Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալների օրագիր

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"Մասնավոր ընկերության արտադրած օրագիրը դպրոցականներին անճշտություններ է հրամցնում

Հայաստանի անկախացումից հետո հայ երեխաների ձեռքերին թուրքական արտադրության տետրեր էին՝ «օղուլ դեֆտերի» մակագրությամբ: Ոմանք դա թարգմանում են՝ «երեխայի՝ աշակերտի տետր», այլք՝ «զգուշացիր դիֆտերիայից»: Հիմա Հայաստանում որակյալ տետրեր ու օրագրեր են արտադրվում, որոնք, բացի բուն գործառնական նշանակությունից, նաեւ տեղեկատվություն են պարունակում ՀՀ օրհներգի, տոների, հիշատակի օրերի եւ այլնի վերաբերյալ: Նոյեմբերյանում շատ երեխաների ձեռքին գեղեցիկ դիզայնով, որակյալ տպագրությամբ օրագիր էր: Կանաչ կազմին հայերեն «Օրագիր» էր գրված, ներքեւում երկու գեղեցիկ շներ են՝ մելամաղձոտ հայացքով: Երկրորդ էջին ՀՀ դրոշն է եւ զինանշանը, ներքեւում ներկայացված են հանրապետության մարզերը եւ մայրաքաղաքը՝ դրանց տարածքի չափը, բնակչության եւ համայնքների քանակը: «LRS print» կազմակերպությունը օրագրի կազմին նման տեղեկատվություն զետեղելով՝ բարի նպատակ է հետապնդել, որ երեխաները լավ ճանաչեն հայրենի երկիրը: Սակայն այդ ամենին ծանոթանալով՝ համոզվում ես հին ճշմարտության մեջ. բարի նպատակը միշտ չէ, որ բարի արդյունք է ապահովում: Ըստ այդ աղյուսակի, Տավուշի մարզի բնակչության թիվը 180 հազար է: Բայց Տավուշի մարզը երբեք այդքան բնակիչ չի ունեցել: Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալությունից ստացված տվյալներով՝ ներկայումս Տավուշի մարզի բնակչությունը 134 հազար 100 է: Ինչպես տեսնում ենք, սխալը էական է՝ 45 հազար 900: Այսինքն՝ ավելի մեծ, քան Տավուշի մարզի երկու ամենամեծ քաղաքների՝ Իջեւանի եւ Դիլիջանի բնակչությունը միասին վերցրած: Տավուշի մարզի աշակերտներն ամեն օր հարազատ մարզի բնակչության վերաբերյալ սխալ թիվ են տեսնում: Միգուցե «LRS print» ընկերության պատասխանատուները այս թվերը վերցրել են պաշտոնական այլ աղբյուրներից: Բայց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքի Տավուշի մարզի բաժնում մարզի բնակչության թիվը տասնամյա հնության է, նշված է, որ 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ մարզում բնակվել է 155 հազար 231 մարդ: Դար է փոխվել, հազարամյակ, վաղուց ժամանակն է թարմացնել կայքը: Անցած 10 տարում Տավուշի բնակչությունը նվազել է 21 հազար 131 մարդով: Սակայն սա արդեն ուրիշ մտահոգություն է:

Նույն չարաբաստիկ օրագրում մարզի տարածքը 2.7 հազար քառակուսի կիլոմետր է, մինչդեռ իրականում Տավուշը 2710 քառ. կմ տարածք է զբաղեցնում: Օրագրում Լոռու մարզի տարածքը 3700 քառ. կմ է, մինչդեռ իրականում այն 3789 քկմ է: Օրագրի աղյուսակում Լոռու բնակչությունը 370 հազար է: Տարածքային կառավարման նախարարության կայքի համաձայն, 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը 322 373 է: Օրագրում «հավելագրումը» կազմում է 47 627: Արմավիրի մարզի տարածքը օրագրում 42 քառ. կմ պակաս է եւ այլն, եւ այլն: Սխալները միայն արդի շրջանով չեն սահմանափակվում: Անճշտություններ կան նաեւ օրագրի վերջում զետեղված հայ ժողովրդի պատմության գլխավոր տարեթվերում: Օրինակ, 1375 թվական՝ «Կիլիկիայի հայկական թագավորության ծաղկումը»: Մինչդեռ այդ թվին Կիլիկիայի թագավորության անկումն է եղել: Կամ՝ 5-րդ դարի երկրորդ կեսին Դվինը եղել է Հայաստանի մայրաքաղաք: Ինչպես կարող էր 5-րդ դարի երկրորդ կեսին Դվինը լինել Հայաստանի մայրաքաղաք, եթե 428 թվականին Արշակունյաց թագավորությունը վերացել էր: Օրագրի հաջորդ էջում «Հայաստանի մայրաքաղաքները» խորագրի ներքո տեղեկացվում է՝ Դվինը Հայաստանի մայրաքաղաք է եղել 336-428 թվականներին: Եվս մի դիտարկում: Օրագրում գրառումները երկու լեզվով են՝ հայերեն եւ ռուսերեն: Բայց ինչու ոչ անգլերեն, ֆրանսերեն կամ որեւէ այլ օտար լեզվով:

Կարծում ենք, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պետք է հետամուտ լինի, որ ակնհայտ սխալներով այս օրագիրը դպրոցներում գործածությունից հանվի: Եվ որքան շուտ, այնքան՝ լավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել