Բաց նամակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին
Հարգելի պարոն Աշոտյան, ցավոտ մի հարցի մասին եմ ուզում խոսել ու պիտի գամ քիչ հեռվից: Ես հոգատար հայրիկ եմ: Կարող են վկայել ոչ միայն կինս, երեխաներս ու ծնողներս, այլ նաեւ՝ զոքանչս եւ աներոջս եղբայրը: Ու ես համոզված եմ, որ հանրակրթությունից բացի, երեխան այլ կրթություն էլ պետք է ստանա՝ երաժշտական, մարզական, արվեստի որեւէ ճյուղի: Իմ 11 տարեկան աղջիկը ոչ միայն հիմնական դպրոցի աշակերտ է, այլ նաեւ պարարվեստ է ուսանում եւ արդեն երկու տարի է՝ լողի դպրոցի սան է: Իմ երեխան հավասար հաճույքով է ե՛ւ մաթեմատիկայի դասերը սովորում, ե՛ւ օտար լեզուներ սերտում, ե՛ւ բեմում պարում, ե՛ւ լողի մրցումների մասնակցում: Ես նրա համար ստեղծում եմ մի քանի հնարավորություն եւ նրան թողնում դրանցից մեկն ընտրելու իրավունքը: Ուզում է՝ թող մաթեմատիկոս ու գիտնական դառնա: Չէ՝ թող պարարվեստում հմտանա, կամ էլ դառնա լողի չեմպիոն (առանց որեւէ կուսակցական հրահանգի):
Իմ երեխայի համար այս հնարավորությունները կան ոչ միայն պարի դպրոց հիմնած կամ լողավազան կառուցած մասնավոր ներդրումների արդյունքում, այլ նաեւ՝ պետության շնորհիվ: Ի վերջո, պետությունը համաձայն է, թույլ է տվել, որ գործեն իմ երեխայի համար լրացուցիչ հնարավորություններ ապահովող հաստատությունները: Բայց տեսեք ինչ է ստացվում:
Կրթական անվերջ թվացող բարեփոխումների այս փուլում դպրոցները բաժանում եք հիմնական եւ ավագ տեսակների եւ դպրոցի ղեկավարությանը թողնում 5-օրյա կամ 6-օրյա շաբաթով դասերը կազմակերպելու ընտրությունը: Իմ երեխան 4 տարի 6-օրյա շաբաթով է դպրոց հաճախել եւ պարի դպրոցն ու լողավազանն էլ, ըստ այդմ՝ պարապմունքները կազմակերպել: Հիմա ամեն ինչ խառնվել է իրար: Դպրոցը դարձել է 5-օրյա, այդ հինգ օրերից երեքին՝ 11 տարեկան երեխան յոթ ժամ դաս ունի ու արդյունքում պարի եւ լողի է գնում շաբաթ ու կիրակի: Ես չեմ ուզում իմ երեխան զրկվի պարուհի կամ լողորդուհի դառնալու հնարավորությունից, բայց այսկերպ էլ ձեր մեղքով նա զրկված է բակում խաղալու իրավունքից՝ հանուն պարի եւ լողի:
Ստացվում է, որ պետությունը իմ երեխայի համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում, բայց ոչ համակարգված աշխատանքի արդյունքում այդ հնարավորությունները մնում են չօգտագործված: Այդ դեպքում՝ էլ ինչո՞ւ եք թույլ տալիս պարի, լողի, քանդակագործության կամ կերպարվեստի դպրոցներին աշխատել: Ո՞ւմ համար են դրանք, եթե երեխան չի հաճախելու: Կամ հաճախելու է իր ազատ ժամանակի, իր վազվզոցի, բակում խաղալու հաշվին:
5-օրյա դպրոցի, յոթ դասաժամով օրերից դժգոհ են նաեւ ուսուցիչները՝ թե իրենց, թե իրենց երեխաների համար: Առաջարկս. վերադարձեք 6-օրյա դասաշաբաթին եւ ամեն ինչ լավ կլինի: Մի շարք մարզեր, ի դեպ, արդեն այդպես էլ արել են: