Օրեր առաջ Նոյեմբերյանում, առավոտյան ժամը 9-ի սահմաններում բազմաբնակարան շենքերից մեկի մոտ շունը հարձակվել է թոշակառու Պավել Զալինյանի վրա եւ կծել նրա որովայնը: Այդ վայրը քաղաքի զույգ դպրոցներին մոտ է, եւ այդ առավոտ շան հարձակման թիրախ կարող էին դառնալ դպրոցականները: Քաղաքի բնակիչ Լեւոն Մատինյանի վկայությամբ՝ սեպտեմբերի 23-ին, դպրոցներից քիչ հեռու շունը հարձակվել է երեխայի վրա: Բարեբախտաբար, մոտակայքում գտնվող չափահասները փրկել են մանկանը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակչուհի Անահիտ Գյոզալյանին մեկ տարի առաջ էր կատաղած շունը կծել: Մի տարվա ընթացքում նա բուժվել է զանազան բուժհիմնարկներում, այդ նպատակով մեծ գումարներ է ծախսել: Չնայած այդ ամենին, դեռեւս վատառողջ է: Թափառող, անտեր շները բազմացել են, իսկ համայնքապետարանները բավարար միջոցներ չունեն որսորդներին ֆինանսավորելու՝ դրանց ոչնչացնելու համար: Ու մարզերի բնակիչներին մնում է «մխիթարվել» այն իրողությունից, որ թափառող շների դեմ չեն պայքարում կամ պայքարելով հաջողության չեն հասնում նաեւ Հայաստանի մայրաքաղաքի իշխանությունները: