Կամ հայ ֆանատը՝ իր կուռքի մասին
Այս տարվա ապրիլից ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան անցկացնում է հրաժեշտի հյուրախաղեր: Մոսկվայից, Ուկրաինայից, Պետերբուրգից, Բաքվից եւ Իսրայելից հետո հերթը Հայաստանինն է: Ինչպես հայտնի է, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25-ին լեգենդար երգչուհին հանդես կգա շոու ծրագրով: Կարիք չկա ներկայացնել մի քանի սերունդների սիրելի երգչուհուն, դրա համար էլ «Առավոտը» զրույցի է հրավիրել Պուգաչովայի ֆանատներից Էմմա Կարապետյանին, որը, սկսած 1997թ., թերթերից ու ամսագրերից, հեռուստառադիոհաղորդումներից ու Ալլա Բորիսովնայի նորածին ժամանակվա ֆոտոներից կազմել է իսկական մի արխիվ: Նա սովորում է Մոսկվայի պետական տնտեսագիտական վիճակագրական եւ ինֆորմատիկայի համալսարանի երեւանյան մասնաճյուղում, ուզում է դառնալ ռադիոլրագրող հատկապես «Ռադիո Վանում» կամ «Ռուսկոյե ռադիոյում», հետագայում էլ համագործակցել «Ռադիո Ալլայի» հետ:
Հանրությանը հայտնի են երգչուհու անձնական կյանքին նվիրված աշխատությունները՝ «Պուգաչովայի 100 սիրեկանները», «Պուգաչովայի 20 տղամարդիկ»: Ֆանատից հետաքրքրվեցինք՝ կա՞ խիստ անձնական բնույթի այնպիսի փաստ՝ կապված երգչուհու հետ, որը դեռ քչերի սեփականությունն է: Էմման հայտնեց, որ Ռուսաստանում տարածված ասեկոսեների արդյունքում, որոնք սկսվել էին դեռեւս 1980-ականներից, Պուգաչովան միայն 1999թ. խիստ անձնական գաղտնիք է բացել, որից հետո այդ թեմային այլեւս չի անդրադարձել: Խնդրեցինք տեղեկացնել այդ սկանդալային հարցազրույցի մասին: «1980-ականների սկզբներին Ալլա Բորիսովնան ծանոթանում է շվեդական TV-ից «Յակոբի աստիճանները» հաղորդման հեղինակ եւ վարող Յակոբ Դալինի հետ, որը 1990-ին սպիդից մահացել է: Պուգաչովան հավաստիացնում է, որ իրենք միասին չեն ապրել, պարզապես լրացրել են մեկը մյուսին եւ խոստացել միայն 90 տարեկանում ամուսնանալ: Ի դեպ, մահանալուց Յակոբը խնդրել է Ալլային կատարել իր 3 երազանքը՝ մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին, որն իրականացրեց երգչուհին 1997թ., դուետով հանդես գալ գեյ երգչի հետ. Բորիսովնան Չայկովսկու անվան դահլիճում ելույթ ունեցավ Լոս Անջելեսից 135 գեյերից կազմված երգչախմբի հետ, եւ ամուսնանալ գեյի հետ»,- տեղեկացրեց Էմման:
Մեր դիտարկմանը, թե Գալկինի հետ համատեղ կյանքը գուցե Յակոբի երրորդ խնդրանքն է, մեր զրուցակիցն ասաց. «Հայտնի է, որ Գալկինը տարիներ շարունակ համատեղ ապրել է ճանաչված հումորիստ Սերգեյ Դրոբոտենկոյի հետ, բայց ես չեմ կարող ինձ վրա պատասխանատվություն վերցնել եւ հայտարարել, որ դա Յակոբի վերջին խնդրանքի կատարումն է: Իմ կարծիքով, Բորիսովնան մեծահոգի է Գալկինի նկատմամբ, վերջինիս պարզապես օգնում է ստեղծագործական կյանքում: Նկատենք, որ մինչ այսօր Գալկինը այս կամ այն առիթով կոնկրետ բան չի ասել երգչուհու հետ իր համատեղ կյանքի մասին, փոխարենը Պուգաչովան հաճախ է ակնարկել այդ մասին, ասելով, օրինակ, որ լուսադեմին դժվարությամբ է արթնացնում Մաքսիմին՝ հյուրախաղերի ճանապարհելու նպատակով կամ արթնանալիս նրա մազերը ահավոր խուճուճ են մինչեւ հարդարելը եւ այլն»: Ֆանատից հետաքրքրվեցինք նաեւ, թե, իր կարծիքով, բեմը թողնելուց հետո իր կուռքը ինչո՞վ է զբաղվելու: Էմման ասաց. «Նախ Ալլա Բորիսովնան այսօր էլ իր հիմնած «Ռադիո Ալլայում» ունի հաղորդաշար, արդեն «Սովրեմեննիկ» թատրոնի գլխավոր ռեժիսոր Գալինա Վոլչեկից հրավեր է ստացել: Համոզված եմ, որ նա ծնված է նաեւ կինոյում նկարահանվելու համար: Ժամանակին Նիկիտա Միխալկովը Ալլային տեսնում էր կոմիկական կերպարում եւ, ի վերջո, նա կգրի հուշեր, մանավանդ որ, երգչուհուն դուր չեն եկել իր ամուսինների՝ ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչի եւ Եվգենի Բոլդինի հարցազրույցները, որտեղ վերջիններս բացել են Ալլայի մասին իրենց ընտանեկան որոշ գաղտնիքներ»: