Թողարկվել է Արամ Խաչատրյանի անվան տրիոյի առաջին ձայնասկավառակը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրիոյի անդամներ, դաշնակահար Արմինե Գրիգորյանի եւ թավջութակահար Կարեն Շահգալդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ շնորհանդես: Ձայնասկավառակում տեղ են գտել Ա. Բաբաջանյանի եւ Դ. Շոստակովիչի ստեղծագործություններից:
Կ. Շահգալդյանի խոսքով, ձայնասկավառակը հայ-ռուսական մշակույթը միավորելու նպատակ ուներ. այդ են վկայում սկավառակի վրա պատկերված երկրների մշակույթների սիմվոլները՝ Շագալի եւ Արշիլ Գորկու նկարները, Նարեկացու եւ Գումիլովի քառատողերը: «Եթե լսեք ձայնագրությունները, ինքներդ կհամոզվեք, որ նկարների ընտրությունը երաժշտության հետ շատ դիպուկ է»,- վստահեցնում է Կ. Շահգալդյանը:
Սեպտեմբերի 27-ին տրիոն կհյուրընկալվի «Սթար Սիթի» խանութ-սրահում, որտեղ էլ տեղի կունենա ձայնասկավառակի վաճառք-շնորհանդեսը:
Տրիոն առաջիկայում կնշի նաեւ իր գործունեության 10-ամյակը: Այդ առիթով սեպտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ: Կ. Շահգալդյանը հավաստիացրեց, որ դեկտեմբերին էլ նախատեսվում է հաջորդ հոբելյանական համերգը, իրենք էլ հանդես են գալու նաեւ մարզերում:
Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում արդեն մեկ տարի շարունակ տրիոն կազմակերպում է DVD ցուցադրումներ: «Թանգարանն ունի հարուստ ձայնադարան, ներկայացնում ենք դասականների մասին ֆիլմեր ու համերգներ»,- հայտնեց Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ հերթական ցուցադրումը կլինի սեպտեմբերի 24-ին: