Ավագ դպրոցների համակարգի ներդրումից անգամ երկու տարի հետո էլ հայտնի չէ, թե կա՞ կամ կստեղծվի՞ ավագ դպրոցների հայեցակարգը:
Ավագ դպրոցների համակարգի ներդրումը ՀՀ-ում անխուսափելի էր, քանի որ ՀՀ-ն, տարիներ առաջ միանալով Բոլոնիայի գործընթացին, արդեն իսկ պարտավորվածություն էր ձեռք բերել հերթով իրականացնել այն բարեփոխումները, որոնք մի շարք զարգացած երկրներում տարիների պատմություն ունեն: Բայց այն, որ մեր երկրում, սովորույթի համաձայն, բարեփոխումները կատարվում են, հետո են դրանց իրականացմանը նախապատրաստվում, շատ տարօրինակ է: Բացառություն չէր նաեւ ավագ դպրոցների համակարգի ներդրումը: Չնայած արդեն երկու տարի է՝ ՀՀ-ում գործում են ավագ դպրոցներ, բայց, չգիտես ինչու, հայեցակարգ դեռ նոր-նոր է մշակվում: Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիր մշակվել է 2008-ին, բայց հայեցակարգը, որը սովորաբար ավելի առարկայական եւ հստակ հարցադրումներ ու գործողություններ ներառող փաստաթուղթ է, ստեղծվում է համակարգի ներդրումից հետո:
«Առավոտի» տեղեկություններով՝ ներկայումս ԿԳՆ-ում ավագ դպրոցների տնօրենների, Կրթության ազգային ինստիտուտի, կրթության տեսչության եւ այլ մասնագետների մասնակցությամբ քննարկումներ են կազմակերպվում, որտեղ շոշափվում են նշված հարցերը: Նախատեսվում է, որ ավագ դպրոցների համակարգի հայեցակարգը ավարտուն տեսքի կբերվի մինչեւ տարեվերջ: «Առավոտը» զրուցեց մի շարք ավագ եւ հիմնական դպրոցների տնօրենների հետ՝ պարզելու նշված հարցի վերաբերյալ նրանց մոտեցումները: Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը, հավաստելով մեր տեղեկությունները, նշեց, որ ավագ դպրոցների հայեցակարգի մշակումները դեռ քննարկման փուլում են եւ հավելեց. «Քանի որ մեր դպրոցը դեռ անցյալ տարվանից ուներ ավագ դասարաններ, մենք ունեինք նաեւ հայեցակարգ, բայց այն օրինակելի չէր բոլոր ավագ դպրոցների համար: Պարզապես՝ ավագ դասարաններ ունեցող յուրաքանչյուր դպրոց ուներ մի այդպիսի հայեցակարգ, որը հաստատվել էր ԿԳ նախարարի հրամանով»: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է տրամաբանությունը այժմ ստեղծել ավագ դպրոցների հայեցակարգ, այն դեպքում, երբ համակարգը ներդրվել է 2 տարի առաջ, գուցե եթե ժամանակին լիներ հայեցակարգ, ապա ինչ-որ կերպ կարգավորված կլինեին կադրերի կրճատումից հետո նրանց տեղավորման, ավագ դպրոցների համակարգում կրթության կազմակերպմանը վերաբերող այլ խնդիրներ: Պարոն Քարամյանը պատասխանեց. «Կան հարցեր, որոնք պիտի հրատապ լուծում ստանան, բայց մյուս կողմից էլ չմոռանանք, որ այժմ գտնվում ենք անցումային փուլում, եւ հնարավոր է լինեն որոշ վրիպումներ: Ինչ վերաբերում է կադրերի կրճատման հարցին, ապա դա կամա թե ակամա պիտի առաջանար: Կարծում եմ՝ պիտի գործի մի կոորդինացնող խումբ, որը, դպրոցի տնօրենների հետ աշխատելով, կկարգավորի այդ հարցերը»: Հարցրինք՝ հայեցակարգային ներկայիս քննարկումների ժամանակ գոնե այդ խնդիրը ինչ-որ ձեւով «դրվե՞լ է»: Ս. Քարամյանը պատասխանեց. «Մոտավորապես ուրվագծվում է, որ հայեցակարգային մոտեցման համաձայն՝ կստեղծվի ուսուցչական «բանկ», որտեղ հավաքագրված կլինեն ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ այլ առարկաների ուսուցիչներ: Եվ երբ հետո որեւէ դպրոցում ազատ դասաժամ առաջանա, ապա դպրոցի տնօրենը ուսուցչի ընտրությունը կկատարի հենց այդ բանկից»: Ս. Քարամյանի խոսքով՝ իրենք իրականացնում են նաեւ, այսպես կոչված, շրջիկ քննարկումներ, երբ, հյուրընկալվելով տարբեր ավագ դպրոցներում, քննարկում են հայեցակարգի մշակմանը վերաբերող հարցեր: «Հայեցակարգում կամրագրվեն ավագ դպրոցների բուն նպատակին, հիմնական դրույթներին վերաբերող հարցեր»: Մեր տեղեկություններով՝ հայեցակարգի մշակման գործընթացին չեն մասնակցում հիմնական դպրոցների տնօրենները: Այս առիթով պարոն Քարամյանն ասաց. «Իրոք, նրանք ի՞նչ գործ ունեն ավագ դպրոցների հայեցակարգի մշակման հետ»:
Թիվ 159 դպրոցի տնօրեն Հակոբ Հակոբյանը, որի դպրոցը միայն այս տարի է դարձել ավագ, հայեցակարգի մշակման հարցերին լավ տեղյակ չէր: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց. «Ախր ներկայիս փուլում ի՞նչ հայեցակարգ, դա արդեն անցած էտապ է: Այժմ մենք քննարկում ենք որոշ հարցեր՝ կապված օրենսդրական ակտերի, այլ փաստաթղթերի հետ»: Զրուցեցինք նաեւ թիվ 22 հիմնական դպրոցի տնօրեն Շողիկ Թորոսյանի հետ: Այն կարծիքի առնչությամբ, թե հիմնական դպրոցների տնօրենները գործ չունեն ավագ դպրոցների հայեցակարգի մշակման հետ, տիկին Թորոսյանն այսպես արտահայտվեց. «Ինչպե՞ս թե, կարող է ես այսօր հիմնական դպրոցի տնօրեն եմ, հետո հայտ եմ ներկայացնում եւ դառնում ավագ դպրոցի տնօրեն: Ավելին, պիտի ներկայումս կազմակերպվեն ասուլիսներ, քննարկումներ, որտեղ կարծիքներ կփոխանակվեն այդ մասին: Ի վերջո, բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն»: Իսկ մեր այն դիտարկմանը, թե ճիշտ չէ՞ր լինի՝ հայեցակարգը գրվեր, հետո համակարգը ներդրվեր, տիկին Թորոսյանը պատասխանեց. «Այո, պիտի ամեն բան արվեր, հետո անցնեինք ավագ դպրոցների համակարգին: Ճիշտ կլիներ, որ այս տարվանից անցում կատարվեր, որ թռիչքային ասված ավագ դպրոցը գոյություն չունենար, այսինքն՝ այս տարվա 4-րդ դասարանցիները սովորեին 12-ամյա համակարգով, ոչ թե երկու տարի առաջ սկսվեր այդ գործընթացը»: Զրուցեցինք նաեւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ: «Առավոտի» հարցին, թե ավագ դպրոցների հայեցակարգը ինչո՞ւ է նոր մշակվում, ոչ թե երկու տարի առաջ, նա պատասխանեց. «Կառավարության՝ 2008-ի հունիսի որոշմամբ ստեղծվեց հայեցակարգ»: Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի մասին չէ խոսքը, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը դա նույն հայեցակարգն է»: