն, Ելցինը չեղած տեղից Պուտինին թագավոր դարձրեց», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ ա թվում, թե չեղած տեղից դարձրեց», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «սովորական կագեբեշնիկ չէ՞ր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշ բաներ չխոսանք», եւ Դերոն հարցրեց՝ «բայց Ելցինն ու Պուտինն ընկեր էղե՞լ  են», եւ Գեւորն ասաց՝ «Պուտինն էն վախտ ո՞վ էր, որ Ելցինի ընկերն ըլներ», եւ Դերոն հարցրեց՝ «որ ընկերը չէր՝ բա խի՞ էդքան մեծ լավություն արեց», եւ Սաքոն ասաց՝ «մտածում էր՝ լավություն անի՝ դեմը դուս կգա», եւ Դերոն հարցրեց՝ «դեմը դուս էկա՞վ», եւ Սաքոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «հա. Ելցինի սաղ մոտիկներին բերդերը քցեց», եւ Գագոն քամահրանքով ասաց՝ «պարզվում ա՝ քաղաքականությունից էլ եք շատ ուժեղ հասկանում»,  եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ամեն ինչից էլ քիչումիչ հասկանում ենք», եւ Գեւորը ծիծաղելով Գագոյին ասաց՝ «սաղ դեպուտատները Սաքոյի մոտ են իրանց ավտոները դզումփչում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խի՞ մենակ դեպուտատները», եւ Գեւորը ժպտալով Սաքոյին ասաց՝ «որ էդքան մեծամեծների հետ շփվում ես, կարա՞ս քո կարծիքն ասես», եւ Սաքոն հարցրեց՝ «ինչի՞ մասին», եւ Գեւորը հարցրեց՝ «կարա՞ս ասես՝ իսկական ընկերն ով ա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «իսկական ընկերն է՛ն մարդն ա, որ ընկերոջը կենաց ասելուց չի խանգարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ Արմոյին ստիպում ենք կենաց ասի, համ էլ խանգարում ենք», եւ Գեւորը մի քիչ մտածեց  ու ասաց՝ «Արմենն իրա ասելիքն ասեց՝ պրծավ», եւ Սաքոն Գեւորին հարցրեց՝ «ի՞նչ ասեց», եւ Գեւորը հարցական ինձ նայեց, մի քիչ մտածեց ու ասաց՝ «եսիմ», եւ Դերոն ասաց՝ «չենք թողում Արմոն իրա մտքինը մինչեւ վերջ ասի», եւ Գեւորը մեղավոր հայացքով նայեց ինձ ու ասաց՝ «ինձ թվում էր՝ ասել պրծել ա», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ պրծած ըլներ՝ խմած կըլնեինք», եւ Գեւորը նայեց իր լիքը բաժակին, մի քիչ մտածեց, հետո նայեց Դերոյին ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ճիշտ ես ասում», եւ Դերոն ինձ ասաց՝ «շարունակի, Արմո ջան», եւ Սաքոն ժպտալով ինձ ասաց՝ «ուշադիր լսում ենք», եւ ես ժպտալով ասացի՝ «արդեն մոռացա՝  ինչ էի ասում», եւ Դերոն հիշեցրեց՝ «ասում էիր, որ ընկերն ընկերոջը չպիտի վնաս տա», եւ ես ժպտալով Գեւորին հարցրի՝ «շարունակե՞մ, թե՞ էլի խանգարելու ես», եւ Գեւորը ծիծաղելով  ասաց՝ «ով որ խանգարի՝ հըմըզը պըպըզը», եւ  Դերոն ժպտալով Գեւորին ասաց՝ «տես՝ ասել ես», եւ Գեւորը ժպտալով  ինձ ասաց՝ «ասա, Արմեն ջան», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ ընկերն ընկերոջը վատություն չանի՝ էդ արդեն շատ մեծ բան ա» ու էդ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեի բանաստեղծ ընկերներիցս  հատկապես մեկին, որը մեր ամսագրերից մեկում իմ պոեզիան ու մանավանդ անտիպոեզիան շատ ուժեղ քննադատել էր, եւ քանի որ ընկերության էդ կենացիս պահին դեռեւս երկու հազար յոթի սեպտեմբերի չորսն էր, եւ դեռեւս Առաջինն «Արմենիա Մարիոթի» իր ելույթը չէր  ունեցել, ու դեռեւս Հայաստանում քաղաքական նոր ժամանակը չէր սկսվել, ու դեռեւս գրական մանրմունր կրքերի մեջ էինք, էդ ամսագրում  երեսունհինգ տարվա ընկերոջս էդ քննադատությունից ի խորոց  սրտի էի խոցված, որովհետեւ մշտապես էն կարծիքին եմ եղել, որ ոչ միայն ընկեր բանաստեղծները, այլեւ թշնամի բանաստեղծներն իրար դեմ գրելու ու իրար գրածները քննադատելու իրավունք չունեն, եւ առավել եւս իմ բանաստեղծությունների դեմ որեւէ բանաստեղծ բարոյական իրավունք չունի գրել՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ արդեն յոթ տարի կլինի՝ բանաստեղծական որեւէ տող չեմ գրել, ինչպես նաեւ՝ կյանքումս որեւէ բանաստեղծի բանաստեղծության դեմ բառ անգամ գրած չկամ, եւ չնայած էդ ամսագրում երեսունհինգ տարվա բանաստեղծ ընկերոջս գրածի վրա բավական ժամանակ էր անցել, այդուհանդերձ, նեղացածությունս ու վիրավորվածությունս դեռեւս չէին անցել, որովհետեւ ներքաղաքական նոր ժամանակները դեռեւս չէին սկսվել, ու էդ պահի դրությամբ ինքս էլ էի գրական ու մերձգրական մանրմունր կրքերի մեջ եռանդուն տժտժում ու տապակվում, եւ երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն, երբ Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գեւորի պատվերով մեր ընկերության կենաց տեքստն էի մտմտում, չէի կարող ենթադրել, որ ընդամենը տասնյոթ օրից Հայաստանում միանգամայն նոր ու միանգամայն անծանոթ ժամանակ է սկսվելու, ու ընկերն ընկերոջ դեմ էնքան սրտանց ու խրոխտ է կանգնելու, որ մեր էդ գրողական  մանրմունր չուզողություններն ընդամենը մանկական չարաճճիություն են թվալու եւ հատկապես ու առանձնապես ինձ են մանկական չարաճճիություն թվալու, որովհետեւ ես, ինչպես միշտ, էս անգամ էլ հեղափոխական ու հակահեղափոխական չդառնալով՝ երկուսի հոգսն էլ հավասարապես իմն եմ համարելու, եւ երկուսի սխալներն էլ եմ հավասարապես իմը համարելու, որովհետեւ էսքան ապրելուց ու էսքան  տեսնելուց հետո նույնիսկ արտաքին թշնամու  գոյությունը չտեսա ու չընկալեցի, մինչդեռ էս միանգամայն նոր ժամանակի մեջ բարեկամներս ու հարեւաններս, ծանոթներս եւ անծանոթներն ինձ պարտադրում են հստակորեն տեսնել մեր ներքին թշնամուն, ընդ որում՝ ինձանից  պահանջվում է ոչ միայն հայտնաբերել ու  տեսնել մեր ներսի թշնամուն, այլեւ որոշակիորեն ու տեսանելիորեն պայքարել էդ, ուրեմն, ներքին թշնամյաց դեմ. այսինքն, ամեն ինչից բացի, ինձանից պահանջվում է նաեւ ելույթներ ունենալ հարյուրհազարանոց հանրահավաքներում, եւ, ինչպես միշտ, պահանջողները հիմնականում նրանք են, ովքեր իրենց էդ պահանջները երբեւէ չեն կատարել ու չեն կատարելու, մինչդեռ ինձանից մշտապես պահանջել ու պահանջում են՝ առանց հասկանալու, որ բանավորս ընդհանրապես պիտանի չէ ելույթների ու հատկապես հրապարակային ելույթների համար՝ ոչ միայն բառապաշարիս առումով, այլեւ՝ առոգանության. այսինքն, ինձանից պահանջում են այն, ինչը երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն «Բելաջիո» ռեստորանում ինձանից պահանջում էր Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գեւորը, եւ էդ իրիկուն ինձանից կախված ամեն ինչ անում էի, որ մեր ընկերության կենացի վրա մի քանի հոդաբաշխ ու ամփոփ միտք արտահայտեի, եւ, ինչպես տեսաք, կարծես ստացվում էր, չնայած նույն Գեւորն ու մյուս համադասարանցիներս  խանգարում ու խոսքս շարունակ կտրում էին,  բայց, ինչպես երեւի նկատեցիք, էդ օրը վճռական էի տրամադրված, որովհետեւ քաղաքական նոր ժամանակները դեռեւս չէին սկսվել, ու դեռեւս ասելիք ունեի հատկապես ընկերության կենացի շրջանակներում, քանի որ, էդ պահի դրությամբ, դեռեւս մերձգրական մանրմունր կրքերով էի տապակվում, եւ քանի որ էդ պահի դրությամբ հուսախաբված էի գրական միջավայրի իմ մի քանի նախկին ընկերներից, եւ քանի որ էդ պահի դրությամբ անընկեր ու մենմենակ էի, պատրաստ էի սիրտս բացել Տերյանի դպրոցի  համադասարանցիներիս առաջ, որովհետեւ էդ պահի դրությամբ նաեւ սկսել էի հասկանալ, որ բուքմեյքերական միջավայրն էլ ինձ համար ապագա չի՝ ոչ միայն ֆինանսական, այլեւ՝ ընկերության առումով, որովհետեւ ընկերության քննությունը հատկապես բուքմեյքերական մթնոլորտում երկար չի դիմանում, եւ, ինչպես մյուս  ասպարեզներում, էստեղ էլ է ընկերությունը ճաք տալիս ու հարամվում հատկապես էն պահերին, երբ ընկերներից մեկը որոշակիորեն ու շոշափելիորեն շահում է, իսկ մյուսը՝ տուժում, եւ սեփական փորձիցս պիտի ասեմ, որ բուքմեյքերական հաստատություններում մեր շահելն ու տուժելն ամեն օր պատահող ու տեղի ունեցող բաներ են, եւ երբ խաղընկերդ շոշափելի կամ նույնիսկ չնչին գումար է շահած լինում, իսկ դու, ընդհակառակը, շոշափելի կամ նույնիսկ չնչին գումար ես տանուլ տված լինում, առանձնապես չես ուրախանում՝  երբ խաղընկերդ ցնծագին աչքդ է խոթում իր շահած կտրոնը, եւ երբ իր ցնծությանն առանձնապես չես արձագանքում, մտածում է՝ նախանձում ես իրեն, մինչդեռ դու ոչ թե նախանձում ես, այլ իրենից ես որոշակի կարեկցանք ակնկալում տանուլ տալուդ առթիվ, եւ, փաստորեն, էստեղ ամեն օր ու ամեն րոպե ընկերական, ընկերային ու մարդկային փոխհարաբերությունները խախտվում ու  փոփոխվում են, եւ շահողը շահողին է հասկանում՝ անկախ նրանից՝ ով ինչքան է շահել, եւ նմանապես տուժածին տուժածն է հասկանում՝ վերստին անկախ չափերից, եւ եթե վերջին մի քանի տարիներին էս բուքմեյքերական տարածքներն ինձ համար հարմարավետ ու ապահով ապաստան ու ապաստարան էին՝ գրական ու գրողական միջավայրից փախչելու ու թաքնվելու համար, հիմա միանգամայն այլ ապաստան ու ապաստարան եմ փնտրում՝ արդեն բուքմեյքերական միջավայրիցս թաքնվելու համար, իսկ ավելի ճիշտ՝ առաջ էլ ու հիմա էլ բուն կյանքից եմ փախել ու փախչում՝ բուն կյանքից հնարավորինս թաքնվելով, եւ երկու հազար յոթի սեպտեմբերի չորսին էլ էի «Բելաջիոյում» բուն կյանքից թաքնված, եւ էս պահին էլ, երբ մեր էդ ընկերական հանդիպումը հիշելով գրի եմ առնում, վերստին բուն կյանքից փախած ու թաքնված եմ, ավելի ճիշտ՝ փախչելու ու թաքնվելու անօգուտ ճիգեր եմ գործադրում. անօգուտ, որովհետեւ արդեն մի քանի ամիս է՝ Լաչինից վերադարձել ու վերջնականապես հասկացել եմ, որ եթե նույնիսկ Լաչինում  թաքնվելուս տեսլականն իրականություն դառնար, ոչ թե բուն կյանքից փախուստ էր լինելու, այլ, ընդհակառակը, փախուստ՝ դեպի բուն կյանք, եւ եթե էսքան տարի մեր մայրաքաղաքում  առանց բջջայինի գոյատեւել ու յոլա եմ գնացել, Լաչինում առանց բջջայինի մի օր էլ չէի  կարող յոլա գնալ՝ ոչ միայն էն պատճառով, որ Լաչինում սովորական տնական հեռախոսներ չկային, այլեւ էն պատճառով, որ էս պահին բուն կյանքն առավելագույնս հենց Լաչինում է առկա, ուր մարդիկ աշխատում ու բուն կյանքով են ապրում, եւ հեչ պատահական  չի, որ քաղաքագետներն ու բոլորը Լաչինը կյանքի միջանցք են անվանում, եւ, փաստորեն, Լաչինում չմնալս ու Լաչինից վերադարձս եւս մի փախուստ էր բուն կյանքից, ավելի ճիշտ՝ փախուստի եւս մի անհաջող փորձ, որովհետեւ Լաչինից վերադառնալով՝ ես վերջնականապես հասկացա ու համոզվեցի, որ երկրագնդի վրա բուն կյանքից թաքնվելու տեղ գոյություն չունի, եւ իրականության մեջ բուն կյանքից  փախչելու ու թաքնվելու միակ տարածքը մահվան տարածքն է, էն էլ՝ որոշակի  հարցականով, որովհետեւ դեռեւս հայտնի չի՝ էնտեղ ինչեր  կան, եւ Լաչինից վերադառնալով՝ նաեւ հասկացա, որ ոչ միայն բուն կյանքից փախչելն է անհնարին, այլեւ՝ բուն կյանքով անմնացորդ չապրելը, եւ եթե որեւէ մեկին թվում է, թե ինքն էս բուն կյանքով չի ապրում, չարաչար է  սխալվում, որովհետեւ հատկապես էն պահերին, երբ քեզ թվում է թե՝ բուն կյանքով  չես ապրում, հատկապես  էդ պահերին ես բուն կյանքով ապրում, ընդ որում՝ էդ պահերին բուն կյանքն առավել խորությամբ ես զգում ու ապրում, քան՝ սովորաբար, եւ չնայած մարդիկ ու հատկապես  նախկին ընկերներդ քեզ մի տեսակ են նայում, դա ամենեւին չի նշանակում, թե՝ առանձնապես փոխվել ես, եւ մինչ մարդիկ ու նախկին ընկերներդ  քեզ մի տեսակ են նայում, արդեն անկախ քեզանից միանգամայն այլ մարդկանց շրջապատում ես հայտնված լինում, որովհետեւ շրջապատն  ու ընկերներն անխուսափելի են՝ ինչպես էս կյանքը, եւ էս կյանքում բոմժերն անգամ շրջապատի ու ընկերների պակաս չեն զգում, որովհետեւ եթե մարդ արարածն ինչ-որ մեկի կամ որեւէ շրջապատի համար ավելորդ է դառնում, հենց էդ պահից սկսած՝ էդ նույն մարդ արարածն անհրաժեշտություն է դառնում միանգամայն ուրիշ մեկի եւ միանգամայն այլ շրջապատի համար, եւ երկու հազար յոթի սեպտեմբերի չորսին  հենց էդ իրավիճակն էր, եւ ես իմ գրական ու բուքմեյքերական  միջավայրերից փախած՝ հայտնվել էի «Բելաջիո» ռեստորանում ու միանգամայն նոր շրջապատում,  եւ եթե նկատի ունենանք նաեւ, որ նորը սովորաբար լավ մոռացված հինն է, իրավունք ունեմ Տերյանի դպրոցի իմ ընդամենը երեք տարվա դասընկերներին եւ հատկապես Գագոյին  նոր շրջապատ անվանել, եւ  եթե Գեւորին, Սաքոյին ու Դերոյին ժամանակ առ ժամանակ քաղաքում հանդիպում էի, Գագոյին երրորդ դասարանից էս կողմ առաջին անգամ էի  տեսնում, բայց եթե տեսած լինեի՝ հաստատ կճանաչեի, որովհետեւ Գագոն   արտաքինից համարյա չէր փոխվել, եւ տարիների ընթացքում համարյա չփոխվելը գրեթե բոլոր դասընկերներիս ու դասընկերուհիներիս  է վերաբերում եւ հատկապես Տերյանի ու Տիմոշենկոյի դպրոցների իմ դասընկերներին ու դասընկերուհիներին է վերաբերում, եւ այդ է պատճառը, որ ես քառասուն ու հիսուն տարիներ անց փողոցում իմ համադասարանցիներին տեսնելով՝ անմիջապես  ճանաչում եմ, մինչդեռ իրենցից քչերն են ինձ ճանաչում ու տեղը բերում, եւ քանի որ հիմնականում տեղը չեն բերում, հիմնականում ծանոթություն չեմ տալիս եւ կողքներով սուսուփուս անցնում ու գնում եմ, որովհետեւ եթե ոգեւորված ծանոթություն եմ տալիս, հազիվ են տեղը բերում, ու էս ասածս հիմնականում վերաբերում է Տերյանի ու Տիմոշենկոյի դպրոցների իմ համադասարանցիներին, որոնց հետ ցածր դասարաններում եմ սովորել, եւ քանի որ ես իրենց մշտապես ճանաչում եմ, իսկ իրենք ինձ մի կերպ՝ երբեմն քաղաքավարությունից ելնելով են տեղը բերում, էդ դեպքերում տխրելով մտածում եմ, որ ես, ի տարբերություն իրենց, միգուցե շատ եմ փոխվել, բայց երբեմն էլ լավատեսորեն ենթադրում եմ, որ ես, ի տարբերություն իրենց, շատ ուժեղ ու բացառիկ տեսողական հիշողություն ունեմ, եւ եթե Գեւորն ինձ նախապես ասած չլիներ էլ, որ «Բելաջիոյում» Գագոյին ենք հանդիպելու, ես Գագոյին տեսնելով՝ անմիջապես կճանաչեի, չնայած Գագոն մյուսներիս համեմատ անճանաչելի էր՝ ներքուստ ու արտաքուստ, եւ եթե Գագոն չլիներ, իրենք Պլանի գլխի էդ «Բելաջիոյում» երեւի երբեւէ չհայտնվեին, եւ էս դեպքում «իրենք» եմ ասում, որովհետեւ ես «Բելաջիոյում» երկու անգամ արդեն եղել էի՝ առաջին նախագահի  վաթսունամյակի ու հորաքրոջս թոռան՝ Արմենի հարսանիքի առիթներով, մինչդեռ Գեւորը, Դերոն ու Սաքոն առաջին անգամ էին լինում եւ, փաստորեն, Գագոյի շնորհիվ,  եւ չնայած տարիների ընթացքում իրենց հետ հազվադեպ էի շփվել, երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն ներկայությունս ավելորդ չէի համարում՝ թեկուզեւ էն պատճառով, որ ընկերության կենաց խոսք ասելու պատիվն ինձ էր վերապահված, եւ չնայած սովորաբար ընկերության կենացի վրա առանձնապես չեմ արտահայտվում, երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն ուղղակի բլբուլ էի կտրել, եւ չնայած տղերքն ինձ մի գլուխ ընդհատում ու խանգարում էին, ես համառորեն շարունակում էի արտահայտվել, եւ չնայած կոնկրետ ու որոշակի ասելիք չունեի, սիրտս բացելու ցանկությունս  ահավոր մեծ էր, բայց քանի որ մտքիս մեջ պատրաստի բառեր չկային, ասածներս չափազանց կցկտուր ու անհասկանալի էին, եւ քանի որ  կենացն ընկերությանն էր վերաբերում, ամեն մեկն ուզում էր իր մտքինն ասել ընկերության  վերաբերյալ, եւ չնայած անձամբ Գեւորն էր ինձնից կենաց խոսք պահանջողը, ամենից շատ հենց ինքն էր խանգարում ու ընդհատում, եւ իրեն ու մյուսներին առանձնապես մեղադրելու էլ չէր, որովհետեւ հայերիս համար պարտադիր երեք կենացներ գոյություն ունեն՝ ծնողների, երեխաների եւ ընկերության, եւ եթե ներկաների մեջ սփյուռքահայ է լինում՝ նաեւ հայրենիքի, եւ եթե մյուս երեք կենացները հիմնականում առանց երկարբարակ խոսելու ենք խմում, ընկերության կենացի վրա անպայման երկարբարակ արտահայտվում ու երկարբարակ դատողություններ ենք անում, եւ քանի որ ընկերություն կոչվածը չափազանց վերացական ու չափազանց ընդգրկուն  հասկացողություն է, մեկիս երկարբարակ դատողությունները մյուսների կողմից միանշանակ չեն ընկալվում ու ընդունվում, եթե, իհարկե, թամադան փորձառու ու արհեստավարժ չի եւ կենացը բանավեճի վերածելու ներկաների նկրտումները ճիշտ ժամանակին չի կանխում, բայց եթե թամադան կամ կենաց ասողն ինձ պես անփորձ ու վեհերոտ մեկն է լինում, ընկերության կենացն իսկական բազարի է վերածվում, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրն ընկերության մասին իր սեփական կարծիքն ու պատկերացումն ունի, եւ չնայած ընկերության մասին մեկիս պատկերացումը մյուսիս պատկերացմանը հիմնականում  համընկնում է, այդուհանդերձ, մեզանում ընկերության կենացը սովորաբար բազարի է վերածվում, եւ չնայած ընկերության մասին մեր պատկերացումները հիմնականում համընկնում են, յուրաքանչյուրս էդ թեմային յուրովի ու անձամբ իր տեսանկյունից է մոտենում, եւ յուրաքանչյուրս մշտապես համոզված է, որ երբեւէ ոչ թե ինքն է ընկերոջը դավաճանել, այլ ընկերը՝ իրեն, եւ երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն էլ էինք էդպես կարծում, եւ առանձնապես դժգոհ չէի, որովհետեւ ինչ որ ասելու ունեի՝  արդեն ասել էի եւ առանձնապես ավելացնելու բան չունեի եւ ներքուստ նույնիսկ գոհ էի, որ տղերքն ինձ անընդհատ ընդհատելով՝ խոսում ու արտահայտվում էին ընկերության մասին, եւ չնայած Գագոն շարունակում էր պնդել, թե՝ հայերս քեֆ անել ու ուրախանալ չգիտենք, ես էդ իրիկուն լավ էլ ուրախ էի, եւ ուրախությունս սկսվեց հատկապես էն բանից հետո, երբ Գեւորն իր բջջայինով զանգեց Դերոյի բջջայինին, ու Դերոն վերստին միացավ մեզ, եւ ես ուրախ էի ոչ թե էն պատճառով, որ վերջապես բջջային կոչվածի բուն իմաստն ըստ էության հասկացա, այլ էն պատճառով, որ Դերոյի բացակայության պայմաններում անհնարին էր մեր էդ ընկերական հավաքի  շարունակությունը պատկերացնել, որովհետեւ,  ինչպես երեւի դուք էլ նկատեցիք, հատկապես Դերոյի նկատմամբ  հատկապես մեր էդ հանդիպման  սկզբում Գագոն իրեն շատ սխալ պահեց, եւ չնայած Դերոյի անակնկալ հայտնությունից հետո էլ էր Գագոն շարունակում իրեն սխալ պահել եւ սխալ բաներ խոսել, իր էդ շարունակական սխալներն արդեն մեր տրամադրության վրա առանձնապես չէին ազդում, քանի որ մենք մեր Գագոյից ավելին չէինք էլ սպասում, եւ երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն ինքն իր էդ վիճակում շատ ավելին էր, քան՝ իր մասին մեր պատկերացումները, որովհետեւ Գագոն ոչ միայն դպրոցական տարիներին, այլեւ դրանից հետո էլ անշուք ու աննկատ մեկն էր, եւ ահա դեպքերի բերումով իննսունականների սկզբներին Ռուսաստան տեղափոխվելով եւ երկու հազար յոթի օգոստոսի վերջերին իր իմպլանտի առիթով Հայաստան վերադառնալով՝ միանգամայն անճանաչելի էր, բայց երկու հազար յոթի սեպտեմբերի չորսի էդ իրիկուն իրենով առանձնապես  ապշած չէինք, որովհետեւ իր մեծահարուստ դառնալու մասին Գեւորից նախապես էինք իրազեկված, եւ ինչքան Գագոյի ներկայությունն էդ իրիկուն շարունակվում էր, էնքան Գագոն ավելի ու ավելի էր հասարականում, եւ ինչքան ինքը խոսում ու արտահայտվում էր, էնքան իր մեծահարուստ լինելը մոռացության էր մատնվում, եւ եթե  էդ իրիկվա ճոխ ու միանգամայն ավելորդ ուտեստներով բեռնավորված սեղանը չլիներ, եւ եթե չլինեին իր հաստացած վզի ու ձեռքի չափազանց հաստ ոսկե շղթաները, մենք երեւի չհավատայինք էլ, որ Գագոն որեւէ մեկիս համեմատ ունեւոր է, եւ ինչքան  մեր սեղանակցությունը շարունակվում էր, էնքան  իր ունեւորությունը փոշիանում ու հօդս էր ցնդում, եւ չնայած Գագոն էդ օրվա էդ հանդիպումը  նախաձեռնել ու կազմակերպել էր իր ու մեր միջեւ արմատական տարբերությունն առաջին անգամ շեշտելու ու ցուցադրելու նպատակով, այդուհանդերձ, իր հաստ շղթաներից, բացառիկ ժամացույցից ու բացառիկ բջջայինից զատ՝ զարմացնելու ու ցուցադրելու այլ բան չուներ, եւ եթե էդ պահին իրենով զարմացած մեկը կար՝ ես էի, ու մինչ իրենք ընկերության մասին իրենց դատողություններն էին շարունակում, ես մտովի շարունակում էի զարմանալ, թե ինչպես Գագոյի պես մեկը կարող էր էս դժվարին ժամանակներում փողատեր ու երեւելի դառնալ, եւ մտածածիս պատասխանը ոչ մի կերպ չգտնելով՝ ականջիս ծայրով շարունակում էի որսալ ընկերության մասին տղերքի դատողությունները, եւ չնայած մշտապես անտարբեր եմ վերաբերվել ընկերության թեմայով վերամբարձ ճառերին, էդ իրիկուն ամենեւին էլ անտարբեր չէի, որովհետեւ էդ պահի դրությամբ վերջնականապես էի հեռացած գրող ու բանաստեղծ ընկերներիցս, իսկ բուքմեյքերական խաղընկերներիս հետ ընկերություն չէր ստացվում, եւ քանի որ քաղաքական նոր ժամանակներն ու նոր մտահոգությունները դեռեւս չէին սկսվել, իմ մենակությունն ու մեկուսացումն ինձ համար միանգամայն լուրջ մտահոգություն էին, եւ չնայած իմ նախկին շրջապատն էն կարծիքին էր, որ ես մենակության խնդիր չունեմ ու կարողանում եմ առանց շրջապատի էլ յոլա գնալ, ես հո գիտեմ, որ մշտապես մենակության ու ընկերության խնդիր ունեմ, որովհետեւ սովոր չեմ էս կյանքը մեն-մենակ ապրել ու վայելել:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել