Չորեքշաբթի օրը ռեկորդային ժամանակահատվածում կատարված կողոպուտն ու հանցագործների լկտիությունն ու պատրաստվածությունը ցնցել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: «Новые известия»-ի փոխանցմամբ, ընդամենը 20 րոպեի ընթացքում կողոպտիչները ուղղաթիռից իջել եւ կողոպտել են Ստոկհոլմում գործող խոշորագույն G4S ինկասատորային ֆիրմային պատկանող արժեթղթերի պահեստը: Աղբյուրի փոխանցմամբ, դա այնքան մեծ գումար է, որ Շվեդիայի մայրաքաղաքի բնակիչները կարող են կանխիկ գումարի պակաս զգալ: Տուժած ընկերության ղեկավարությունը հրաժարվել է գոնե մոտավորապես նշել գումարի այն չափը, որը կողոպտվել է պահեստից, բայց Շվեդիայի Առեւտրի կազմակերպության ներկայացուցիչ Դիկ Մալմլունդը ասել է, թե խոսքը գնում է 1 միլիարդ կրոնի (89 մլն ֆունտ սթերլինգ) մասին. «Կողոպտված է այնքան շատ գումար, որ Ստոկհոլմում մոտակա օրերին կարող է կանխիկ գումարի հետ կապված խնդիրներ առաջանալ՝ մասնավորապես բանկոմատներում»: Հանցագործները շենք են ներթափանցել չորեքշաբթի, առավոտյան 5.19-ին, երբ շենքի վրա իջել է Bell2006Jet Ranger մակնիշի սպիտակ ուղղաթիռ, որտեղից դուրս են եկել 3 կամ 4 դիմակավոր եւ ավտոմատներով զինված անձինք ու տանիքից մտել արժեթղթերի պահեստի շենքի օպերացիոն սրահ, որտեղ եղել են ընկերության մի քանի տասնյակ՝ այդ պահին փող հաշվող աշխատակիցներ: Կողոպտիչները պայթուցիկի միջոցով կոտրել են չհրկիզվող պահարաններն ու, իրենց ավարով հանդերձ, պարանի միջոցով նորից բարձրացել են շենքի տանիք եւ անհետացել: Դա կատարվել է այնքան արագ, որ ոստիկանությունը ոչինչ անել չի հասցրել: Նա նույնիսկ չի կարողացել իր ուղղաթիռները օդ բարձրացնել՝ հանցագործներին հետապնդելու համար, որովհետեւ կողոպտիչները անգարի վրա մեծ գրություն են թողած եղել՝ «ռումբ կա»: «Սա ամենաանհավանական հանցագործությունն է, որն ինձ հանդիպել է: Հիմա արդեն կարելի է ասել, որ կողոպուտը կատարել են շատ բարձր կարգի պրոֆեսիոնալներ»,- ցնցված խոստովանել է Կենտրոնական քրեական ոստիկանության ներկայացուցիչ Ուլֆ Իորաննսոնը: