Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհերի թիվը՝ առնվազն 10

Սեպտեմբեր 25,2009 00:00

Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը երեկ «Դուպլեքս» ակումբում հայտարարեց, թե՝ «մարտի 1-ին զոհերի թիվը առնվազն 10-ն է եղել»:

Հիշեցնենք, որ վերջինս չէր ստորագրել խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ներկայացրած զեկույցի տակ: Ավելին, այն բանից հետո, երբ խորհրդարանում զեկույցի քննարկման ժամանակ իրեն հերթագրել էին ելույթի համար, բայց այդպես էլ նման հնարավորություն չէին ընձեռել, երեկ նա 16 էջից բաղկացած սեփական զեկույցը հանձնեց լրագրողների դատին: Պարզաբանելով զոհերի թվի վերաբերյալ իր կասկածները՝ Ա. Վարդանյանն ասաց. «Զննության արդյունքում արյան հինգ փոքր լճակներ են հայտնաբերվել: Բայց այդ արյան լճակներից վերցված նմուշները չեն համեմատվել զոհվածների կամ վիրավորների արյան նմուշների բաղադրության հետ: Այսինքն՝ եթե համեմատվեին ու պարզվեր՝ բոլորը համընկնում են, խնդիր չկա, բայց չեն համեմատել: Միգուցե միտումնավո՞ր չեն համեմատել»: Հարցին՝ հնարավոր կլինե՞ր քողարկել, եթե զոհերի թիվը տասից ավելի լիներ, Արտավազդ Վարդանյանը արձագանքեց. «Մեր իրականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է»: Անդրադառնալով զոհերից Զաքար Հովհաննիսյանի մահվան հանգամանքներին՝ բանախոսը կարծիք հայտնեց, թե Հովհաննիսյանին սպանել են ոստիկանները, քանի որ Հովհաննիսյանը սպանվել է Մաշտոցի փողոցում գտնվող շուկային հարող տարածքում ժամը 1-1:30-ի սահմաններում, մինչդեռ՝ «այդ ժամանակ այդտեղ գտնվել են միայն ոստիկանության զորքերն ու ոստիկանները»:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Արտավազդ Վարդանյանը չցանկացավ խոսել հանձնաժողովի արձանագրությունը չստորագրելու պատճառով կուսակցությունում առաջացած աժիոտաժին եւ այդ առիթով Վազգեն Մանուկյանի արած հայտարարությանը, թե այդպիսով Արտավազդն ինքնահաստատման հարց է լուծել, որի իրավունքը չուներ. «14-15 տարի ճանապարհ եմ անցել այդ կուսակցությունում, մի քիչ էմոցիաները կհանդարտվեն, դիրքորոշումները կհստակեցվեն»:

Իսկ Վազգեն Մանուկյանն «Առավոտին» փոխանցեց, որ Վարդանյանի արարքը քննարկվել է կուսակցության վարչության նիստում եւ որոշվել է, որ ԱԺՄ-ն հանձնաժողովում ներկայացնող անդամը կարգապահական խախտում է թույլ տվել: Վ. Մանուկյանի կարծիքով, մինչեւ նման որոշում կայացնելը՝ Արտավազդ Վարդանյանը պարտավոր էր հարցը քննարկել կուսակցությունում, քանի որ հանձնաժողովում նա ներկայացնում էր Վ. Մանուկյան նախագահի թեկնածուին, իսկ վերջինս կուսակցության կողմից էր առաջադրվել: Հակառակ այս պնդման, Ա. Վարդանյանն էլ նկատեց. «Հանձնաժողովը որդեգրել էր մի սկզբունք, որ հանձնաժողովում յուրաքանչյուրը ներկայացնում է իրեն, ոչ թե կուսակցությունը կամ կուսակցության լիդերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել