Սփյուռքահայերը «տուն» գալիս են, բայց այստեղ ամուսնանալ չե՞ն ուզում
ՀՀ Սփյուռքի նախարարությունը այս տարի երեք հետաքրքիր նախաձեռնությունների մասին հայտարարեց՝ «Արի տուն»՝ (սփյուռքահայ 14-25 տարեկան երեխաների երկշաբաթյա հանգիստ Հայաստանի քաղաքացիների ընտանիքներում), «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» (սփյուռքահայ զույգերի ամուսնություն Հայաստանում) եւ «Ավագների տուն» («Նորքի բարձունքում, Արարատի փառահեղ հայացքի ներքո հայ տարեցների համար վերակառուցել մի շինություն՝ իր այգիներով եւ օժանդակ կառույցներով: Այս համալիրը կոչված է լինելու ապահովելու Հայրենիք վերադարձող մեր տարեցների հոգեւոր պահանջները, առողջության հետ կապված խնդիրները, մշակութային եւ սոցիալական հարցերը»):
Այսօրվա դրությամբ, «Արի տուն» ծրագրով այս տարվա հունիսից արդեն 300 երեխա է տուն եկել, իսկ «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» ծրագրով միայն մեկ զույգ՝ կանադահայեր Հակոբ Ապաճյանն ու Ծովիկ Լատոյանը:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեցինք, ինչն է պատճառը, որ պատանիներն ու աղջիկները «տուն» գալիս են, իսկ երիտասարդները Հայաստանում ամուսնանալ չեն ուզում: «Իսկ ո՞վ ասաց, որ ամբողջ Սփյուռքը պետք է գար այստեղ ամուսնանար,- նկատեց տիկին Հակոբյանը եւ հավելեց,- մենք ոչ թե ամուսնություն ենք անում, մենք ոգեւորում ենք, խրախուսում ենք զույգի հայ լինելը: Երբ օտար հողում ընտանիքում ամուսինները հայ են, դա նշանակում է, որ հայ ամրոցն ու հայ տունը կանգուն են: Իսկ երբ ամուսիններից մեկը օտարերկրացի է, հայապահպանության հարցում դժվարություններ են առաջանում: Դրա համար էլ մենք առաջիկայում կազմակերպելու ենք «Հայ ինքնության որակների պահպանումը խառը ամուսնություններում» թեմայով գիտական կոնֆերանս: Խառն ամուսնությունները փաստ են, մենք դրա դեմ պայքարել չենք կարող, բայց մենք պետք է խրախուսենք ցանկացած զույգի ամուսնություն, եթե դա խառը չէ: Սա ենք ոգեւորում եւ խրախուսում: Մեր մաղթանքն է, որ հայ երիտասարդը ամուսնանա հայ աղջկա հետ: Իսկ յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում որտեղ ամուսնանա եւ ինչպես ամուսնանա»:
Նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ժենյա Ազիզյանից տեղեկացանք, որ «Արի տուն» ծրագրով տարբեր երկրներից Հայաստան եկածների մեջ արդեն երկու ամուսնություն է լինելու: Սիրիացի մի հայ տղա եւ Թուրքիայի մի հայ աղջիկ զույգ կկազմեն, մյուսն էլ՝ եգիպտահայ տղան եւ ուկրաինացի հայուհին են ամուսնանալու: «Պայման ենք դրել, որ ամուսնանան անպայման Հայաստանում»,- ասաց Ժենյա Ազիզյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Սփյուռքում իր հանդիպումների ժամանակ շատ տարեցներ են ցանկություն հայտնել գալ եւ ապրել Հայաստանում եւ այս հայտարարություններից հետո է ծնվել «Ավագների տուն» կառուցելու գաղափարը: Բայց դեռ էական տեղաշարժ չկա, որեւէ ներդրող դեռ կոնկրետ քայլ չի արել: Ըստ Հրանուշ Հակոբյանի, չի բացառվում, որ դեր է խաղում ճգնաժամը: Թեեւ մեկ առաջարկ կա. Բյուրականում կա պատրաստի տուն, որը կարող է դառնալ «Ավագների տուն»: Բայց «մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ տարեցը տարբերություն չզգա: Մենք չենք կարող տարեցին տեղափոխել այստեղ եւ նրա կարիքներն ու պայմանները չհոգալ: Եթե գտնվի մեծ բիզնեսմեն, որը կանի այս ծրագիրը՝ կանենք, եթե ոչ՝ բյուրականյան ծրագիրը լավն է»: