Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն «Ժառանգության» նման ընդդիմություն չէ

Սեպտեմբեր 25,2009 00:00

Հատվածներ «Հայելի» ակումբում երեկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանի բանավեճից:

Զարուհի. Որեւէ մեկը չի կարող ժխտել, թե Ռոբերտ Քոչարյանից հետո ՀՅԴ-ն չի սատարել նաեւ Սերժ Սարգսյանին: Եվ հայ-թուրքական արձանագրությունները հենց այնպես ստեղծված փաստաթղթեր չեն՝ դրանք եղել են շրջանառության մեջ: ՀՅԴ-ն էլ սատարել է Սերժ Սարգսյանին՝ փաստացի նախկինում եղել է իշխանություն, ու հիմա էլ չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կարծում եմ, միայն պահանջել արտաքին գործերի նախարարի հրաժարականը՝ այս պարագայում ինչ-որ վերջնական խոսք չասել եւ պահանջատեր չլինել է:

Ռուզան. Այո, ՀՅԴ-ն մաս է կազմել իշխանությանը, քանի որ մենք հստակ գիտեինք, որ անկախ Հայաստանի առջեւ ազգային բազմաթիվ խնդիրներ են ծառանալու: Իշխանության մեջ գտնվելով՝ մենք կարող էինք (եւ արել ենք) կանխել այնպիսի գործողություններ, որոնք կարող էին լուրջ փաստերի առջեւ կանգնեցնել, ինչպես այսօր:

Այժմ էլ մենք ցնցումներ առաջացնող քայլերի չենք գնալու, որովհետեւ այն քաղաքական ուժը, որը ծայրահեղության դիմելով փորձում է խնդիրներ լուծել՝ ես կարծում եմ, նրա պայքարի բոլոր ձեւերը սպառված են: Իսկ ՀՅԴ գործելակերպի եւ մտքի մեջ ընդհանրապես չեն սպառվում իր երկրին ծառայելու, իր երկրի համար գործեր անելու ձեւերն ու մեթոդները։ Մենք այսօր ընտրել ենք ա՛յս ձեւը՝ վաղը կընտրենք մեկ ուրիշ բան: Եվ եթե ասում ենք` մեր պայքարը չի վերջանալու, նշանակում է, որ մենք ունենք տարբեր ձեւեր ու մեթոդներ, որոնցով պիտի պայքարենք: Իսկ այսօր որեւէ էքսցենտրիկ քայլի գնալ, որեւէ կուլմինացիոն կետի հասցված պայքարի հասնել, նորից ցնցել Հայաստան աշխարհը, որից ուրախանան մեր թշնամիները եւ սպասում են դրան՝ մենք չենք կարող:

Զարուհի. Շատ լավ է, որ այս պահին փորձում եք ձեր դերակատարություն փոխել, ձեր վարքագիծն ու քաղաքականությունն եք փորձում ուղղել: Բայց կարող եմ ասել, որ շատ-շատ՝ բազմաթիվ քաղաքացիներ կգային, արագ կստորագրեին ձեր առաջարկները (իհարկե, նաեւ խմբագրումներով), եթե հավատային ձեր կուսակցության ղեկավարներին, որոնք շատ հաճախ ԱԺ-ում հանդես են գալիս մեծ քննադատությամբ, բայց քվեարկում են այդ քննադատությանը հակառակ:

Ռուզան. Այդպիսի փաստ չկա՛: Այդպես հռետորական կարելի է վարկաբեկել ցանկացած մեկին:

Զարուհի. Չեմ ցանկանում վարկաբեկել՝ բացարձակապե՛ս նման խնդիր չկա: Նայեք ձեր քվեարկություններն ու ելույթները:

Ռուզան. Դուք պատգամավոր եք, ի՞նչ եք անում այսօր՝ կանխելու այն վտանգները, որոնց մասին բարձրաձայն խոսում եք:

Զարուհի. Ես իմ համախոհների հետ գնացել եմ նախագահի նստավայրի մոտ, այնտեղ հայտնել եմ իմ բողոքի ձայնը, ասել, որ նախաստորագրված արձանագրություններն ուղղակի դավաճանություն են, հող հանձնողը դավաճան է:

Ռուզան. Դա էլ է հայտարարություն: Կոնկրետ գործողություն անեիք՝ որպես պատգամավոր: Որեւէ օրենքի փոփոխությամբ, նախաձեռնությամբ հանդես գայիք:

Զարուհի. Հայտարարություն չէ. ես կոնկրետ գործողություն եմ կատարել որպես պատգամավոր եւ որպես քաղաքացի:

Ռուզան. Նորից կրկնում եմ՝ մենք, այո՛, եղել ենք կառավարության մաս…

Զարուհի. Ես գտնում եմ, որ դուք այս պահին էլ եք իշխանության մաս կազմում:

Ռուզան. Ինչո՞ւ, որովհետեւ ձեր նման ընդդիմություն չե՞նք, դրա համա՞ր ենք իշխանության մաս:

Զարուհի. Հստակ տարանջատում է պետք: Եթե իշխանության մեջ չեք՝ ինչո՞ւ է Արմեն Ռուստամյանը ղեկավարում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Ռուզան. Որպեսզի կարողանա հայ-թուրքական հարաբերությունների լսումներ պարտադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել