Մոլդովայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Միխայ Գիմպուն հինգշաբթի օրը Քիշնեւում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ վերջինիս հավաստիացրել է, թե Քիշնեւի քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ չի փոխվի, եւ որ Մոլդովան տրամադրված է համագործակցելու Ռուսաստանի հետ: Պատասխանելով լրագրողների հարցերին, Գիմպուն միաժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Մերձդնեստրից եւ ըմբռնումով մոտենա հանրապետության ղեկավարության այդ ցանկությանը: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Մոլդովայի ժամանակավոր ղեկավարը կարծիք է հայտնել, թե երկրի նոր իշխանությունների այդ դիրքորոշումը դժվար թե բացասաբար ազդի Քիշնեւի եւ Մոսկվայի հարաբերությունների վրա: Նրա ասելով, ռուսական կողմը նաեւ հանդես կգա հօգուտ այն բանի, որ երկու պետությունները որոշեն զորքերի դուրսբերման հարցը:
Հիշեցնենք, որ 1990թ. սեպտեմբերի 2-ին, ԽՍՀՄ փլուզումից առաջ, Մոլդովայի հինգ շրջաններ, որոնք գտնվում են Դնեստրի ձախ ափին, հայտարարել էին ԽՍՀՄ կազմում Մերձդնեստրի միութենական հանրապետություն ստեղծելու մասին, իսկ ավելի ուշ հռչակել էին Մերձդնեստրի մոլդովական հանրապետության անկախության մասին՝ Տիրասպոլ մայրաքաղաքով: Դրա համար առիթ էին հանդիսացել Մոլդովայի արմատական ազգայնականների այն հայտարարությունները, թե՝ Մոլդովան դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից եւ հնարավոր է, որ միանա Ռումինիային: