Չնայած գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի այն հավաստիացումներին, որ 1 կգ խաղողի մթերման գինը լինելու է 120-130 դրամից ոչ պակաս, վերջերս գյուղացիները պարբերաբար դժգոհում են, որ խաղող մթերող ընկերությունները 80 դրամից ավելի չեն վճարում: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ասաց, որ դա գյուղացիների շրջանում շրջանառվող ապատեղեկատվություն է, ինքն անձամբ մեկնել է մարզեր, հանդիպել գյուղացիների ու համայնքի ղեկավարների հետ, տվել պարզաբանումներ: «Գները շուկան է սահմանում: Առաջարկ եւ պահանջարկ է: Երեւանի կոնյակի գործարանը, որ մթերումները սկսել է օրեր առաջ, հայտարարել է 130 դրամ, ինչը պատահական չէ, հաշվի է առել եւ՛ տնտեսական ճգնաժամը, եւ՛ միջազգային շուկայում կոնյակի ու գինու գները»,- պարզաբանեց պարոն Ալավերդյանը:
Նշենք, որ «Առավոտը» սեպտեմբերի 23-ի «Խաղողագործները «սպառնում են» հոդվածում անդրադարձել էր այս խնդրին: Մեզ հետ զրույցում, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի բնակիչները հավաստիացրել էին, որ «Պռոշյանի գինու, կոնյակի գործարանը» խաղողի «արենի» տեսակը մթերում է 90, իսկ մնացածը՝ ընդամենը 70 դրամով, ինչն անգամ իրենց կատարած ծախսը չի ծածկում:
Երեկվա ասուլիսում արդեն նախարարը մի քիչ իջեցրեց մթերվող խաղողի գինը, նախկինում հայտարարած 120-130 դրամի փոխարեն այս անգամ ասաց. «Մթերող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ բազմիցս նշել եմ, որ խաղողի այս տարվա գները պետք է լինեն անցած տարվա գներին համապատասխան՝ 80-140 դրամի սահմանում, կախված խաղողի տեսակից»: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, գյուղնախարարը կարծիք հայտնեց, որ այդ դեպքում հայկական բնամթերքը չսպառվելու խնդիր չի ունենա. «Կմեծանա մրցակցությունը, ինչն էլ օգտակար է»: