«Իմ մուտքը պառլամենտ նույն պատմական իրադարձությունն է, ինչ Միրաբոյինը՝ ֆրանսիական առաջին պառլամենտ»,- ասում է Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում, որտեղ ԱԺ մեծամասնական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել այդ նույն ընտրատարածքից 2007 թվականին ընտրված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ եւ իրեն ՀՀ առաջին նախագահի զինակիցը համարող Հակոբ Հակոբյանը, առաջադրվել է նաեւ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Ընդ որում, վերջինս երեկ «Ա1+»-ի հետ զրույցում արդեն հասցրել է հայտարարել, թե «ընդդիմությանը ԱԺ-ում անհրաժեշտ է ամբիոն», եւ որ ինքը կհզորացնի եւ կուժեղացնի Կոնգրեսին, եթե իրեն հաջողվի նվաճել այդ ամբիոնը: Սա այն դեպքում, երբ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով՝ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը որոշում է ընդունել բոյկոտել ԱԺ մեծամասնական երկու ընտրատարածքներում նշանակված ընտրությունները: «Մենք այս խորհրդարանը համարում ենք ոչ լեգիտիմ, պահանջում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ, բնականաբար, այս ընտրություններին մասնակցելու որեւէ մտադրություն չունենք»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Լ. Զուրաբյանը: Այսուհանդերձ, նա միաժամանակ շեշտեց, թե Կոնգրեսը հասկանում է, որ կան պատգամավորներ, որոնց նկատմամբ քաղաքական հետապնդումներ եւ դատավարություններ են իրականացվել, եւ արդյունքում նրանք ապօրինաբար զրկվել են իրենց մանդատներից, եւ «եթե նրանք անհատական որոշում ունեն վերականգնելու օրինականությունը եւ մասնակցում են այս ընտրություններին հենց այդ՝ արդարությունը վերահաստատելու, անօրինականությունը վերացնելու եւ իրենց ու ընտրողների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, ապա իրենց ցանկության դեպքում Կոնգրեսը նրանց, իհարկե, կաջակցի»:
Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ մասնավորապես գլխավոր մարքսիստին, որը ապօրինաբար չի զրկվել իր մանդատից եւ արդարություն վերահաստատելու խնդիր չունի, ՀԱԿ-ը չի պաշտպանի: «Առաջադրվելը իր գործն է: Ես մեր դիրքորոշումն արդեն ասացի, եւ նրան մենք չենք պաշտպանի՝ բացարձակ»,- հստակեցրեց Զուրաբյանը: Մեր այն հարցին, թե՝ Կոնգրեսում ինչպե՞ս են վերաբերում Դավիթ Հակոբյանի՝ պարբերաբար դրսեւորած եւ ՀԱԿ-ի որոշումներին հակասող ինքնագործունեությանը, ՀԱԿ համակարգողն ասաց՝ հանգիստ, իսկ նրա՝ Կոնգրեսին մաս կազմելու նպատակահարմարության հարցը քննարկելու հավանականության մասին մեր հարցադրմանն էլ պատասխանեց, թե «հարցը պիտի լրջություն ունենա, որ դրվի քննարկման»:
Մենք զրուցեցինք նաեւ Դավիթ Հակոբյանի հետ: Մեր հարցին, թե՝ ինչո՞ւ է որոշել առաջադրվել հատկապես այն ընտրատարածքում, որտեղ ինքը չի ապրում, եւ որտեղ առաջադրվել է Հ. Հակոբյանը, գլխավոր մարքսիստը պատասխանեց. «Երկիրն ու հայ ժողովուրդը դա իմ տարածքն է, եւ ես խտրականություն չեմ դնում հեռավոր Շամշադինի լեռնաշխարհի կամ Երեւանի որեւէ թաղամասի միջեւ: Այնպես որ, կարծում եմ, ես իմ 17 տարվա քաղաքական պայքարի ընթացքում հանրապետության բոլոր շրջաններում էլ որոշակի լսարան նվաճել եմ եւ համարձակորեն կարող եմ հանրապետության ամեն մի վայրում դնել իմ թեկնածությունը»: Ինչ վերաբերում է Հ. Հակոբյանի հետ մրցակցությանը, ապա մարքսիստի ասելով՝ ինքը խորապես հարգում է Հ. Հակոբյանին, թեեւ չի կարծում, որ նա այդ համայնքում քաղբանտարկյալի համարում ունի: «Մենք բոլորս մի ազգի երեխաներ ենք, եւ թշնամանք չկա: Ես շատ հարգում եմ Հակոբ Հակոբյանին, եւ նա էլ է ինձ հարգում, այնպես որ՝ մենք իրար թշնամի չենք համարում: Դուք հանգիստ մնացեք»,- ասաց Դ. Հակոբյանը՝ հավելելով, թե իր առաջադրմանն այլ մեկնաբանություններ տալը «հիմնազուրկ մերկանտիլիզմ» է: Նա ասաց, թե իր թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի մարքսիստական կուսակցության պլենումի կողմից, ու հավելեց. «Ամեն դեպքում այդ մանդատը կլինի գաղափարական ընդդիմության, գաղափարական, քաղաքական սերնդափոխության ամբիոն: Այդ ամբիոնը կլինի ՀԱԿ-ի ամբիոնը, որի անդամն եմ ես, որքան էլ մեր տակտիկական հարցերում հակասություններ ունենանք, ես միշտ էլ հավատարիմ եմ մնացել համազգային ընդդիմությանը»:
«Առավոտը» հիշեցրեց Դ. Հակոբյանին, որ Կոնգրեսը որոշում ունի չմասնակցել այդ ընտրություններին, որովհետեւ խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ ու պահանջում է նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններ: «Արտահերթ ընտրությունների առաջին պահանջողը ես եմ եղել՝ դեռ անցյալ տարվա մայիսին, ՀԱԿ-ի հիմնադիր ժողովում: Հիշո՞ւմ եք, ես ասացի՝ «վՈտՐՈՉսպվՌպ չսՈՉվՏչՏ ցՊՈՐՈ-ֆՑՏ տՈՐսՈՎպվՑ, Ռ ֆՑՏ ոցՊպՑ վՈՔ ըՈրՑՌսՖ»: Բայց տակտիկական առումով ամեն մի հնարավորություն պետք է կորզել եւ մտնել պառլամենտ, նվաճել այդ ամբիոնը: Եթե նույնիսկ ՀԱԿ-ից միայն ես լինեմ այդ ամբիոնում, դա արդեն բավական է, որ նոր եւ թարմ գաղափարական հոսանք բացվի, հզոր գաղափարական տրիբունա ստեղծենք: Կարծում եմ, որ այս երեք մանդատների նկատմամբ ՀԱԿ-ի բոյկոտը հիմնավորված չէ: Եթե պատմությունն ու ժամանակը առայժմ արտահերթ ընտրությունների հնարավորություն չեն ընձեռում, համենայնդեպս, պայքարի այդ ձեւից, տակտիկական առումով, չի կարելի հրաժարվել»:
Խոսելով ընտրվելու իր շանսերի մասին՝ Հայաստանի մարքսիստն ասաց, թե՝ ամբողջ հայ ժողովուրդը՝ թե՛ սփյուռքը, թե՛ հայաստանցիները, շատ լավ գիտի, որ ինքը «գաղափարական նոր հոսանքի միակ ջահակիրն» է: «Սա է խնդիրը: Այստեղ մանդատների կռիվ չի գնում: Իմ մուտքը կնշանակի նոր գաղափարական հոսանքի մուտքը պառլամենտ: Սա է իմ նշանաբանը: Իմ մուտքը նույն պատմական իրադարձությունն է, ինչպես Միրաբոյի մուտքը ֆրանսիական առաջին պառլամենտ՝ 1789թ. մայիսի ընտրություններում: Պրովանսի այդ դեպուտատի մուտքը եղավ ամբողջ հեղափոխության սկիզբ, եւ ազատական լիբերալիզմը մուտք գործեց ֆեոդալական պառլամենտ»: