Երեւանի քաղաքապետարանը վտարում է Բուզանդի 1/3 հասցեում գտնվող «Երեւաննախագիծ» շենքում վարձակալական հիմունքներով աշխատող 40-ից ավելի ընկերությունների:
«Երեւաննախագիծ» ինստիտուտի շենքը Պետգույքի կառավարման վարչությունից անցել է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշիռ: Սեփականատիրոջ փոփոխությամբ փոխվել են նաեւ շենքի պահանջները: Երեւանի քաղաքապետարանը որոշել է, որ այս հաստատությունը պետք է ծառայի միայն իրենց կարիքներին, ուստի վարձակալությամբ այնտեղ աշխատող ընկերությունները պետք է 7-օրյա ժամկետում ազատեն իրենց «օֆիսները», իսկ չազատելու դեպքում խոստանում են միջոցներ ձեռնարկել եւ ստիպել իրենց պատճառված վնասները փոխհատուցել: Ընդ որում, քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի ստորագրությամբ ուղարկված բոլոր գրությունները չէ, որ նույն բովանդակությունն ունեն: Ընկերությունների մի մասի նամակում գրված է, որ ըստ կառավարության այս թվականի մայիսի 5-ի 604-Ն որոշման (նշենք, որ որոշումը կայացվել է հունիսի 6-ին, այլ ոչ թե մայիսի 5-ին) եւ Կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված վկայականի, Բուզանդի 1/3 շենքը հանդիսանում է Երեւան համայնքի սեփականություն, մի մասի նամակում էլ նշված է, որ շենքը տրվել է քաղաքապետարանին: Կողմերի միջեւ կնքված պայմանագրով, վարձակալության պայմանագիրը չեղյալ համարելու համար կողմերից մեկը մյուսին պետք է տեղյակ պահի առնվազն 3 ամիս առաջ:
Սակայն շենքի նոր սեփականատիրոջ՝ Երեւանի քաղաքապետարանի համար սա այնքան էլ նշանակություն չունի, որպես վտարման հիմք նրանք ներկայացնում են այն, որ այս ընկերությունները չունեն տարածքի վարձակալության իրավունքի պետական գրանցում, որը տրվում է Կադաստրի պետական կոմիտեի կողմից, այսինքն՝ անօրինական են զբաղեցրել շենքի գրասենյակները: Ինչպես երեկ մեզ հետ զրույցում պատմեցին ընկերություններից մի քանիսի ղեկավարները, երբ դիմել են կադաստր, որպեսզի ստանան այդ իրավունքի գրանցումը, մերժում են ստացել, քանի որ, ինչպես պարզաբանել են կադաստրից, իրենց դեռ հայտնի չէ, թե որ գերատեսչության հաշվեկշռում է շենքը, եւ ներկա պահին այն սեփականատեր չունի: «Այսքան տարի ոչ մի խոչընդոտ չի եղել, որեւէ մեկը վարձակալության պարտավորությունները չի խախտել: Հարկերն ու վարձերն էլ միշտ ժամանակին ենք վճարել»,- ասաց դեռեւս 2000-ից այս շենքում գրասենյակ վարձակալած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանը: Նշենք, որ այս ընկերություններից ոչ մեկի պայմանագրի ժամկետը չի լրացել, ինչն էլ, ըստ Ա. Սահակյանի, նշանակում է, որ քաղաքապետարանն անօրինական է իրենց վտարում. «Պայմանագրերում գրված է նաեւ, որ սեփականության փոփոխությունը չի ենթադրում վարձակալական հիմունքների փոփոխություն: Տարեկան մոտ 50 միլիոն դրամ հարկ ենք վճարում այս շենքի վարձակալներով, եւ մեզ առանց հիմնավորման հանում են մեր գրասենյակներից»:
Գանձապետական եւ բանկային համակարգի համար ծրագրեր ապահովող «Էլ Սոֆթ» ընկերության հիմնադիր անդամ Լեւոն Կարապետյանն էլ նշեց, որ եթե նույնիսկ իրենց օրինականորեն վտարեին եւ տրամադրեին 2 ամիս ժամանակ, միեւնույն է, իրենք հսկայական վնասներ կկրեին. «Հիմա բյուջեն ենք կազմում, որը մշակվում է մեր ծրագրով, ինչպե՞ս էինք կիսատ թողնելու եւ տեղափոխվելու: Բացի այդ, այստեղ մեծ աշխատանքներ ենք տարել, վերանորոգել ենք: Երբ մենք 1997 թվականին եկանք այս շենք, նորմալ պայմաններ չկային, տանիքը վնասված էր, ամբողջ ջրերը լցվում էին մեր սենյակ ու վնասում մեր տեխնիկան»:
Վտարման նամակներ ստացել են նաեւ «Քաղսեյսմշին եւ փորձաքննությունը», «Սփյուռը» եւ այլ կազմակերպություններ, որոնք էլ նշում էին, որ ավելի լավ է մի քիչ շատ վարձ տան, միայն թե մնան այս շենքում:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեցին, որ Բուզանդի 1/3 շենքը հանդիսանում է Երեւան քաղաքի սեփականությունը, եւ այդ շենքում ժամանակին վարձակալական հիմունքներով տարածքներ զբաղեցրած ընկերությունների մի մասի պայմանագրերի ժամկետներն արդեն ավարտվել են, մյուսներինն էլ մոտենում է ավարտին, բացի այդ, կան նաեւ կազմակերպություններ, որոնք շենքում տարածք են զբաղեցրել ապօրինի. «Նկատի առնելով այն, որ շենքը խիստ անհրաժեշտ է Երեւան համայնքի կարիքների համար, այս կազմակերպությունները ժամանակին, սահմանված կարգով տեղեկացվել են պայմանագրերի ժամկետի երկարացման կամ նոր պայմանագրերի կնքման անհնարինության մասին»: Կադաստրի պետական կոմիտեից էլ տեղեկացրին, որ խնդրի առնչությամբ պարզաբանում կտան առաջիկայում:
Նշենք, որ Բուզանդի 1/3 շենքում գտնվող պետական կազմակերպություններին վտարումը չի վերաբերում: