Պարզապես պետք է ուրախ ապրել
«Պետք է ուրախ ապրել, որովհետեւ ուրախ մարդուն կնճիռները չեն սպառնում»,- ասում է պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր, Պլաստիկ վիրաբուժության եւ կոսմետոլոգիայի կենտրոնի ղեկավար Սամվել Վարդանյանը:
Յուրաքանչյուր 40 տարին լրացած կին հայելու առջեւ կանգնելիս մտահոգվում է իր դեմքին առաջացած կամ առաջացող կնճիռներից ու հաստատ մտածում է դրանց վերացման, երիտասարդ եւ խնամված տեսք ունենալու մասին: Այդ խնդիրը լուծելու համար շատերը դիմում են բազմապիսի մեթոդների՝ դեղաբույսերի, դիմակների, անգամ՝ վիրահատության: «Երիտասարդացման համար կան հարյուրավոր վիրահատության տեսակներ եւ տեխնոլոգիական միջամտություններ: Այդ խնդրով տառապում են միջին տարիքից բարձր կանայք, որոնք արդեն որոշակի կնճիռներ ունեն: Կնճիռներն ուղղվում են միայն վիրահատական մեթոդով: Այսինքն՝ վիրահատությամբ դեմքի օղակաձեւ ձգում: Սկզբնական շրջանում այտային շրջանների մասն է թոշնում եւ կախվում: Դրա համար արդեն երկար տարիներ բժշկության մեջ կա թելերով ձգման վիրաբուժական մեթոդ»,- նշեց Ս. Վարդանյանը:
Վերջերս Հայաստան է ներմուծվել նոր մեթոդ՝ լազերային երիտասարդացումը: Ըստ պլաստիկ վիրաբույժի՝ այն ուղղված է մանր կնճիռների հարթեցմանը. «Կան մանր կնճիռներ, որոնք հիմնականում բերանի շուրջն են հավաքվում՝ վերին շրթունքի վրա: Դրանք չեն անցնում դեմքի ձգման վիրահատություններով: Կան մի քանի մեթոդներ՝ դա հարթեցումն է, որի մեջ մտնում են մեխանիկական եւ լազերային հարթեցումները: Լազերային հարթեցումը Հայաստանում դեռ նոր է եւ կիրառվում է մեկ-երկու կլինիկայում: Բայց, իհարկե, դրանցից լավ արդյունքներ չկան: Լազերային հարթեցումը իրականացվում է հատուկ ապարատով՝ լազերային ճառագայթում կոնկրետ դիապազոնի վրա, կոնկրետ միլիվայրկյաններով: Դրա շնորհիվ ոչնչանում է մաշկի արտաքին շերտը, տակից թողնելով միայն ստորին շերտը: Այն վերացնում է փոքրիկ անհարթությունները, իսկ մեծ անհարթությունների պարագայում գործողությունը իրականացվում է մի քանի անգամ: Այն կարելի է կիրառել ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի տարբեր հատվածների հարթեցման համար: Բայց քանի որ լազերային երիտասարդացումը ուղղված է մասնավորապես դեմքի կնճիռների հարթեցմանը, այդ պատճառով երբեմն մարմնի հատվածների համար այս մեթոդն այդքան էլ խրախուսելի չէ»:
Վնասակար ազդեցությունների եւ վտանգի մասին էլ Ս. Վարդանյանը նկատեց. «Լազերային բառը շատերի մոտ ասոցացվում է վատ հետեւանքների, ճառագայթման, մի շարք հիվանդությունների առաջացման հետ: Սա թյուր կարծիք է, որ տարածվել է այն մարդկանց շնորհիվ, ովքեր իրականում անտեղյակ են վերջինիս կիրառումից, էֆեկտիվությունից: Բնականաբար, լազերային հարթեցումը հակացուցված է, եթե անձը առողջական խնդիրներ ունի. հաստատ նա չի գնա լազերային հարթեցման, չի ընկնի կոսմետոլոգիայի ետեւից»: Պլաստիկ վիրաբույժի ձեւակերպմամբ, լազերային հարթեցումն արվում է բուժական անհարթությունները մաքրելու նպատակով, նաեւ դեմքը ձգելու համար. այս մեթոդը բժշկության մեջ կոչվում է պիլինգ: Կա նաեւ լազերային հարթեցման ավելի թույլ տեսակ, որը զուտ երիտասարդացման նպատակով է արվում:
Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա, ըստ պլաստիկ վիրաբույժի. «Ամեն ինչ կախված է մաշկի տիպից. եթե մաշկը թույլ է, ոչ էլաստիկ, ավելի շուտ կկախվի: Լազերային հարթեցման միջոցով մաշկը բերվում է որոշակի վիճակի, թե դրանից հետո ինչպես եւ ինչ արագությամբ կծերանա՝ դա արդեն մեզնից կախված չէ»:
Ս. Վարդանյանի բնորոշմամբ, հասարակության վերաբերմունքը լազերային վիրաբուժության նկատմամբ հակասական է. «Լազերի համար Հայաստանում մեծ բում է առաջացել. հիմա մարդիկ ամենաաննշան խալերն էլ ուզում են լազերի միջոցով հեռացնել»:
Թե որ տարիքն է ավելի հակված լազերային երիտասարդացման, պլաստիկ վիրաբույժն ասաց. «35 տարեկանից սկսած. սակայն այս տարիքի կանանց խնդիրները միայն այտի եւ ծնոտի շրջանի կախվածություններն են»:
Կանանց ամենից շատ մտահոգող կնճիռների առաջացման պատճառների մասին խոսելիս էլ Ս. Վարդանյանը նշեց, որ դրանց պատճառները բազմազան են. «Մաշկն իրականում թոշնում է արհեստականորեն. դրանց տակ թաքնված են մարդկային խնդիրները: Ուրախ, լիարժեք կյանքով ապրող մարդուն կնճռոտված չեք տեսնի երբեք: Երբ նայում ես մարդու դեմքի կնճիռներին, անմիջապես առաջին միտքն այն է, թե ի՜նչ դժվար կյանքով է ապրել այդ մարդը: Կնճիռները սպառնում եմ ամեն տարիքում, նույնիսկ շատ երիտասարդ մարդը դրանցից պաշտպանված չէ: Պատճառներից մեկն էլ դեմքի միմիկաներն են, երբ ինքնաբերաբար կամ անզգայաբար մկանների մի մասը անընդհատ ձգվում է: Հավելեմ, որ դեմքի մաշկը ոչ ճիշտ խնամելը նույնպես նպաստում է կնճիռների առաջացմանը»: