Հույս ունի ճանաչված դերասան Հովակ Գալոյանը
Կրտսեր եւ ավագ Հովակ Գալոյանները:
Հեռուստասերիալների նկատմամբ աճող հետաքրքրությունը միանշանակ չէ: Ոմանք դա համարում են իսկապես հետաքրքիր երեւույթ, անգամ դրական գնահատականներով են հանդես գալիս, ինչպես ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը եւ անվանի կինոգետ Սուրեն Հասմիկյանը: Ոմանք էլ բացահայտորեն ժխտում են սերիալները, համարելով դրանք «գարշելի երեւույթ», օրինակ, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանը: Իսկ ահա դերասան Հովակ Գալոյանը, որը ծանոթ է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» գեղարվեստական ֆիլմից, «Ճակատագրի գերիները» եւ «Դժբախտ երջանկություն» սերիալներից, այլ վերաբերմունք ունի: «Առավոտի» հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «1990-ականներին Ռուսաստանում սկիզբ է առել սերիալային բումը, որի նկատմամբ եւս միանշանակ չէ հասարակական կարծիքը: Տարիների ընթացքում սերիալները Ռուսաստանում հստակվեցին, մշակելով որոշակի գեղագիտություն, վերաճելով բարձրակարգ հեռուստատեսային կինոյի: Մեզ մոտ եւս այդ խմորումների եւ «վարարումների» գործընթաց է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին, երբ կունենանք պրոֆեսիոնալ սցենարական դպրոց (այս տարվանից Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում բացվել է սցենարական բաժին- Ս. Դ.), կհեռանանք «օճառային» օպերաներից, ձեւավորելով նոր կինո: Ընդ որում, արդեն դրա նախադրյալները կան. «Մի վախեցիր», «Լքյալները», «Սպանված աղավնին» եւ այլ հեռուստաֆիլմեր»:
Հովակին արտիստի իր զգացողությունը չի խաբում, մանավանդ որ, թատրոնում նոր մարդ չէ, ավելին՝ թատրոնը նրա համար կենսագրություն է: Նրա պապը ՀՀ ժողովրդական արտիստ Հովակ Գալոյանն է, արվեստագետ, որը հայ հանդիսատեսին քաջածանոթ է «Մխիթար սպարապետ», «Ձորի Միրո», «Զիջիր վաղվա օրվան» ֆիլմերից, ինչպես նաեւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի Դոստոեւսկու «Ապուշը», Շիլլերի «Ավազակներ», Շեքսպիրի «Կորիոլան» եւ այլ դասական դարձած ներկայացումներից:
Կրտսեր Գալոյանը կատակերգական վառ ձիրքերի դերասան է եւ շուրջ 15 տարի բեմ է բարձրանում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Մեկն է այս օջախի այն դերասաններից, որոնք իրենց ուսերին են տանում խաղացանկի ծանրությունը: Այնպես որ, կարելի է, հավանաբար ասել, որ սերիալում նկարահանվելը Հովակի համար ոչ թե ճանաչում ձեռք բերելու, այլ նորովի դրսեւորվելու միջոց է: Նկատենք, որ դերասանի սերիալային կերպարները դրամատիկական ուղղվածության են:
Հավելենք, որ վերջերս Հ. Գալոյանը նկարահանվել է ամերիկացի կինոռեժիսոր Բրեյդն Քինգի «Այստեղ» խաղարկային ֆիլմում՝ հանրահայտ արտիստներ Դեն Ֆոսթըրի եւ Լյուբնա Իզաբալի ընկերակցությամբ: