«Ամսագիր կարդալու համար հարկավոր չէ գումար ծախսել»,- երեկ «Արմատ» ակումբում այսկերպ արտահայտվեց «Լեգրան» ամսագրի համախմբագիր Հրանիկ Սարգսյանը:
Սիրելի երգչի կամ երգչուհու մասին նորություններ կարդալու կամ նրա լուսանկարները տեսնելու համար արդեն կարիք չկա սպասել որեւէ ամսագրի լույսընծայմանն ու գումար ծախսել այն ձեռք բերելու համար: Սեպտեմբերի 27-ին «Aftershockrepublic» ակումբում հայկական ամսագրերի շարքում կավելանա եւս մեկը՝ «Լեգրանը», բայց ինտերնետային տարբերակով:
«Լեգրանը» Հայաստանում առաջին ինտերնետային ամսագիրն է, որի ուղղվածությունը շոու-բիզնեսն է, այսինքն՝ ամեն ինչ շոու-բիզնեսի, հայ երգիչ-երգչուհիների, արտասահմանյան աստղերի եւ Սփյուռքում ապրող հայտնի հայրենակիցների կյանքի եւ գործունեության մասին է»,- նշեց ամսագրի համահիմնադիր, խմբագիր Լյովա Բադալյանը:
«Ամսագրային ձեւաչափը պահպանված է, ինչպես իրականում, այնպես էլ ինտերնետում կարելի է այն թերթել: Լինելու են հետաքրքիր ինֆորմացիաներ, տեսահոլովակների շնորհանդեսներ՝ հարցազրույցների կարգով, ֆոտոսեսիաներ եւ այլն»,- հավելեց Հ. Սարգսյանը:
Ամսագրի մեկ այլ խմբագրի՝ Աղավնի Մանուկյանի բնութագրմամբ էլ, ինտերնետային ամսագիրը բլոգ չէ. «Հայաստանում չկա ինտերնետային ամսագիր: Մենք առաջինն ենք: Ի դեպ, շատերը խառնում են բլոգը եւ ինտերնետային կայքը: Սա ամսագիր է, որը հասանելի կլինի բոլորին եւ ամենակարեւորը՝ Սփյուռքին»:
Երիտասարդ խմբագիրները ինտերնետային ամսագրի կայքի հասցեն չհրապարակեցին, ասելով, որ այն կարվի միայն «Լեգրանի» շնորհանդեսի օրը՝ «Aftershockrepublic» ակումբում:
Հիմնադիրները նաեւ վստահեցրին, որ «Լեգրան»-ում, ինտերնետային այլ կայքերից վերցրած եւ թարգմանած ոչ մի նյութ չի լինելու: Ա. Մանուկյանի խոսքերով, իրենք փորձելու են ամեն ինչ անել իրենց ուժերով եւ կապերով. «Այս առումով հայ աստղերի հետ խնդիրներ չունենք, քանի որ երեքս էլ անծանոթ մարդիկ չենք, որ քնից արթնացել եւ որոշել են միասին մի բան ստեղծել: Երեքս էլ լավ ծանոթ ենք ասպարեզին, կապ ունենք լրագրության հետ եւ մեծ բարեկամական կապերի մեջ ենք մեր երգիչ-երգչուհիների հետ: Խնդիրները միայն դրսի արվեստագետների հետ կապ հաստատելու հետ են առնչվում: Այնտեղ ամեն մեկն իր PR մենեջերը ունի եւ նրանց հասնելն ամենաբարդ գործընթացն է»:
«Մենք մրցակիցներ չունենք, քանի որ առաջինն ենք այս ոլորտում: Մրցակցություն չի լինելու եւ մենք չենք մրցելու ոչ ոքի հետ, մեր ինֆորմացիան չի կրկնվելու: Օրինակ, մենք անում ենք էջ՝ նվիրված հայկական ընտանիքներին, վերջերս տեսանք, որ Նազենի Հովհաննիսյանն էլ նմանատիպ հաղորդում է անում: Սա չի նշանակում, թե մենք նրանից կրկնօրինակեցինք կամ էլ՝ նա մեզ: Սա պարզ զուգադիպություն էր: Հարցազրույցներ անելիս նախապես խնդրում ենք մեր զրուցակցին չտալ այնպիսի ինֆորմացիա, որը վաղը փոփոխված տարբերակով ընթերցողը կհանդիպի մեկ այլ ամսագրում»,- հավաստիացրեց Լ. Բադալյանը: