Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 25,2009 00:00

Այս համարից սկսում ենք Արեւիկ Սահակյանի «Ենթադրություններ» շարքը, որտեղ քաղաքական գործիչները եւ փորձագետներն իրենց կարծիքն են արտահայտում լրագրողի առաջ քաշած այս կամ այն վարկածի վերաբերյալ:

Հնարավո՞ր է, արդյոք, ՀԱԿ-ՀՀԿ համագործակցությունը

 Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ իշխանությունների քայլերը կարող են փոխել ոչ միայն աշխարհաքաղաքական մեծ խաղի ընթացքը, այլեւ որոշակի փոփոխություններ մտցնել երկրի ներքաղաքական կյանքում: Եվ եթե դաշնակցության համար դա փայլուն շանս է վերջապես հրաժարվելու «կողմ ըլլալով՝ դեմ ենք» ավանդական սկզբունքից եւ իրապես ընդդիմություն դառնալու համար, ապա ՀԱԿ-ի դեպքում ճիշտ հակառակն է՝ դեմ լինելով իշխանություններին, նրանք, այնուամենայնիվ, կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Ընդ որում, տվյալ դեպքում թե ՀՅԴ-ն, թե ՀԱԿ-ը պարտադրված են հավատարիմ մնալ իրենց գաղափարներին, քանի որ առաջինը շատ երկար տարիներ դիվիդենդներ է շահել հենց իր հակաթուրքական դիրքորոշման շնորհիվ, մինչդեռ ՀԱԿ-ի հիմնական կորիզը կազմող ՀՀՇ-ն անցած տասը տարիների ընթացքում անընդհատ մեղադրվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցը լինելու համար: Եվ այժմ եկել է ժամանակը, որպեսզի մեկը վճարի իր ստացած դիվիդենդների դիմաց, իսկ մյուսն էլ, ի վերջո, հատուցում ստանա:

Այս իրավիճակում ենթադրելի է, որ երկրի ներսում ըմբռնման եւ աջակցության կարիք ունեցող ՀՀ իշխանությունները կփորձեն երկխոսության մեջ մտնել ՀԱԿ-ի հետ՝ դրանով միանգամից մի քանի խնդիր լուծելու ակնկալիքով: Այդ թվումեւ՝ ետընտրական հայտնի իրադարձությունների հետ կապված: Նկատենք նաեւ, որ եթե նախկինում Սփյուռքի ներուժի համակարգման մենաշնորհը պատկանում էր ՀՅԴ-ին, ապա անցած երկու տարիների քաղաքական պայքարի արդյունքում ՀԱԿ-ը համախոհների զգալի բանակ է ձեռք բերել նաեւ Սփյուռքում, ինչը, տվյալ դեպքում, նույնպես կարեւոր գործոն է: Ուստի՝ ներկա իրավիճակում ՀԱԿ-ը իշխանությունների համար կարող է ցանկալի գործընկեր լինել: Այլ բան է, թե այդ ցանկությունը որքանո՞վ փոխադարձ կլինի: Առայժմ նման ցանկություն նշմարելի է հանրապետական եւ կոնգրեսական առանձին գործիչների խոսքերում:

Ենթադրենք՝ առաջիկայում ՀԱԿ-իշխանություններ երկխոսությունը, ի վերջո, կայանա: Քաղաքական դաշտի ինչպիսի՞ վերադասավորումների դա կարող է հանգեցնել:

Գուրգեն Եղիազարյան. Համահնչակյան կենտրոնական վարչության քաղաքական խորհրդատու

\"\"Չեմ կարծում, որ նման բան կարղ է տեղի ունենալ, քանի որ մեր 21 ընկերներն այսօր շարունակում են մնալ կալանավայրերում: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ասել է՝ այս իշխանությունների հետ երկխոսությունը հնարավոր կլինի մի պայմանով՝ եթե մեր բոլոր ընկերներն ազատ արձակվեն: Սակայն, եթե իշխանություններն անգամ նման քայլի գնան, թող ինձ ներեն իմ բոլոր ազատազրկված ընկերները, անգամ նրանց ազատության գնով կամ ցանկացած այլ գնով, չի կարելի Հայոց ցեղասպանությունն ուրանալ: Իսկ այս իշխանություններն իրենց քայլերով գնում են հենց Ցեղասպանության ուրացմանը: Նրանք ավելի տմարդ դուրս եկան, քան թուրքերը. այն դեպքում, երբ 30 հազար թուրք մտավորականներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հանձնաժողով ստեղծել, պարզելու՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ: Այնպես որ, վերադասավորումների մասին խոսելն ավելորդ է, քանի որ այս հենքի վրա Կոնգրեսի ու նրանց միջեւ երկխոսություն երբեք չի լինի:

Արամ Կարապետյան. «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար

\"\"Շատ հետաքրքիր էր, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀԱԿ-ի եւ իշխանությունների մոտեցումների ընդհանրության մասին իմ հայտարարության հաջորդ օրն իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ես չարաչար սխալվում եմ, եւ հենց նույն օրն իսկ Կոնգրեսը հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների մասին նոր՝ շատ ավելի խիստ հայտարարությամբ, ինչը ես լիովին ողջունում եմ: Եվ եթե այս նոր հայտարարությամբ ՀԱԿ-ը ժողովրդին դուր գալու խաղ չի խաղում, ապա երկխոսություն կարող է ունենալ մեկ թեմայի շուրջ՝ ինչպես նոր իշխանություն ձեւավորել: Պարզապես միեւնույն հարցի շուրջ ՀԱԿ-ի առաջին եւ երկրորդ հայտարարությունների տարբերությունն այնքան մեծ է, որ ես ուղղակի դժվարանում եմ ասել…. ամեն դեպքում, իմ տպավորությամբ, այս հողի վրա Հայաստանում կլինեն նոր ընտրություններ, եւ քաղաքական վերադասավորումները կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով: Իսկ թե ընդդիմադիր եւ իշխանական նոր բեւեռները կձեւավորեն ընտրություններից առաջ, թե ընտրությունների արդյունքում՝ կերեւա առաջիկայում:

Արամ Սարգսյան. ՀԴԿ նախագահ

\"\"Եթե իրավիճակն այնպես ձեւավորվի, որ, Աստված մի արասցե, իշխանությունը ստիպված լինի համագործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ, համարեք, որ Հայաստանը կործանման եզրին կկանգնի: Քանի որ այս պարագայում կամ մենք պետք է ունենանք սկզբունքային դիրքորոշում եւ պաշտպանենք մեր ազգային շահերը, կամ հայտնվենք լիակատար փակուղու մեջ: Առայժմ ես չեմ համարում, որ ՀԱԿ-ի եւ իշխանությունների դիրքորոշումներում մեծ ընդհանրություն կա, սակայն ամենեւին չեմ զարմանա, որ անհրաժեշտ պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը 180 աստիճանով փոխի իր դիրքորոշումները: Եվ այդ դեպքում, եթե իշխանական կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, ինչպես նաեւ «Օրինաց երկիրը», համաձայնեն իրենց գիրկն առնել Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀՀՇ-ին, մյուս բեւեռում անմիջապես կհամախմբվեն առանց բացառության բոլոր իրապես ազգային ուժերը:

Արման Մելիքյան. ԼՂՀ նախկին արտգործնախարար

\"\"Չեմ կարծում, որ իրական երկխոսություն տեղի կունենա: Անգամ եթե տեղի ունենա էլ, ապա դա լուրջ վերադասավորումների չի կարող հանգեցնել, քանի որ ես ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ համագործակցության եզրեր չեմ տեսնում: Դա կապված է թե ներքին քաղաքական գործոնների, թե արտաքին քաղաքական հարցերում որոշակի ուղղությունների հանդեպ նախասիրություններ ունենալու հանգամանքով: Ես գտնում եմ, որ ՀԱԿ-ի եւ իշխանությունների իրականության շարժառիթները միանգամայն տարբեր են, եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, անգամ արտաքին համաձայնություն ունենալու պարագայում, այդ խնդիրը նրանք տարբեր նպատակներով են օգտագործելու:

Հմայակ Հովհաննիսյան. ՀՀ քաղաքագետների միության նախագահ

\"\"Նախ՝ ես տեսնում եմ նման երկխոսության տեսական հնարավորություն՝ դրա համար հիմք ընդունելով Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներն ու արտահայտությունները: Մասնավորապես, այս տարվա մարտի 1-ի՝ առանցքային նշանակություն ունեցող հանրահավաքում նրա կողմից հնչեցված այն միտքը, որ հնարավոր է ազգային համաձայնության կառավարության ձեւավորում, ինչը նշանակում է, որ դեռ այդ ժամանակ Կոնգրեսը չէր բացառում այս իշխանությունների հետ համատեղ կառավարության ձեւավորումը: Բացի այդ, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ՀԱԿ-ի եւ իշխանությունների ներկայիս մոտեցումների ընդհանրությունն ակնհայտ է: Չմոռանանք, որ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու առաջնահերթության կնքահայրը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ուստի, եթե այսօր իշխանությունների կողմից համագործակցության առաջարկ լինի, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ամենայն լրջությամբ պետք է քննարկի կոնգրեսի շրջանակներում: Իսկ եթե իշխանությունները շարունակեն քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը, ապա այլեւս վերանում է համագործակցության նաեւ այդ խոչընդոտը եւ որոշակի ռեալ նախադրյալներ են երեւան գալիս: Սա, իհարկե, տեսականում:

Բայց կա նաեւ հարցի գործնական կողմը, որի էությունը հետեւյալն է. հաշվի առնելով ՀՀ տնտեսական ծանր վիճակը՝ կա մեծ գայթակղություն բողոքավորների ալիքի բարձրացման միջոցով հասնել արտախորհրդարանական ընտրությունների: Եվ ես չեմ կարծում, որ կոնգրեսականները կկարողանան իրենց առաջնորդի գաղափարներն ավելի վեր դասել եւ հրաժարվել այդ գայթակղությունից: Արդյունքում՝ խորհրդարան գալու դեպքում, փաստորեն, կկայանա ինստիտուցիոնալ համագործակցություն ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Իսկ ահա ՀՅԴ-ն դուրս կմղվի ինստիտուցիոնալ հարթությունից եւ կհայտնվի այնտեղ, որտեղ այսօր ՀԱԿ-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել