Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՄԱՆՔ «ԳՈՐԾԻՑ» ԿԶՐԿՎԵՆ

Սեպտեմբեր 25,2009 00:00

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի «սուբյեկտիվ» կարծիքով՝ եթե հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան, որոշ քաղաքական ուժեր անգործ կմնան:

«Իմ դատողությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման վերաբերյալ համարեք սուբյեկտիվ, ավելին, հակված չեմ դրանց ձեւավորումը գոնե առայժմ տեսնել քաղաքական եւ տնտեսական նեգատիվ հետեւանքների համատեքստում: Համոզված եմ, որ նման մոտեցման պարագայում, անկախ ամեն ինչից, մարդու ուղեղում կծագեն այնպիսի, այդ թվում նաեւ անհեթեթ մտքեր, որ մինչեւ անգամ չափազանց իրատես եւ փորձված անձը կարող է դադարել այս ուղղությամբ մտածելուց:

Դրա փոխարեն պետք է վերջապես ձերբազատվել կարծրացած բարդույթներից ու խորհել՝ արդյոք մինչեւ Երկիր մոլորակի վերջը մենք պետք է մնանք թշնամինե՞ր: Բանական որեւէ մեկը իրավունք չունի նման միտք կրելու, ավելին, այն բարձրաձայնելու: Ինչ վերաբերում է արժանապատիվ լինելուն, ապա արժանապատվությունը յուրաքանչյուր մարդու եւ ազգի անօտարելի սեփականությունն է, պարզապես նախ պետք է ունենալ արժանապատվություն, իսկ ունենալու դեպքում անհրաժեշտ է այն սրբությամբ պահպանել եւ զարգացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ներկայացնելով իր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների, նախաստորագրված արձանագրությունների եւ սահմանի բացմանը վերաբերող հարցերի շուրջ այս օրերին ընթացող քննարկումների վերաբերյալ՝ ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ըստ որոշ վերլուծությունների, եթե սահմանը բացվի եւ հայ-թուրքական հարաբերությունները որոշ չափով կարգավորվեն, Հայաստանը այլեւս կզրկվի Թուրքիայի հետ հավասարը հավասարի մակարդակով հարաբերվելու հնարավորությունից: Մեր զրուցակիցը այս կարգի դատողությունները իրատեսական չի համարում, իսկ հավասարության մասին ունի իր հատուկ կարծիքը. «Հավասարության մասին արծարծումներին դեռեւս պատանի տարիներից վերաբերվել եմ մեղմ ժպիտով, քանի որ չեմ կասկածում, որ դրանք շրջանառության մեջ է մտցրել մոլորակը կառավարող ազգը՝ միամիտներին ապակողմնորոշելու համար: «Հավասար, հավասարություն» հասկացողությունները գրված են միայն թղթի վրա, իսկ իրականում գործում են տիեզերական մտքի սկզբունքները: Հայ-թուրքական հարաբերությունների կայացմանն ու զարգացմանն ուղղված նախաստորագրված արձանագրությունները, իմ համոզմամբ, այն կարեւորագույն հիմքն են, ինչը թույլ է տալիս սկսել մի գործընթաց, որը երկու երկրների համար էլ չափազանց կարեւոր է:

Իսկ ինչ վերաբերում է վախվորած, միակողմանի, ապագայում «գործը» կորցնելու սարսափով պայմանավորված, այսպես կոչված՝ «մեկնաբանություններին», ապա դրանք, մեղմ ասած, մարդուն հանում են հավասարակշռությունից: Հատկապես այն պահը, ըստ որի, արձանագրությունները ներկայացվում են որպես այլ գալակտիկայից ուղարկված եւ փոփոխության ոչ ենթակա փաստաթղթեր, իսկապես զայրացնում է»:

Պատասխանելով մեր հարցին՝ ինչպիսի՞ ազդեցություն կունենա սահմանի բացումը մեր երկրի տնտեսության զարգացման վրա, Վարդան Բոստանջյանը որոշակի զուգահեռ անցկացնելով՝ նկատեց. «Մեր տնտեսության մեջ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, արձանագրվել է որոշակի անկում, սակայն չեմ կարծում, որ դրանից պետք է ողբերգություն սարքել: Ինչ վերաբերում է տնտեսական զարգացմանը, առավել եւս, եթե նախորդ ժամանակները որպես այդպիսին են որակվում, եւ իսկապես այդպիսին են եղել, ուրեմն, դա եւս նշան է այն բանի, որ մենք շատ մոտ առաջիկայում չենք ունենալու պրոբլեմ՝ վերստին վերականգնելու մեր բաց թողածը եւ առաջ անցնելու: Ինչը, ես վստահ եմ, կկատարվի: Ինչ վերաբերում է մեր երկրի անկախ լինելուն եւ տնտեսության զարգացմանը, ես լավատես եմ, բայց եւ հասկանում եմ, որ մեր տնտեսության զարգացումը միայն մեր ցանկություններից չի կախված, պետք է լինեն նաեւ համապատասխան արտաքին տնտեսական պայմաններ: Անկախ ամեն ինչից՝ համոզված եմ, որ մեր երկրի զարգացումը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել