Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԼ ԱՆԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲԱՆ ՉԻ ՄՆԱՑԵԼ»

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում մեր տնտեսության վնասների ու օգուտների մասին երեկ ասուլիսում իր տեսակետն է հայտնել ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Նրա կարծիքով, քանի որ Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի հզոր է, քան մերը, հետեւապես ակնհայտ է, որ թուրքական արտադրանքը կողողի հայկական շուկան, իսկ սահմանի բացման առաջին դրական էֆեկտը կզգա Թուրքիան: Ըստ Բ. Ասատրյանի, ամենաշատը կտուժի գյուղատնտեսության ոլորտը. «Թուրքական այն ապրանքները, որոնք արդեն հաստատվել են մեր շուկայում, շատ կարճ ժամանակամիջոցում բարենպաստ տրանսպորտային պայմաններում ավելի ակտիվորեն կներխուժեն մեր շուկա: Բացի այդ, Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների չկարգավորման հիմքում ընկած է այս երկրի գյուղատնտեսությունը: Եվրոպայի վախն է, որ թուրքական ապրանքները կմտնեն իրենց շուկաներ եւ կքանդեն տեղի գյուղատնտեսությունը: Այս խնդիրը նաեւ Հայաստանին է վերաբերում»:

Չնայած այս բացասական կանխատեսումներին, տնտեսագետը նշեց նաեւ, որ մեր երկիրը գլոբալ իմաստով կշահի սահմանի բացումից, սակայն կան հարցեր, որոնք հստակեցման կարիք ունեն, օրինակ՝ գործելո՞ւ է, արդյոք, երկաթուղին, արդյո՞ք սահմանի բացման դեպքում կարող են ոչ միայն մարդատար, այլ նաեւ բեռնատար ավտոմեքենաներն ազատ երթեւեկել, թե՞ խոչընդոտներ կառաջանան:

Անդրադառնալով տնտեսական անկման ցուցանիշներին, Բ. Ասատրյանը կանխատեսեց այս տարեվերջին ՀՆԱ-ի 15%-անոց անկում, իսկ հաջորդ տարի՝ ընդամենը 1-2%՝ «Քանի որ էլ անկման ենթակա բան չի մնացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել