Վստահեցնում է տիկնիկագործ Լեւոն Աբրահամյանը
Լեւոն Աբրահամյանը մանկուց էր երազում տիկնիկագործ դառնալ: Հիշում է՝ փոքր էր, թղթի տուփերի վրա իր սիրած մուլտֆիլմերի հերոսներին էր պատկերում: Ստեղծագործում էր օր ու գիշեր, շատ էր կապված իր ստեղծած հերոսների հետ: Մի օր պատահաբար հանդիպում է Արմեն Սաֆարյանին, ով Տիկնիկային գործիչների միության նախագահն է: «Նա ինձ ասաց, որ մի երեխա հեքիաթ է գրել չարաճճի ուլիկի մասին, ու ինձ վստահեց ներկայացման ամբողջ նկարազարդումները: Հենց այդպես ճակատագիրը ինձ տարավ թատրոն»,- ասում է Լեւոնը:
Ի դեպ, նրա հայրն ու եղբայրը նկարիչներ են: «Հայրս հանդուրժող է ու երբեք չի խառնվել մասնագիտությունս ընտրելու հարցում: Մինչեւ հիմա նրա խոսքը ականջներումս է. «Ամեն ինչ էլ կարելի է անել, բայց դու պետք է լավ անես»,- հավելում է նա:
Տիկնիկագործը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանի նկարչական բաժնում, իսկ հետո ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի նկարչական բաժինը:
Լեւոնը թատրոնի հետնաբեմում հաճախ էր տեսնում, թե ինչպես են արհեստավարժ դերասանները ներկայացնում տիկնիկներին: Որոշում է իրականացնել վաղեմի երազանքը՝ իր իսկ ստեղծած կերպարները վերածում է տիկնիկների:
«Առաջին պերսոնաժներս շատ խնամքով եմ պահում. դրանք հնդկացիների խմբեր էին, այլմոլորակայիններ»,- հիշում է Լեւոնը:
Տիկնիկագործը պատմում է, որ մարդ-տիկնիկ ստեղծելու գաղափար է ունեցել այն ժամանակ, երբ առաջին անգամ պատահաբար դիտել է «Իգրուշկա» ֆիլմը: «Տեսա ֆիլմն ու ասացի՝ սա հրաշալի նվեր կարող է լինել… թեկուզ՝ երեխաների համար: Որոշ ժամանակ անց ճանաչված դերասան Հրանտ Թոխատյանը, իմանալով իմ մտահղացման մասին, ասաց, որ իրեն նման տիկնիկներ են պետք՝ արտասահմանում իր ծանոթ-բարեկամներին նվիրելու համար»,- պատմում է Լեւոնը:
Առաջարկը ստանալով՝ նա շտապում է գործի անցնել, մի քիչ էլ երկմտելով՝ թե գործն ամեն դեպքում շատ պատասխանատու է: «Ճիշտն ասած, դա իմ առաջին աշխատանքն էր, որը բավական երկար ժամանակ խլեց: Հետո միայն հեռակա կարգով ինձ հաջողվեց ճշտել, որ Հրանտը շատ գոհ էր տիկնիկներից»,- ժպտում է Լեւոնը:
Դեբյուտային աշխատանքից հետո երիտասարդը սկսում է պատրաստել նաեւ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի կրկնօրինակը: «Պարոն Դովլաթյանը շատ էր զարմացել՝ տեսելով իր նմանակին: Նա չէր էլ սպասում, որ արդյունքը այսպիսին կլինի: Ընկերներս ասում են՝ նա երկար նայում էր տիկնիկին ու գրկից չէր հանում, մինչեւ ընտելացավ նրա գոյությանը: Հետո էլ՝ ընկերներին կատակով ասել է, թե՝ ես միշտ էլ տանն եմ, եկեք, տեսեք ինձ»,- պատմում է տիկնիկագործը:
Իր կրկնօրինակին տեսնելիս պակաս ոգեւորված եւ հիացած չէր նաեւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: «Այնքան հաճելի զգացումներ ունեմ այս պահին, որ ցանկանում եմ մենակ մնալ «ինձ» հետ»,- ասել է Ա. Գրիգորյանը՝ առաջին անգամ տեսնելով տիկնիկին, որ ասում են՝ փակցրել է իր աշխատասենյակի պատին: Երբ ռեժիսորը նյարդայնացած կամ զայրացած է լինում, տիկնիկը նրա տրամադրությունը կարողանում է բարձրացնել:
Բացի տղամարդ տիկնիկներից, Լեւոնին դժվարությամբ հաջողվում է ստեղծել նաեւ կին տիկնիկներ: Առաջինը նրա «թիրախում» «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանի կրկնօրինակն է եղել:
«Խոստովանեմ, որ կին տիկնիկ պատրաստելն ավելի դժվար է, քան, ասենք, հինգ տղամարդ տիկնիկ պատրաստելը: Այն ավելի աշխատատար է, բայց, կարծում եմ՝ հենց առաջին տիկնիկը հաջողված էր»,- նշում է Լեւոնը:
Բացի հայտնի մարդկանց «կրկնօրինակելուց», Լեւոնը մասնակցում է համաշխարհային տիկնիկային փառատոների: «Վերջերս մասնակցում էի մի տիկնիկային փառատոնի, որ կոչվում էր՝ «Միլիոն տիկնիկ»: Այն զուտ բարեգործական բնույթ էր կրում: Մեր պատրաստած տիկնիկները նվիրում էինք ամբողջ աշխարհի կարիքավոր երեխաներին», -ասում է Լեւոնը:
Նա տիկնիկային գործիչների «Ունիմա» միջազգային միության անդամ է:
Կես կատակ Լեւոնից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է հետեւի Մադամ Տյուսոյի օրինակին ու մոմե արձանիկների փոխարեն մարդ-տիկնիկների թանգարան հիմնի Երեւանում: «Հետաքրքիր գաղափար է: Անկեղծ ասած, առայժմ մտադիր եմ առաջիկայում ցուցադրել աշխատանքներս, հետո կմտածեմ»,- պատասխանեց տիկնիկագործը: