Աշխատավարձ չվճարելու համար նախատեսված տուգանքի չափն այնքան մեծ է, որ ընկերությունը կարող է անգամ սնանկանալ:
«Հայ-Թեք Գեթվեյ» ընկերությունը, որը զբաղվում է միջազգային զանգերի իրականացմամբ եւ Հայաստանում ինտերնետ կապի տրամադրմամբ, արդեն 5,5 ամիս է՝ չի կարողանում վճարել մոտ 100 աշխատակիցների աշխատավարձերը: Խնդիրն այն է, որ «Հայ-Թեք Գեթվեյը» հանդիսանում է ԱՄՆ-ում գտնվող ընկերության մասնաճյուղը Հայաստանում եւ ֆինանսավորվում է հենց ԱՄՆ-ից, որտեղ էլ առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով՝ աշխատավարձի համար նախատեսված գումարը չի փոխանցվել Հայաստան: Չնայած սեփականատիրոջ այն հավաստիացումներին, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է, եւ գումարի հետ կապված հարցերը կլուծվեն, այս խնդրին արդեն քաջատեղյակ է աշխատանքի պետական տեսչությունը, որն էլ մոտ 2 շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում ընկերության գրասենյակում: Նշենք, որ համաձայն Վարչական օրենսգրքի, տվյալ ամսվա աշխատավարձը մինչեւ հաջորդ ամսվա 15-ը չվճարելու դեպքում, հիմնարկի տնօրենը տուգանվում է չվճարած աշխատավարձի 25%-ի չափով, ինչը բավական մեծ գումար է կազմում: Ընկերության իրավաբան Էդուարդ Մամիկոնյանի կարծիքով, «նման անխիղճ տուգանքի կիրառման պատճառը օրենսդրական բացն է: Այսինքն, օրենքում հստակ նշված է 25% տուգանքի չափը, սակայն ոչ մի տող չկա տուգանքի առավելագույն սահմանի մասին, ինչի հետեւանքով էլ հնարավոր է, որ գումարի չափը այնքան մեծ լինի, որ ընկերությունը գնա ընդհուպ մինչեւ սնանկացման: Բացի այդ, դա սոցիալական ուղղվածություն ունեցող սանկցիա չէ, աշխատավարձ չստացած աշխատակիցներն այդ տուգանքից չեն շահում»: Ըստ Է. Մամիկոնյանի, առավել քան տարօրինակ է նաեւ օրենքի այն կետը, ըստ որի, տուգանվում է ոչ թե տվյալ ընկերության սեփականատերը, այլ՝ իրավաբանական տնօրենը: Իրավաբանի կարծիքով, աշխատանքի պետական տեսչության աշխատակիցները օրենքը կիրառում են միայն մասնակի: Այսինքն, նրանք արձանագրում են փաստը եւ նշանակում են տուգանքը, չհետաքրքրվելով, թե որն է ընկերությունում առաջացած ֆինանսական խնդրի պատճառը, բացի այդ, նույն օրենսգրքով, որով նրանք առաջնորդվում են, սահմանված է նաեւ, որ վարչական իրավախախտում է համարվում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր, դիտավորյալ կամ անզգույշ այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Մինչդեռ, այս պարագայում տնօրեն Հակոբ Մանուչարյանը բացարձակապես ոչ մի մեղք չունի, նա աշխատավարձերը չի վճարել, քանի որ ընկերության գլխամասից գումարը չի փոխանցվել, այսինքն՝ դա դիտավորությամբ չի կատարվել: Ըստ Է. Մամիկոնյանի, տեսուչները պարտավոր են հաշվի առնել նաեւ օրենքի այս կետը, իսկ պետությունը պետք է օրենքում առանձին հոդվածներ նախատեսի՝ հատուկ արտասահմանյան կապիտալով աշխատող ընկերությունների համար:
Իրավաբանի կարծիքով, օրենքում բացթողում է նաեւ այն, որ տուգանքի չափը կոնկրետ սահմանված առավելագույն չափ չունի, ինչի հետեւանքով երբեմն տուգանքը դառնում է ոչ ռեալ, քանի որ մարդն այն վճարելու հնարավորություն չունի. «Այդ պատճառով էլ շատերը իրենց գույքը ձեւակերպում են ուրիշի անվամբ՝ նման խնդիրներից խուսափելու համար»:
«Հայ-Թեք Գեթվեյ» ընկերության տնօրեն Հակոբ Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տեսչության աշխատակիցները ասել են, որ եթե չի կարողացել վճարել աշխատավարձը, ապա պետք է դադարեցներ ընկերության գործունեությունը: Հ. Մանուչարյանի խոսքերով. «Նախ, օրենսդրորեն հնարավոր չէ գործող ընկերության աշխատանքը դադարեցնել՝ միայն այն պատճառով, որ աշխատավարձը չենք կարողանում վճարել: Բացի այդ, ես բոլոր աշխատակիցներին տեղեկացրել եմ, որ կարող են իրենց հաշվին արձակուրդ վերցնել, մինչեւ կկարողանանք վճարել աշխատավարձերը եւ նրանք դարձյալ կանցնեն իրենց գործին»: Հ. Մանուչարյանը կարծում է նաեւ, որ պետությունը ֆինանսական վատ վիճակում գտնվող ընկերություններին պետք է շանս տա այդ իրավիճակից դուրս գալու համար, ոչ թե ահռելի տուգանքների միջոցով հասցնի սնանկացման, բացի այդ, մեծ չափի գումար վճարելու դեպքում, որը հնարավոր է 1 ամսվա համար վճարվող աշխատավարձի չափից շատ ավելի մեծ լինի, տվյալ բիզնեսը սեփականատիրոջ համար կարող է այլեւս հետաքրքրություն չներկայացնել:
Հետաքրքիր է նաեւ այն, որ ընկերության տնօրենը պարտավորվում է որոշակի ժամկետում վճարել միայն տուգանքը, իսկ աշխատավարձերի վճարման մասին՝ ոչ մի խոսք չկա: Նշենք նաեւ, որ ընկերության աշխատակիցները նամակ են ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրանքով, որ սնանկության չհասցվի իրենց հիմնարկը եւ իրենք չդառնան գործազուրկ: