Ներկայացմանը վտանգ էր սպառնում՝ փոխվել էին դերակատարները…
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը իր հերթական թատերաշրջանը բացեց Գր. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումով, որը թատրոնի այցեքարտն է:
«Թատերագետները միշտ բարձր գնահատական են տվել այս ներկայացմանը: Անգամ Մարկ Զախարովը, ով նույնպես բեմադրել է Գորինի այս պիեսը, տեսնելով մեր ներկայացումը, խոստովանել է, որ ինքը չունի այնպիսի Գոլդա, ինչպիսին մերն է: Խոսքը ժողովրդական արտիստուհի Լեյլի Խաչատուրյանի մասին է: Այս ներկայացման մեջ տարբեր ժամանակահատվածներում ստիպված ենք եղել ինչ-ինչ պատճառներով ներմուծել նոր դերասաններ: Ի դեպ, Լեյլի Խաչատուրյանը ներկայացման առաջին օրվանից միակ անփոփոխ դերակատարն է»,- ասում է ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: «Առավոտի» հարցին՝ գլխավոր դերակատարների փոփոխությունները չե՞ն վտանգել ներկայացումը, Ա. Գրիգորյանը խոստովանեց, որ, իսկապես, նման մտավախություն ունեցել է, բայց, բարեբախտաբար, «ներմուծված» դերասանները հաղթահարել են դժվարությունները: Բանն այն է, որ թատրոնի երիտասարդ կադրերի մեծամասնությունը ունի հայկական լեզվամտածողություն:
«Իհարկե, կան կերպարներ, որոնք դեռ կատարյալ չեն: Մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, խոսքը ներմուծվածների մասին է: Շատ կարեւոր է այս ներկայացման մեջ պահել հատկապես զգացմունքային մասը, ինչը, ըստ իս, հաջողվում է: Եվ հետո, մի մոռացեք, որ սկսնակ դերասանների կողքին են վաստակաշատ արտիստներ Սերգեյ Մագալյանը, Ֆրեդերիկ Դավթյանը»,- ասում է Ա. Գրիգորյանը: Նա նաեւ հավելում է. «Գորինի այս խորիմաստ պիեսը կարելի է համարել համամարդկային: Այն միշտ էլ կհետաքրքրի հանդիսականին: Շատերին հուզում է նաեւ բլյուզի թախիծով առլեցուն երաժշտությունը, շատերին՝ հենց Գորինի տեքստը…»:
Նշենք, որ պարոն Գրիգորյանն այժմ աշխատում է Վ. Ռոզովի պիեսի վրա, եւ առաջիկայում էլ «Խլահավի բույնը» ներկայացումը կհանձնվի հանդիսատեսի դատին: «Այս ներկայացումը տարիներ առաջ եմ բեմադրել: Ժամանակին սպառնում էին, որ թույլ չեն տա ցուցադրել՝ պատճառաբանելով, որ բեմադրությունը խորհրդային կարգերի դեմ է: Այսօր նույն պիեսին ուրիշ մեկնաբանություն եմ տվել, մանավանդ՝ միշտ արդիական են Ռոզովի հերոսները: Չէ՞ որ այսօր էլ կան կարիերիստ չինովնիկներ…»,- պատմում է Ա. Գրիգորյանը ու ավելացնում, որ այս ներկայացմանը զուգահեռ, թատրոնում եւս մի քանի ներկայացումների նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
Ա. Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ազդեցություն են ունեցել տեղական արտադրության սերիալները ռուսական թատրոնի դերասանների վրա: Մանավանդ՝ որոշ դերասաններ սերիալի պատճառով հրաժարվում են ներկայանալ թատերական փորձերին:
«Այս առումով մեր թատրոնում կարգ ու կանոն կա: Իհարկե, դերասաններ ունենք, ովքեր նկարահանվում են սերիալներում: Նրանք ինձ նախապես տեղյակ են պահում, բայց սերիալի պատճառով երբեք որեւէ փորձ չի ձախողվել»,- հավաստիացնում է զրուցակիցս: