Լրահոս
Օրվա լրահոսը

Պրակտիկայի հարցը կլուծվի

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"«Ինտերնշիպ». այսպես է կոչվում այն ծրագիրը, որի իրականացման շնորհիվ այս տարվանից ԵՊՀ-ի եւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) բակալավրիատի ավարտական կուրսի եւ մագիստրատուրայում սովորող ուսանողները կարող են ձեռք բերել աշխատանքային փորձ: Ծրագիրն իրագործվում է ԵՊԼՀ-ի նախաձեռնությամբ, «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի մանրամասներին «Առավոտին» ծանոթացրեց ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աշխատակից, ծրագրի ԵՊՀ-ի «մասով» պատասխանատու Մարատ Հովհաննիսյանը. «Այս ծրագիրը փուլային է եւ կիրականացվի մինչեւ դեկտեմբեր: Մասնակցության ցանկություն են հայտնել 150-ից ավելի ուսանողներ՝ շուրջ 70-ը՝ ԵՊՀ-ից: Նրանց կեսն արդեն ընդգրկված է ծրագրում: Ուսանողների հավաքագրումից հետո նրանց ներկայացրել ենք լեզվաբանական համալսարան, ապա ընդունող մարմինների ներկայացուցիչները նրանց հետ իրականացրել են հարցազրույց՝ ընտրության համար»: Ծրագիրը ենթադրում է, որ ընտրված ուսանողները կառավարական եւ ոչ կառավարական մարմիններում անցնելու են 20-30-օրյա աշխատանքային փորձ, որից հետո նրանք կվարձատրվեն եւ կստանան սերտիֆիկատներ:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ այս ծրագիրն ուղղված է պրակտիկայի կազմակերպմա՞նը, թե՞ ուսանողներին աշխատանքի տեղավորմանը, քանի որ երկու ոլորտներում էլ ներկայումս կան լուրջ խնդիրներ: Մ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ներկայումս բոլորին էլ հայտնի է, որ աշխատաշուկայում մրցունակության թիվ մեկ խնդիրը աշխատանքային փորձի առկայությունն է: Իսկ ուսանողներին դա ձեռք բերելը բավականին բարդ է, ուստի այս ծրագիրը նրանց կօգնի աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ»: Իսկ ուսանողները աշխատանքային փորձ ձեռք կբերեն քաղաքապետարանում, թաղապետարաններում, ԱԺ-ում, նախարարություններում, հանրակրթական դպրոցներում, թանգարաններում, տուրիստական գործակալություններում եւ այլ կազմակերպություններում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել