Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ահմադինեջադը քննադատել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին

Սեպտեմբեր 25,2009 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ, հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում, խիստ քննադատության է ենթարկել Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին՝ լռելով իրանական միջուկային եւ իր երկրի հետագա ծրագրերի մասին: Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել է պաղեստինյան տարածքներում «անմարդկային քաղաքականություն» վարելու, ինչպես նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ժողովուրդների հանդեպ վստահությունը կորցնելու մեջ: «Անթույլատրելի է, որ փոքրամասնությունը՝ իր տարածած ցանցերով, որոշի աշխարհի ընդարձակ տարածաշրջանների քաղաքականության, տնտեսության ու մշակույթի հարցերը՝ հաստատելով ստրկատիրական նոր հասարակարգ եւ վնասելով մյուս պետությունների, այդ թվում՝ նույնիսկ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի վարկը, բավարարելու համար իր ռասիստական հավակնությունները»,- հայտարարել է Ահմադինեջադը:

«Reuter»-ի փոխանցմամբ, Իրանի նախագահի ելույթի ժամանակ մի քանի պատվիրակություններ, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ի, լքել են նիստերի դահլիճը: Իսկ Ահմադինեջադը մեղադրել է նաեւ ԱՄՆ-ին՝ Մերձավոր Արեւելքում «պատերազմներ, արյունահեղություն, ահաբեկչություն եւ վախ» տարածելու մեջ՝ մատնանշելով Իրաքն ու Աֆղանստանը: Նա հայտարարել է, թե «Իրանը կպաշտպանի իր օրինական իրավունքները»:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները հայտարարել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հնարավորության մասին, որոնք պայմանավորված են ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելու մասին ՄԱԿ-ի պահանջները Իրանի կողմից չկատարելու փաստով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել