Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոյան քաղաքացիական համարձակություն եւ խիզախություն ունի»

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցչի մասին 2007-ին ասում էր այժմ նրան կուսակցությունից հեռացնողներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանը:

Հայաստանի քաղաքական դաշտում բազմաթիվ են դեպքերը, երբ նախկինում միմյանց հասցեին լուտանքներ թափող գործիչները դառնում են համախոհներ, եւ հակառակը՝ երբ հակառակորդներ են դառնում մարդիկ, որոնք նախկինում իրար կրծքով պաշտպանում էին: «Ժառանգությունն» էլ այս առումով բացառություն չէ: Եվ որպես ապացույց՝ ներկայացնում ենք ծաղկաքաղ «Առավոտի» նախկին հրապարակումներից:

2007-ի օգոստոսի 8-ին ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը կողմ էր քվեարկել ԿԸՀ նախագահի պաշտոնում Գարեգին Ազարյանի թեկնածությանը, եւ փաստարկելով իր քվեարկությունը՝ ասել էր. «Այս ԿԸՀ-ն ավելի քիչ խախտումների գնաց: Եվ ինչ տեղի ունեցավ՝ տեղի ունեցավ տարածքային հանձնաժողովներում: Հետեւաբար՝ Գարեգին Ազարյանի մեղքը քիչ է»:

Օգոստոսի 29-ին Զոյա Թադեւոսյանը ստորագրեց ԿԸՀ այն որոշումը, որով հիմք ընդունելով Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը՝ ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը գրանցվեց որպես ԱԺ պատգամավոր: Հիշեցնենք, որ վերջինս այդ ընտրատարածքում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մրցակիցն էր, ու «Ժառանգությունը» հայտարարել էր, որ ընտրություններն անցել են անազատ եւ անարդար մթնոլորտում: Մնացածը շարադրում ենք ըստ մեր թերթի օգոստոսի 30-ի հրապարակման. «Զոյա Թադեւոսյանի պահվածքը, անկասկած, հաճելի էր ԿԸՀ իշխանական թեւի ներկայացուցիչներին, բայց տարակուսանք առաջացրեց լրագրողների շրջանում: Մենք փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ «Ժառանգության» ներկայացուցիչն առանց առարկությունների ստորագրեց այդ արձանագրությունը, եւ որքանո՞վ էր իր այդ կեցվածքը համարժեք իր կուսակցության արած հայտարարություններին: Ըստ Զոյա Թադեւոսյանի, առարկությունների խնդիր չկար, որովհետեւ թիվ 15 ԸԸՀ-ն Խաչիկ Մանուկյանի ընտրվելու փաստն արդեն հաստատել էր ու, ԿԸՀ անդամի ասելով, մնում էր ուղղակի հաստատել այդ փաստը»… Հարցին ի պատասխան, թե իսկ որեւէ առարկություն չանելը չի՞ նշանակում, որ «Ժառանգության» ներկայացուցիչը համաձայն է ընտրության արդյունքների հետ՝ նա հայտարարել էր. «Ես ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնել չեմ կարող»: Եվս մի մեջբերում. «Լրագրողներից մեկը, նկատելով, որ ընտրախախտումների ականատես լինելով հանդերձ՝ «Ժառանգության» ներկայացուցիչն իր ստորագրությամբ փաստացի պատգամավոր դարձրեց մի մարդու, որն օրինախախտումներով է ընտրվել՝ Զոյա Թադեւոսյանին դիմեց, թե՞ «գոնե բողոքեիք, դա գրավոր ներկայացնեիք ԿԸՀ-ին: Ձեր պահվածքն ինչպե՞ս կբացատրեք»: ԿԸՀ անդամի մատուցմամբ՝ «Ես իրավունք չունեմ գրավոր բողոք ներկայացնելու»:

Սեպտեմբերի 5-ին մենք «Ժառանգության» քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանին առաջարկել էինք ուսուցում անցկացնել ԿԸՀ-ում իրենց ներկայացուցչի համար, եւ նրան բացատրել, որ իրավունք ունի, ասենք, չստորագրել արձանագրությունը, հատուկ կարծիք ներկայացնել եւ այլն:

Ուշագրավ է, թե Զոյա Թադեւոսյանի մասին այս հրապարակումներին ինչպես էին արձագանքում նրա կուսակիցները: Նրանք պնդում էին, թե ԶԼՄ-ներն են աղավաղում իրենց ներկայացուցչի ասածները, կտրում համատեքստից: Նման պնդումներ արել էր, մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, որին հիշեցրել էինք, թե ԿԸՀ-ի նախորդ կազմում «Արդարության» ներկայացուցիչը փորձում էր փաստեր վկայակոչելով ընդդիմանալ մեծամասնությանը. «Եվ այս նախադեպը հաշվի առնելով է, որ տարօրինակ է դիտվում «Ժառանգության» ներկայացուցչի պահվածքը, որը մինչ այժմ տեղի ունեցած նիստերում անընդհատ իր քվեարկությամբ միացել է մեծամասնությանը»: Մեր հարցին, թե այդպես էլ շարունակվելո՞ւ է՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ոչ: Վստահ եմ, որ մեր ԶԼՄ-ները դեռեւս ականատես կլինեն Զոյա Թադեւոսյանի դիրքորոշմանն ու կեցվածքին: Մենք ինքներս գիտենք, թե նա ինչպիսի քաղաքացիական համարձակություն եւ խիզախություն ունի, նրա հետ երկար ճանապարհ ենք անցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել