2 օր առաջ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ են այցելել գլխավոր դատախազության՝ ազատազրկման վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները: ՔԿՀ-ի վարչակազմի կողմից բարձրացվել է ազատամարտիկ, «Սուտ մատնության» համար 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցը: «Պատժի չկրած մասը 1/3-ով կրճատվում է» համաներման մասին ԱԺ որոշման 7-րդ հոդվածի 3-րդ կետից Հացպանյանը հրաժարվել է: «Առավոտի» այն հարցին, թե դատապարտյալի հրաժարվելը հի՞մք է, որ նրա նկատմամբ համաներումը չտարածվի, գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն ասաց. «Օրենքի պահանջը միանշանակ է, եւ համաներումը միեւնույն է՝ կիրառվելու է»: Հացպանյանը հրաժարվել է համաներումից եւ ասում է, որ իր նկատմամբ համաներում պետք է կիրառվի նույն որոշման 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, այսինքն՝ իրեն պետք է համաներեն իբրեւ ազատամարտիկի: Երեկվա դրությամբ պաշտպանության նախարարությունը ՔԿՀ եւ արդարադատության նախարարություն չի ուղարկել ազատամարտիկի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ-հիմքը: Իսկ համաներմանը մնացել է 4 օր:
Ուշադրության արժանի է թերեւս այն, որ «Հայկական ժամանակ» օրաթերթում Հացպանյանի հետ հարցազրույցը դարձել է մեղադրանք առաջադրելու համար միակ ապացույցը, իսկ տարբեր լրատվամիջոցներով նրա մարտական ընկերների եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորների հայտարարություն-վկայությունները նրա ազատամարտիկ լինելու մասին, որեւէ գնահատականի չեն արժանանում: Հացպանյանին մնում է «համաներվել» առաջարկվող հոդվածով եւ պաշտպանության նախարարության դեմ քաղհայցով դիմել դատարան՝ ազատամարտիկի կարգավիճակ-որոշում ստանալու պահանջով: