Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձայնը՝ էության կենտրոնից»

Սեպտեմբեր 25,2009 00:00

Հարցազրույց Քիմ Քաշքաշյանի հետ

Քիմ Քաշքաշյանը ունի շատ ձայներ: Զգայականության միջնորդի իր կոչումն է, որ դարձնում է այս ալտահարուհուն առանձնահատուկ՝ ի մեջ ժամանակակից երաժիշտների: Այն, ինչ նա իրապես հաղորդում է՝ տիեզերական ձգողականություն կրող ինֆորմացիա է, որ մեղեդային է եւ զգայական: Ձայնի դրվագանախշերը, որ հյուսվում են եւ փոխանցվում ալտի միջով՝ հաղորդելով այդ գործիքին ավելի ռիթմիկ, ավելի դինամիկ եւ գունեղ դիապազոն, անտարակույս անկեղծ են, հուզիչ եւ մղում են խորհելու: Քաշքաշյանի համար գործեր գրած կոմպոզիտորների պատկառելի ցուցակն ընդգրկում է այնպիսի անուններ, ինչպիսիք են Արվո Փերթը, Տիգրան Մանսուրյանը, Փիթեր Յոտվոսը, Քրժիշտոֆ Փենդերեսկին, Փոլ Չիհարան, Սոֆյա Գուբայդուլինան, Լինդա Բուշարդը, Գիա Կանչելին եւ Գեորգի Կուրդագը: Տիկին Քաշքաշյանին հանդիպեցի Նյու Յորքում, համերգից հետո, ուր նա առաջին անգամ ներկայացնում էր Բեթթի Օլիվյերոյի «Նեհարո Նեհարո» գործը՝ գրված ալտի, ակորդեոնի, հարվածային գործիքների եւ երկու լարային նվագախմբերի համար, որն այս տարի լույս կընծայի «Ի Սի Էմ» ընկերությունը: Նրա կատարումից հետո մենք զրուցեցինք:

– Ձայնագրման տեխնոլոգիան օր օրի բարելավվում է եւ այնուամենայնիվ կենդանի երաժշտության ներգործությունը բոլորովին տարբեր է: Ի՞նչն է, Ձեր կարծիքով, ստեղծում այդ տարբերությունը:

– Ակնհայտ է, որ դա մարդկանց ներկայությունն է: Երբ երաժիշտը աշխատում է շոշափելի տարածության մեջ, ապա տարածությունն ինքնին հաղորդում է ոչ միայն հնչյունը, այլեւ երաժշտության շարժումը:

– Ձեր ձայնասկավառակներից մեկի գրավոր տեքստում Դուք նշում եք, որ «երգը ամենաուժեղ սպեղանին է»: Ի՞նչ է սա նշանակում:

– Ձայնը դուրս է արձակվում մեր էության կենտրոնից եւ մեր արտահայտության ամենախորը դրսեւորումն է: Եթե կարող եք հետեւել եւ արձագանքել ձեր մեջ եղած ձայնին, ուրեմն ճանաչում եք ինքներդ ձեզ մի շերտում, որին այլ կերպ առնչվել չեք կարող: Ձայն արձակելիս ինքներս մեզ նայելով՝ տեսնում ենք, թե ով ենք իրականում, ով ենք աշխարհի հետ ունեցած կապի մեջ: Եվ ձեռք ենք բերում հավասարակշռության զգացողությունը ու կարող ենք ոչ միայն տեղ ունենալ, այլեւ հարմարվել եւ բուժել ինքներս մեզ:

– Ասում են, որ ալտը մարդկային ձայնի արտացոլումն է: Ի՞նչ կապ եք տեսնում երկուսի միջեւ:

– Ալտի ձայնի ուժգնությունը ինչ-որ տեղ ջութակի եւ թավջութակի միջեւ է: Տարբերությունը ջութակի եւ ալտի միջեւ մեկ-հինգերորդ է, իսկ թավջութակի եւ ալտի միջեւ՝ մեկ օկտավ: Եթե նայենք լարերի երկարությանը, ջութակի եւ ալտի միջեւ տարբերությունը ընդամենը մեկ կամ երկու դյույմ է, մինչդեռ թավջութակի եւ ալտի միջեւ՝ մոտ մեկ ոտնաչափ: Ֆիզիկայի տեսանկյունից սա նշանակում է, որ ալտի լարերի երկարությունը իր ձայնի ուժգնության համար բավարար չէ, այն չափազանց կարճ է: Ալտ նվագելիս պահանջվում է մարմնի ուժի լրացուցիչ ռեզոնանս: Այս անհուսալիության կամ խոցելի լինելու զգացողությունն է պատճառը, որ մարդիկ ալտի հնչյունը նմանեցնեն մարդկային ձայնին:

– Մի փոքր խոսենք ազգային երաժշտության մշակման եւ մոտեցումների մասին: Խոսքս վերաբերում է այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Բերիոն եւ Մանսուրյանը:

– Ազգային երաժշտությունը թե Բերիոյի եւ թե Մանսուրյանի համար իրենց խորը արմատներն են: Այն դուրս է գալիս իրենց հողից եւ անցնում արյան միջով: Դա շատ ավելին է, քան պարզապես երաժշտությունը, որ իրենք լսել են երեխա ժամանակից: Ինձ համար արտասովոր է այն, որ ազգային երաժշտությունը որպես աղբյուր պահպանվում է նմանօրինակ ժամանակակից ձեւի մեջ: Սա խոսում է այն մասին, թե որքան կենսունակ է այդ ձայնը:

– Ի ՞նչ դեր ունի Հայաստանը Ձեր նվագացանկի, որպես մշակութային հիշողության՝ ընտրության հարցում:

– Ես մեծացել եմ տանը հայկական երգեր լսելով: Եթե դու մեծանում ես նման տեսակի նյութ ստանալով, ապա կարող ես հեշտությամբ ցատկ կատարել եւ կապվել մեկ այլ նյութի: Երբ լսում եմ հունական կամ բյուզանդական մեղեդի՝ որպես հակադրություն հայկականի, էլի կարծես տանը լինեմ: Գոյություն ունեն որոշակի կապեր, անգամ եթե դա հեռավոր Հունգարիան է: Մի օրինակ բերեմ: Վերջերս Կորեայում ինձ նվիրեցին ազգային երաժշտության նմուշներ եւ, ազնիվ խոսք, լինում էին պահեր, որ մտածում էի, թե հունգարական են:

– Չնայած գերազանց մենակատար լինելուն (որպես օրինակ՝ Բարտոկի կոնցերտը), թվում է, թե ավելի գերադասում եք նվագախումբը: Ի՞նչն է ստիպում Ձեզ նախընտրել այս դերը:

– Կարծում եմ՝ փոքր խմբի մտերմիկ մթնոլորտը: Ասենք, օրինակ՝ Օլիվյերոյի գործը շատ հնարավորություններ է կրում իր մեջ անմիջական արտահայտչաձեւի համար: Մտածում եմ, որ այն ավելի մոտ է իմ ձայնին, ի հակադրություն ավելի մեծ ձայնի, ավելի հերոսական ձայնի:

– Ջազային ավանդույթով ստեղծագործող երաժիշտների հետ ունեցած Ձեր համագործակցության մեջ խուսափել եք դյուրին եւ ակնահաճո հաջողության փորձերից:

– «Հաջողությունը» ինձ համար միայն երաժշտության մեջ հակասականությունից շահելը չէ: Ես կարծում եմ, որ արժեքը, ասենք՝ Յան Գարբարեկի եւ իմ՝ միասին հանդես գալու պարագայում, հանդիպակաց ոճերի ներկայացման մեջ չէ, այլ այն է, որ մենք երկուսս էլ բնազդաբար սովորում ենք միմյանց կատարումից եւ երաժշտությունը ստեղծելու արհեստից: Իրականում ավելին ես սովորում, երբ հստակորեն պահպանում ես սեփական ոճդ եւ սկիզբդ:

– Ինչպիսի՞ն է զգացողությունը երաժշտության մեջ մեծ անունների հետ աշխատելիս, օրինակ՝ Յո-Յո Մա, Տոկիոյի լարային կվարտետ, Քիթ Ջարրեթ, Յան Գարբարեկ:

– Ամեն իրավիճակ յուրահատուկ է: Ես աշխատել եմ Քիթի հետ վիոլա դա գամբայի համար Բախի սոնատների վրա ու կարող եմ ասել, որ անհավատալիորեն արագ եւ բազմաբնույթ էր այդ աշխատանքը: Նույնը Յան Գարբարեկի հետ աշխատելիս էր: Դա երեւակայության եւ արագ փոխըմբռնման իսկական դաս էր երկուսիս համար էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել