Փորձագետը դիահերձման ակտն է կեղծել
Հ Հ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Հովիկ Հովհաննիսյանի, Գագիկ Կարապետյանի, Ասյա Նադարյանի, Հայկուհի Հակոբյանի, Արսեն Առաքելյանի, Նարինե Նավասարդյանի, Սահականուշ Ասատրյանի եւ Աղվան Կարապետյանի նկատմամբ:
Ըստ քրեական գործով նախաքննության փուլում ձեռք բերված ապացույցների, պարզվել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերլիազոր Հ. Հովհաննիսյանն իր ծանոթի՝ Կ. Մովսիսյանի հետ, առանց ապրանքներ մատակարարելու, Գառնիկ Սարգսյանի անունով կազմել է կեղծ փաստաթղթեր: Այսինքն, զբաղվել է իրականում գոյություն չունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ: Գ. Սարգսյանի անունից առաջին երկուսը «Ավտոգազ» ՍՊԸ-ին են փոխանցել 1.890.000 դրամի եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին՝ 689.400 դրամի ապրանք: Հ. Հովհաննիսյանն ու Կ. Մովսիսյանն այդ գումարները յուրացրել են:
Ի դեպ, Սեւանի հոգեբուժարանին Գառնիկ Սարգսյանը, 3 տարի առաջ կնքած առքուվաճառքի պայմանագրի հիման վրա, մատակարարել է 272.754.400 դրամի ապրանք, ինչի դիմաց հոգեբուժարանը նրան վճարել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի Սեւանի մասնաճյուղի միջոցով:
Տեղեկացնենք, որ ամբաստանյալ Հովիկ Հովհաննիսյանի աները՝ Գառնիկ Սարգսյանը, չնայած 2007թ. սեպտեմբերին մահացել էր, սակայն «շարունակում» էր Սեւանի հոգեբուժարանին «սպասարկել»՝ ապրանք մատակարարել: Հանգուցյալն իր օպերլիազոր փեսայի միջոցով «լրացնում», «ստորագրում», «կնքում» էր հաշիվ-ֆակտուրաներ, փաստաթղթեր էր տալիս, դրամարկղի մուտքի անդորրագրեր, վճարման հանձնարարագրեր:
Այս ամենը կատարվել է հոգեբուժարանի տնօրենի գիտությամբ, նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ նրա հետ «համաձայնության գալով»:
Առանց պետական գրանցման շարունակվել է փաստաթղթային ձեռներեցությունը, որի հետեւանքով պետությանը հասցվել է 45մլն 333 հազար 200 դրամի վնաս:
Ըստ հատուկ քննչական ծառայության՝ «Միաժամանակ հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը եւ գլխավոր հաշվապահ Ասյա Նադարյանը, տեղյակ լինելով Սարգսյանի մահվան մասին, իրենց կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ եւ ուրիշ անձանց օգտին օգտագործելով, այլ անձի գումար տալու իրավունք չունենալով, ընկերության գանձապահ Հայկուհի Հակոբյանին կարգադրել եւ թույլատրել են կանխիկ գումարները դրամարկղից վճարել Արամ անունով անձնավորության»:
Ժողովրդական իմաստնությունն ասում է. «Մի գիժ քար է գցում փոսը, հազար խելոք չեն կարողանում հանել»: «Խելոքների» ձեռնարկածին միանում են «ՎՏԲ-Հայաստան» բանկի Սեւանի մասնաճյուղի կառավարիչ Արսեն Առաքելյանը եւ գլխավոր հաշվապահ Նարինե Նավասարդյանը, որոնք այլ անձի գումար տալու իրավունք չունենալով, թույլատրում են, որպեսզի հանգուցյալի գումարները կեղծ բանկային չեկերի հիման վրա ստանա նրա ամենակարող փեսան՝ Հովիկ Հովհաննիսյանը:
Վերջինս, իհարկե, խաբել էր շատերին, չասելով, թե աները մահացել է, այլ պատճառաբանել էր, թե նա հիվանդ է եւ չի կարող անձամբ ներկայանալ: Փաստորեն, նշված բանկից նա ստացել էր 112մլն 176 հազար դրամ: Այս շղթան, սակայն, սրանով չի փակվում: Հանուն փողի, Հովիկ Հովհաննիսյանը դիմում է Գեղարքունիքի մարզի դատաբժշկական բաժանմունքի փորձագետ Աղվան Կարապետյանին:
Նա էլ Հովիկի աներոջ մահվան մասին տալիս է կեղծ վկայական: Համաձայն այդ վկայականի, Գառնիկ Սարգսյանը «մահանում» է ոչ թե 2007թ. սեպտեմբերի 7-ին, այլ՝ 2008թ. հուլիսի 20-ին: Փաստորեն, փորձագետը դիահերձման ակտն է կեղծում:
Մեղմ է ասված, թե փորձագետը դրանով խախտել է «օրենքով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ընթացակարգը»:
«Խեղճ», բայց հնարամիտ փեսան ձեռք բերածով չի բավարարվում: Նա այս անգամ դիմում է սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Սեւանի տարածքային բաժնի պետին՝ հանգուցյալի թաղման նպաստը եւ «չստացած կենսաթոշակը» ստանալու: Այն կազմել է 418 876 դրամ:
Այս գործով Կամո Մովսիսյանի նկատմամբ կիրառվում է համաներում, Արամ անունով անձնավորությունը չի հայտնաբերվում, նրա մասով վարույթ է առանձնացվում: