Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրափակիչ «ամառային ներշնչանքը»՝ Աշտարակում

Սեպտեմբեր 25,2009 00:00

Հայաստանի մարզերի մշակույթի տների եւ արվեստի կենտրոնների սաները «Ամառային ներշնչանք 2009» ցուցահանդես-մրցույթի շրջանակում, որի նպատակն է Հայաստանի մարզերում բացահայտել եւ զարգացնել երիտասարդ տաղանդներ, մեկ ամիս շարունակ հնարավորություն ունեին հաղորդակցվելու արվեստի հետ:

Մշակութային կենտրոնների սաների՝ ազգային պարարվեստի, երգարվեստի, նկարչության, ասեղնագործության, բեմական արվեստի եւ լուսանկարչության ժանրերում ներկայացված աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին կամ պարունակեին ընկերության կորպորատիվ նշանը: Աշխատանքների գնահատման չափանիշներ էին ընտրվել յուրօրինակությունը, վառ երեւակայությունը եւ արվեստում մշակութային ավանդույթների արտահայտումը: «Լավագույն ձեռագործ եւ նկարչական աշխատանք», «Լավագույն լուսանկարչական աշխատանք», «Լավագույն բեմականացում», «Լավագույն երգ», «Լավագույն պար», «Լավագույն ժողովրդական գործիքային կատարում», «Լավագույն երաժշտական համույթ». այս անվանակարգերում էին սահմանվել մրցանակները:

Երեկ Աշտարակի մշակույթի տանը տեղի ունեցավ «Ամառային ներշնչանքի» եզրափակիչ միջոցառումը, ուր հավաքվել էին Հայաստանի մարզերից ժամանած բոլոր հաղթող հաստատությունների՝ թվով 175 սաներ եւ ուսուցիչներ: Լավագույն ճանաչված աշխատանքների հեղինակները «ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կողմից ստացան պատվոգրեր ու մրցանակներ՝ համակարգիչներ, երաժշտական գործիքներ, տեխնիկա, կահույք, իսկ հաստատություններին՝ շենքերի վերանորոգման եւ կենցաղային պայմանների բարելավման համար՝ նաեւ դրամական միջոցներ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց. «Երեխաները պետք է զգան, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահում եւ մեծանան այս ոգով ու եռանդով: Այս ծրագրով ուզում ենք, որ Հայաստանի երեխաները, հաղորդակցվելով համաշխարհային արվեստի հետ, իրենց տաղանդը ներկայացնեն սեփական աշխատանքներում: Ստեղծագործությունը եւ նորարարությունը այն սյուներն են, որոնք հիմք կդառնան երիտասարդ սերնդի աշխարհայացքի ձեւավորման համար»: «Լավագույն ժողովրդական պար» անվանակարգում մրցանակ ստացած՝ Վայոց ձորի մարզը ներկայացնող երգի եւ պարի «Սալմաստ» մանկական համույթի ղեկավար Արթուր Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այսպիսի մշակութային մեծ փառատոնի առաջին անգամ ենք մասնակցում: Սա եւս մեկ առիթ է, որ մշակույթը բեմ բարձրացվի, պրոպագանդվի, երեխաները մեկ ամիս է՝ ցնծության մեջ են»: Շիրակի մարզից 11-ամյա Անի Ղարիբյանը 6 տարի հաճախում է Գյումրիի գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ: Նա իր աշխատանքում պատկերել էր հայկական մանրանկարչությամբ տարազ, որում ամենից շատ օգտագործել էր կարմիրը. այսկերպ էր աշխատանքի հեղինակը խորհրդանշել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: «Լավագույն երգին» արժանացած Սյունիքի մարզի Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան տնօրեն Արկադի Մարդյանը «Առավոտին» ասաց. «Մեր երգն ամբողջովին երեխաների ֆանտազիան է, երեխաները հնարավորություն ունեցան իրենք ստեղծագործել, երգը եւ արվեստը ծառայեց ազգին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել