Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնայինը կանխազգացողությունն է

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"Շախմատի աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի միջեւ արագ շախմատի մրցաշարն ավարտվեց 3:1՝ հօգուտ Կասպարովի: Հետաքրքիր է, որ առաջին երկու պարտիաներում պայքարին հատկացված 25 րոպեն չի բավարարել Կարպովին, երրորդում նա հաղթել է խաղային բացահայտ առավելություն ունենալով, իսկ չորրորդ պարտիայում Կասպարովը մրցակցին ստիպել է անձնատուր լինել այն ժամանակ, երբ ինքը դեռ չօգագործած երկու րոպե ժամանակ ուներ:

Աշխարհի նախկին չեմպիոնները, անդրադառնալով եզրափակված արագ շախմատի մրցապայքարին, առանձին-առանձին հրավիրված մամուլի ասուլիսներում նշել են, որ արագ շախմատում առաջնային նշանակություն ունի մասնագիտական կանխազգացողությունը:

«Արագ շախմատում խնդիրն այն է, որ սկզբում մտածելու ժամանակ ունենում ես: Իսկ երբ վերջում այն արդեն քիչ է մնում, ստիպած ես կտրուկ փոխել տակտիկան եւ քայլերը կատարել՝ ապավինելով մասնագիտական կանխազգացողությանը»,- ասել է Անատոլի Կարպովը: Նրա խոսքերով, կայծակնային շախմատն այս առումով անհամեմատ ավելի հետաքրքիր կլինի, քանի որ հենց սկզբից հայտնի է, որ ժամանակ չկա:

Կասպարովն իր հերթին լրագրողներին ասել է, թե ինքը երրորդ պարտիայում պարտվեց այն պատճառով, որ մասնագիտական կանխազգացողությունը թուլացել էր: «Ես լավ էի խաղում, իսկ Կարպովը՝ հիանալի: Մի պահ որոշեցի ռիսկի գնալ, սակայն կորցրի վերահսկողությունը խաղի վրա: Դա, հավանաբար, այն բանի հետեւանք է, որ ես մշտապես չեմ խաղում արդեն հինգ տարի»,- եզրափակել է աշխարհի 13-րդ չեմպիոնը:

Երեկ սկսվեց Կարպով-Կասպարով դիմակայությունը կայծակնային շախմատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել