«Մեր հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության ոչ բարձր մակարդակն իր բացատրությունն ունի: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով մեր նման կառույցները մի հրովարտակ էին ընդունել, որ չի կարելի այս պայմաններում տնտեսվարող սուբյեկտներին օրենքների ամբողջ ուժով սկսել ստուգել, որոշումներ կայացնել կամ տուգանել: Չուզեցինք նպաստել տնտեսվարող սուբյեկտների կործանմանը»,- երեկ հրավիրած նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Հանձնաժողովը տարբեր ապրանքային շուկաներում կատարած ուսումնասիրություններից հետո եկել է այն եզրակացության, որ մեր երկրում գերիշխողներ շատ կան: Ա. Շահնազարյանի խոսքերով՝ «Մեր ուսումնասիրած շուկաների 75-80%-ը գերիշխող են: Հայաստանի շուկաները կենտրոնացվածության բարձր աստիճանում են»: Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին, պարոն Շահնազարյանը միանշանակ վստահեցրեց, որ դա առեւտրական բալանսի կարգավորման միտումով դրական է ազդելու մեր տնտեսության վրա. «Քաղաքական առումով չգիտեմ, բայց տնտեսական առումով ազատականացումը կբերի ավելի ակտիվացման: Տնտեսական դաշտի համար ամենամեծ նշանակությունը ունի ազատության աստիճանների բաց լինելը: Ինչքան ճանապարհ, ինչքան հնարավորություն, ինչքան ապրանքափոխանակություն՝ այնքան լավ»:
Նիստի ընթացքում հանձնաժողովը ներկայացրեց մսամթերքի եւ էթիլային սպիրտի շուկաներում կատարած ուսումնասիրությունները: Ըստ այդմ, Հայաստանում էթիլային սպիրտի իրացման ամենամեծ ծավալն ապահովում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ իրացման շուկայի 99,88% մասնաբաժնով: «Ալեքս Գրիգը» ճանաչվեց շուկայի գերիշխող: Իսկ մսամթերքի շուկայում գերիշխող ճանաչված «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» հանվեց գերիշխողների շարքից, որովհետեւ, ըստ հանձնաժողովի, 2008-ի տվյալներով՝ շուկայում իրացման առավել մեծ բաժին ունեն «Լինդա» (24.6%), «Առդելիկատես» (13,2%) եւ «Մուշ» (10,9%) ընկերությունները: Ուսումնասիրությունների արդյունքները հանձնաժողովը պատրաստվում է ուղարկել Պետեկամուտների կոմիտե: