Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱԿ-Ը ԼՔԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԿԱ

Սեպտեմբեր 25,2009 00:00

\"\"Հստակեցնում է ՍԴՀԿ վարչության անդամ, Համահնչակյան կենտրոնի սոցիալական հարցերով խորհրդական Արարատ Մկրտչյանը:

– Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարի վերաբերյալ Սփյուռքի եւ Հայաստանի հնչակյանների դիրքորոշումները, կարծես թե տարբերվում են. Սփյուռքում ավելի հստակ են վերաբերվում այդ խնդրին՝ «ոչ մի թիզ հող», իսկ հայաստանյան կառույցը անդամակցելով ՀԱԿ-ին՝ քիչ այլ մոտեցումներ ունի:

– Ես չեմ կարծում, որ Սփյուռքում եւ Հայաստանում բնակվող հնչակյանների միջեւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ տարաձայնություններ եղել են կամ էլ կան: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, այնպես էլ հնչակյան կուսակցությունում, կարող են լինել ներքին քննարկումներ, բայց մեր միասնական որոշումն արդեն ի ցույց աշխարհի ներկայացվել է թե՛ հայաստանյան կառույցի, թե՛ կենտրոնական վարչության հայտարարությունների տեսքով:

– Այդ «միասնական որոշումը», որը ենթադրաբար կհաստատվի համագումարում՝ սեպտեմբերի 26-ին, կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի ՍԴՀԿ-ն լքի ՀԱԿ-ը, հենց այն պատճառով, որ ՀԱԿ-ում ոչ բոլորն են ընդունում «ոչ մի թիզ հող» կարգախոսը:

– ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի անդամ չի դարձել նրա համար, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններ քննարկի: ՀԱԿ-ում, ինչպես մնացյալ կուսակցությունները, այնպես էլ ՍԴՀԿ-ն ունի իր առանձին գաղափարախոսությունը, որը գալիս է 123 տարիների խորքից, եւ մենք երբեւիցե որեւէ դաշինքի կամ ուժի նպաստելու համար չենք փոխի մեր գաղափարախոսությունը: Այլ հարց է, որ մենք հարգում ենք նաեւ ՀԱԿ-ում եղած բոլոր կուսակցությունների դիրքորոշումները: Հայ-թուրքական հարաբերությունները, Հայ դատի, ԼՂՀ խնդիրները՝ հնչակյան կուսակցության տարիների պայքարի խնդիրներն են եղել եւ կլինեն, ու դրանք որեւիցե կերպ կապված չեն ՀԱԿ-ին անդամակցող մեր դաշնակիցների դիրքորոշումների հետ:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ից դուրս գալուն, ապա սա համահնչակյան համագումար է, որտեղ հայաստանյան կառույցի քաղաքական դիրքորոշումների խնդիրները չեն քննարկվելու: ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ոչ կարճաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ ծրագրերում նման հարց չկա, իսկ կուսակցության հայաստանյան կառույցը միանգամայն ինքնուրույն, սեփական որոշումներ կայացնող կառույց է:

– Իսկ ՍԴՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում Դաշնակցության ակցիաներին:

– Մենք հարգում ենք յուրաքանչյուր կուսակցության մոտեցումներն ու գործունեությունը: Եթե ՀՅԴ-ն մտածում է, որ այդ ճանապարհով կարող է հասնել հայ-թուրքական հարաբերությունների՝ տվյալ ձեւաչափով զարգացման ձախողմանը, մենք միայն հաջողություն ենք մաղթում նրանց:

– Այդ հարթությունում Դաշնակցության հետ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Այս պահին նման օրակարգ չկա: Մոտ ապագայի կտրվածքով էլ նման՝ նույնիսկ խոսակցություններ չեն եղել:

– Տարիներ շարունակ խոսվում է համահնչակյան կենտրոնը Հայաստան տեղափոխելու մասին, բայց դա այդպես էլ իրականություն չի դառնում: Համայն հնչակյանների՝ Հայաստանում տեղի ունեցող թվով երկրորդ համագումարում կլուծվի՞ այդ հարցը:

– Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, համագումարից հետո բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն:

– Իսկ ի՞նչ հարցեր են լինելու օրակարգում:

– Օրակարգը դեռ վերջնական տեսք չունի, բայց քննարկման նյութ կդառնան թե հայ-թուրքական հարաբերությունները, թե սոցիալական խնդիրներ, բացի Հայաստանից, հնչակյան կուսակցությունն աշխարհի 22 երկրներում իր կառույցներն ունեցող կուսակցություն է, իսկ յուրաքանչյուր գաղութ ունի իր խնդիրները՝ սկսած դպրոցներից, վերջացրած հայատառ պարբերականներով, Հայ դատի լոբբիստական հարցերով: Այս բոլոր խնդիրները քննարկման առարկա են դառնում հենց համահնչակյան բարձրագույն հավաքի ժամանակ:

– Համագումարում լինելու են նաեւ փակ ֆորմատով քննարկումներ, մենք սովոր ենք, որ Դաշնակցությունն է այդպիսի համագումարներ անում:…

– Հայ իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն իր գոյության 123 տարիների ընթացքում միշտ էլ ընդունելի է համարել նման աշխատակարգը: Կլինեն բաց քննարկումներ էլ, բայց կան կուսակցության ներքին կյանքին վերաբերող հարցեր, որոնք հանրային սեփականություն դարձնելը պարտադիր չէ: Համագումարից հետո տեղեկատվություն կտարածվի, եւ բոլորին էլ հասանելի կլինի հարցերի ու որոշումների շրջանակը, որոնք քննարկվել եւ կայացվել են համագումարի ընթացքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել